«Մանդատ վայր դնելը չեմ բացառում, թեև քիչ հավանական եմ համարում, բայց մի 20 հոգանոց խումբ կարող է անջատվել ֆրակցիայից». Կարեն Քոչարյան

Ամուլսարի շուրջ քննարկումներին հընթացս՝ թեժանում են կրքերն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում։ Պատգամավորների մի մասը հստակ դեմ է արտահայտվում հանքի շահագործմանը, մի մասը՝ կողմ, մի մասն է դեռ լուռ է։ Հնչում են տեսակետներ, թե «մեկ-երկու պատգամավոր չէ, որ կարող է թողնել-հեռանալ, այլ ֆրակցիայի մի զգալի հատված»։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը 168.am-ի հետ զրույցում չբացառեց, որ իշխանական խմբակցության տրոհում կլինի։ Ըստ նրա՝ արդեն թվեր են շրջանառվում՝ մոտ 20 հոգի։

«Ընդ որում՝ սա միայն Ամուլսարի հետ կապված չէ, նաև Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված կան խնդիրներ։ Մանդատ վայր դնելը չեմ բացառում, թեև քիչ հավանական եմ համարում, բայց մի 20 հոգանոց խումբ կարող է անջատվել ֆրակցիայից»,- ասաց Կ.Քոչարյանը։

Նա հիշեցրեց, որ դեռ անցած տարի է ինքն ասել, որ իշխանությունների ընդդիմությունը ծնվելու է հենց «Իմ քայլը» խմբակցության կազմից։ Կ.Քոչարյանի խոսքով՝ իշխանական պատգամավորները խուսափում են «պառակտվել» բառից, բայց 20-22 հոգու դուրս գալը կնշանակի 2 տարբեր մասերի բաժանում՝ մեծաթիվ և փոքրաթիվ։

Փորձագետը չբացառեց, որ լինեն պատգամավորներ, որ հրաժարվեն մանդատից, որի դեպքում նրանց տեղերը կլրացնեն «Իմ քայլի» ընտրացուցակով հաջորդ անձինք, և խմբակցությունը կշարունակի միատարր գործել։

Տեսանյութեր

Լրահոս