«Ակնհայտ է, որ կոռուպցիան վերևից կառավարվող չի». Սոնա Այվազյան

«Կախված է ընկալումից, թե ինչ ասել է՝ համակարգային կոռուպցիա։ Եթե խոսքը վերաբերում է նրան, թե նախկինում կոռուպցիան ինչպես էր աշխատում՝ ներքևից վերև, և արվում էր առաջին մարդու գիտությամբ, արվում էր նրա հովանու ներքո, նրա հրամանով, կոռուպցիոն բուրգ էր, հիմա դա գոյություն չունի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը՝ մեկնաբանելով այսօր Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ համակարգային կոռուպցիան Հայաստանից արմատախիլ է արվել։

Դիտարկմանը, որ շարունակվում է ծանոթ-խնամի-բարեկամներին տարբեր պաշտոնների նշանակման նախկին ավանդույթը, ԹԻ ղեկավարը պատասխանեց, որ առանձին տեղերում կան կոռուպցիայի առանձին դրվագներ, որ հնարավոր է՝ աշխատանքի են ընդունում իրենց ծանոթներին, շահերի բախումների իրավիճակում են հայտնվում, բայց նախկին ծավալով ու համակարգված կոռուպցիա չկա։

Թե հակակոռուպցիոն պայքարում ի՞նչ ինստիտուցիոնալ խնդիրներ կան, որոնց մասին խոսեց նաև վարչապետը, Ս.Այվազյանը նշեց, որ խնդիրներ կան պաշտոնյաների աշխատավարձերի, կարողությունների, ավանդույթների մասով, որ դեռ մնացել են ԽԾԲ-ի հետ կապված.

«Կաշառքը միանշանակ մնացել է, մնացած արատավոր պրակտիկաները՝ վստահ չեմ։ Բայց ակնհայտ է, որ կոռուպցիան վերևից կառավարվող չի»։

Տեսանյութեր

Լրահոս