«Սերժը ճիշտ էր, Նիկոլը՝ սխալ»

Ինչպես հայտնի է՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանը, որը մինչ այդ ժամանակահատվածը բանակցում էր Եվրոասոցացման համաձայնագրի վավերացման շուրջ, շատերի համար անակնկալ կերպով իր անդամակցության հայտը ներկայացրեց Եվրասիական տնտեսական միությանը, որի քաղաքական «կնքահայրը» Ռուսաստանն էր։ Ասել է թե՝  Սերժ Սարգսյանը ՀՀ զարգացման տեսլականն այդ աշխարհաքաղաքական և տնտեսական շրջափուլում տեսնում էր այդ միավորման շրջանակում։

ՀՀ-ում գործող արևմտյան կառույցներն ու արևմտամետ փորձագիտական դաշտի ներկայացուցիչները լայն թափով լծվեցին այս միացմանն ուղղված ամենատարբեր որակումներ ու քննադատություններ հնչեցնելուն։ Դա համարվում էր «հայկական պետականության կորուստ», «ՀՀ անկախության վերացում», «դավաճանություն»։

Նշենք, որ քաղաքական դաշտի ներկայացուցիչները և կուսակցությունները նույնպես սուր քննադատություն էին հնչեցնում ԵԱՏՄ անդամակցության փաստի առթիվ։ ԵԱՏՄ անդամակցությանն այն ժամանակ դեմ էր արտահայտվում նաև Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած «Ելք» դաշինքը, ի դեպ՝ հենց այս խմբակցությունն էլ նախորդ գումարման ԱԺ շրջանակներում ձեռնամուխ եղավ «ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս գալու» օրենսդրական նախաձեռնությամբ, որը, բնականաբար, չընդունվեց։

Հիմա մի քանի փաստական հիմնավորում, թե այն ժամանակ ի՞նչ էր ասում ընդդիմադիր, իշխանությունների թիվ մեկ քննադատ Նիկոլ Փաշինյանը։ 2017-ի սեպտեմբերին նա ԱԺ ամբիոնից հրապարակավ հայտարարել էր. «ՀՀ-ն ԵԱՏՄ-ում անելիք չունի, և ԵԱՏՄ անդամակցությունը լրջագույն սպառնալիքներ է ստեղծել ՀՀ տնտեսական, ռազմաքաղաքական և քաղաքական անվտանգության համար: Եվ վերջին երկու տարիները հիմնավորել են այս պնդումները, որովհետև Հայաստանի անդամակցության երեք տարում Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային հաշվարկով կրճատվել է 8 տոկոսով, զբաղվածության մակարդակը՝ 13 տոկոսով, միջազգային պահուստները՝ 40 տոկոսով, պետական պարտքն աճել է 10 տոկոսով»:

Փաշինյանը նաև նշել էր, որ քաղաքական առումով ԵԱՏՄ-ին անդամակցությունը շատ վտանգավոր է երկու պատճառով` ԵԱՏՄ գործընկերների կողմից անընդհատ առկա է արհամարհանք ՀՀ-ի նկատմամբ, և շատ ցինիկ միջամտություններ կամ նման փորձեր հայաստանյան ներքին գործերին:

Հիմա արդեն, վարչապետ դառնալուց հետո, Փաշինյանն ամենայն հավանականությամբ գիտակցում է այդ որոշման կարևորությունը և խորքային ենթատեքստերը։ Հուսանք՝ գիտակցում է, թե որքան կարևոր որոշում է ժամանակին կայացվել, ինչ անվտանգային ու աշխարհաքաղաքական ռիսկերի գնահատումից հետո է ընդունվել այդ անդամակցության գաղափարը։ Ժամանակին, այսպես ասած՝  «անդարդ» պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, միայն ամբոխահաճո պոպուլիզմին տրված, անհասկանալի տեքստեր էր ասում՝ խորամուխ չլինելով, թե իրականում ինչի մասին է խոսքը։ Փաստացի նա չգնաց աշխարհաքաղաքական արտաքին ռևերանսների, և դե ֆակտո, գոնե այս պարագայում, շարունակեց Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական գիծը։

Այստեղ, սակայն, կարևոր է ամրագրել մի կարևոր դրվագ. բոլորի համար միանշանակ պարզ է, որ Կրեմլում, բնականաբար, չեն մոռացել ժամանակին Փաշինյանի կողմից արված հայտարարություններն ու ընդգծված հակառուսական դիրքորոշումը։ Ավելին՝ ՀՀ-ում հակառուսական քաղաքականության գլխավոր ջատագովն էր (տեղին է հիշել նաև Փաշինյանի այն հայտնի հայտարարությունը, ըստ որի՝ ապրիլյան պատերազմը սադրվել էր ՌԴ-ի կողմից՝ Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու նպատակով)։ Այլևս ակնհայտ է, որ այն երկրները, ովքեր հակադրվեցին ՌԴ՝ ԵԱՏՄ անդամակցության առաջարկին, իրականում բախվեցին լուրջ խնդիրների հետ և պետության ներսում ունեցան կատարյալ քաոտիկ մի իրավիճակ։ Ասվածի վառ օրինակ են հանդիսանում Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, որոնք ներկայումս ունեն տարածքային խնդիրներ և փխրուն կայունություն։

Կոնկրետ նշված երկրներից Ուկրաինայում և հարևան Վրաստանում արդեն քանիերորդ անգամ փոխվեցին կառավարություններ, հրաժարականներ տվեցին նախագահներ։ Սա խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանի՝ 2013 թվականի ԵԱՏՄ անդամակցության որոշումն ուներ խորը դիվանագիտական եզրեր և մի քանի քայլ առաջ հաշվարկված տրամաբանական հանգուցալուծումներ։ Շատ հպանցիկ ներկայացնենք մի քանի տնտեսական բաղադրիչներ, որոնք արձանագրել է ՀՀ-ն ԵԱՏՄ անդամակցությունից հետո։

Սկսած 2016թ. ԵԱՏՄ անդամ երկրներում իրավիճակը մակրոտնտեսական ցուցանիշների առումով էապես բարելավվել է: 2016-2017թթ. ԵԱՏՄ անդամ երկրներ Հայաստանից արտահանումն ավելի քան կրկնապատկվել է: Սկսած 2016թ.-ից շարունակաբար բարելավվել են ապրանքաշրջանառության ցուցանիշները:

Հայաստանի մերօրյա արտաքին տնտեսական կապերի բովանդակությունն ու ուղղությունը պարզորեն ցուցադրում են տնտեսության հետագա զարգացման իրական վեկտորը: Այս ամենով հանդերձ, և փաստերն են դրա մասին վկայում, որ Սերժ Սարգսյանի կայացրած որոշումն իմաստուն էր, և դա ապացուցում է հենց Փաշինյանը՝ այդ ուղուց չշեղվելով։ Ստացվում է այնպես, որ Սերժը ճիշտ էր, Նիկոլը սխալվեց։

ԱՐՄԵՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս