«Ե՞րբ է ավարտվելու պատերազմը. Այն խեղաթյուրում է մեր բոլորի ուղեղներն ու հոգիները». Ռուբեն Բաբայան

Հարցազրույց Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ

– Պարոն Բաբայան, ինչո՞ւ է բևեռացված մեր հասարակությունը, ինչո՞ւ է ամեն ինչ մեզ մոտ բաժանվում սպիտակի և սևի:

– Հասարակության բևեռացումը գալիս է հասարակության թերի զարգացումից: Շատ ավելի հեշտ է բաժանել դրական կամ բացասական եզրերի՝ մոռանալով, որ յուրաքանչյուր մարդ՝ սկսած ամենացածր խավից մինչև նախագահ, վարչապետ, ունի իր բացասական կողմերը: Որևէ մեկի գործունեությունը հնարավոր չէ գնահատել միայն դրականով կամ միայն բացասականով: Երբ մենք խոսում ենք արդար դատավարության մասին, դա նրա համար չէ, որպեսզի մեկին նստեցնես, մեկին ազատ արձակես, այլ, որպեսզի հասարակ քաղաքացիները տեսնեն, թե որն է արդարությունը. լսենք բոլոր կողմերին և տեսնենք դատարանին՝ որպես արդար վճիռ կայացնող: Մենք, ցավոք սրտի, շարունակում ենք մտածել, որ դատարանն ունի մեկ խնդիր՝ կնստացնի՞, թե՞ ոչ, այլ ոչ թե՝ կիրականացնի՞ արդար դատավարություն, թե՞ ոչ: Եվ հանրության մեծ մասը բաժանվել է երկու ճամբարի՝ թող նստի, կամ թող ազատվի:

Եղբայր, եկեք՝ արդարադատություն լինի, սա է կարևորը, և արդարադատության արդյունքում կորոշվի՝ պետք է նստի՞, թե՞ ոչ: Սա մեր վերաբերմունքն է, թե դատարանից ի՞նչ ենք պահանջում, և պատրա՞ստ ենք արդյոք մենք համաձայնել նույնիսկ այն որոշումների հետ, որոնք միգուցե այդքան էլ հաճո չեն մեզ: Սա է արդար, անկախ, իրական դատական համակարգը: Եթե նման պահանջ դնենք, կկարողանանք ունենալ նման դատական համակարգ, իսկ եթե նստացնելու կամ ազատելու պահանջ դնենք, չենք կարողանա:

– Հասարակության այս բևեռացումն ի՞նչ վտանգներով է հղի:

– Ցանկացած բևեռացում հղի է վտանգներով, որովհետև բերում է միակողմանի ընկալման: Ես կարող եմ չընդունել ձեր կարծիքները, կարող եմ վիճել, բայց չեմ կարող ձեզ մերժել՝ որպես անհատ, գիտե՞ք՝ ինչ պատճառներով, որովհետև այսօր ես համաձայն չեմ ձեր մտքերի հետ, վաղը, կարող է՝ միտք եք արտահայտում, որն ինձ հարազատ է, բայց քանի որ ես ձեզ եմ մերժել՝ որպես անհատ, ես ստիպված մերժում եմ նաև ձեր այն մտքերը, որոնք ինձ հարազատ են, և ընկնում հիմար վիճակի մեջ: Մեր վեճը դառնում է անձնական, այլ ոչ թե գաղափարական: Եվ երբ ես ձեզ չեմ մերժում՝ որպես անհատ, մենք միշտ իրար հետ լեզու կգտնենք, որովհետև որպես մարդ՝ մենք իրար հարգում ենք, և հարգում ենք այնքանով, ինչքանով նույնիսկ իրարից տարբեր ենք, նաև հասկանում ենք, որ սեփական տեսակետն արտահայտելու, հաստատելու համար ես բացարձակապես կարիք չունեմ ձեր կոկորդը կտրելու, ոչ էլ դուք՝ իմը:

Երկու օր առաջ փողոցում մի տաքսի տեսա, որի վրա գրված էր՝ «Ո՜վ հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնական ուժի մեջ է. Եղիշե Չարենց». Չարենցը նման խոսքեր չի ասել, նա ասել է՝ հավաքական ուժի մեջ է: Տարբերությունը մեծ է: Միասնականը ենթադրում է կաղապար՝ բոլորս միասին նույն կերպ ենք մտածում, իսկ հավաքականը՝ մենք տարբեր ենք, ինչպես մեկ բռունցքի 5 տարբեր մատ: Բռունցքը դառնում է բռունցք, երբ մատները տարբեր են, եթե միայն ցուցամատ լիներ, բռունցք չէր դառնա: Այս մեր տարբերությունը մեր ուժն է, իսկ մենք դա փոխարինում ենք միասնականությունով, և ասում՝ իմ հետ չես, դուրս ես, թող գնա էս երկրից: Տեսեք, թե մեր ֆեյսբուքյան, մեղմ ասած՝ երկխոսության մեջ դա ինչքան է ընդունված՝ թողեք, հեռացեք այս երկրից: Եղբայր, քեզ ո՞վ է իրավունք տվել՝ քշել մարդկանց: Եկեք՝ փորձենք հասկանալ մարդկանց, և կտեսնենք, որ ուրիշին դատելու իրավունք չունենք, որովհետև մենք այնքան թերություններ ունենք:

– Իսկ ի՞նչը բերեց այս բևեռացմանը:

– Այդ թեման ընդհանրապես չի շոշափվում՝ պատերազմը: Մենք 30 տարի գտնվում ենք պատերազմի մեջ: Հնարավոր չէ պատերազմել և չունենալ թշնամու կերպար: Բայց երբ քո հոգու մեջ կա թշնամու պատկերացում, հետո դա սկսում է տեղափոխվել քո մտերիմների հանդեպ՝ ես քեզ հետ համաձայն չեմ, դու իմ թշնամին ես: Պատերազմի ամենավատ հատկությունը ոչ թե այն է, որ զոհվում են մարդիկ կամ դառնում հաշմանդամ, այլ պատերազմը խեղաթյուրում է մարդկային հոգեբանությունը: Սրան մենք չենք անդրադառնում, լռում ենք այս մասին, ընտրությունների ժամանակ այդ հարցը չենք շոշափում, քաղաքական գործիչներին այդ հարցը չենք տալիս, կամ, երբ տալիս ենք, ասում են՝ ես ինչ գիտեմ, ես ինչ պատասխանեմ, դուք ասեք: Ոչ, եղբայր, եթե ես իմանայի պատասխան, ես կփորձեի դառնալ քաղաքական գործիչ: Ես հո ձեզ չե՞մ ասում՝ եկեք՝ ինձ սովորեցրեք՝ ոնց բեմադրություն անեմ: Եթե ես զբաղվում եմ այս գործով, ուրեմն գիտեմ՝ դա ոնց անել: Բարի եղեք և դուք ունեցեք այդ հարցերի պատասխանը՝ ե՞րբ է ավարտվելու պատերազմը, որովհետև պատերազմը խեղաթյուրում է մեր բոլորի ուղեղներն ու հոգիները:

Մենք ունիկալ ազգ չենք, որ կարողանանք և՛ պատերազմել, և՛ բարի, հումանիստական վերաբերմունք ունենալ իրար հանդեպ, չի կարող նման բան լինել: Սրտի մեջ չի կարող միաժամանակ տեղավորվել և՛ ատելությունը, և՛ սերը, ինչ-որ մեկը կհաղթի:

– Այսինքն՝ այս իրավիճակը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել պատերա՞զմը:

– Այս իրավիճակը չի ավարտվի ավելի երկար ժամանակ, քան չի ավարտվել պատերազմը:

– «Կորուսյալ սերո՞ւնդ»:

– Այո, «կորուսյալ սերունդ»: Պետք է լավ ուսումնասիրել և՛ պատմությունը, և՛ գրականությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և պատերազմի ժամանակ Ռեմարկը, Հեմինգուեյը, այդ բոլոր հանճարեղ գրողները հո չմնացի՞ն այնտեղ: Եթե նրանք գրողներ են, որոնք կարդացվում են այսօր և տալիս որոշակի հարցերի պատասխաններ, պարզապես պետք է սրան լուրջ վերաբերվել, այլ ոչ թե՝ դե, գրել են ժամանակին, այն ժամանակվա մասին էր: Մեր մասին էր ամեն ինչ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս