«Քննարկում ենք նախարարության հետ, որ ինչ-որ լուծում գտնենք». Վահե Վարսանյան

Հուլիսի վերջին «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը հոդված էր հրապարակել՝ հայտարարելով, որ դեղերի շրջանառության ոլորտում իրավիճակն ավելի վատ է, քան երբևէ:

Ըստ նրա՝ 2016 թվականին ընդունված «Դեղերի մասին» օրենքով առաջիկա ամիսներին ուժի մեջ է մտնելու հետաձգված այն դրույթը, որ նույն ընկերությունն իրավունք չունի զբաղվելու միաժամանակ և՛ մեծածախ, և՛ մանրածախ վաճառքով, մինչդեռ օրենքի այս դրույթն ընդունվել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անձնական հետաքրքրությունները սպասարկելու նպատակով:

168.am-ը Վ. Վարսանյանից հետաքրքրվեց՝ կառավարությունից կա՞ որևէ արձագանք։

«Քննարկում ենք նախարարության հետ, որ ինչ-որ լուծում գտնենք։ Անցած շաբաթ մեր կազմակերպության ներկայացուցիչը հանդիպել է նախարար Արսեն Թորոսյանի, երեկ՝ փոխնախարար Անահիտ Ավանեսյանի հետ, խնդիրները ևս մեկ անգամ բարձրացրել է։ Այժմ սպասում ենք պատասխանին»,- ասաց տնտեսվարողը։

Ըստ նրա՝ ներկայիս կառավարությունը ևս գտնում է, որ դեղերի մեծածախ վաճառքով զբաղվող ընկերություններին միաժամանակ մանրածախ վաճառքով զբաղվելու իրավունքից զրկելը դրական կազդի փոքր բիզնեսի վրա.

«Հարցն այժմ այն է, որ օրենքի կիրառումը հետաձգվի առնվազն 1 տարով, որպեսզի ընկերությունները կարողանան հասցնել անհրաժեշտ փոփոխություններն իրականացնել, քանի որ բազմաթիվ մանր հարցեր կան, որոնց լուծումը ժամանակ է պահանջում՝ վերալիցենզավորում, տարածքների վարձակալություն, պայմանագրերի կնքում և այլն։ Խոսքը միայն մեր մասին չէ, բազմաթիվ ցանցային ընկերություններ կան»։

Տեսանյութեր

Լրահոս