«Կանաչների» ֆրակցիա՝ ԱԺ-ո՞ւմ

Այսօր ականատես ենք դառնում բավականին հետաքրքիր մի իրավիճակի, երբ Ամուլսարը կառավարության համար դարձել է պատուհաս, և իշխանություններն ուղղակի այս հարցի հետ կապված տրամաբանական ոչ մի եզրահանգում ու իրական կարգավորում չեն կարողանում գտնել։

Բանն այն է, որ հանքի շահագործման հետ կապված՝ իշխանական «բնապահպան-ակտիվիստները», այդ թվում՝ ներկայումս վերին էշելոններում գտնվողներից շատերը, ժամանակին ունեին բավականին ծայրահեղական մոտեցում, որ հանքի շահագործումը կատեգորիկ անթույլատրելի է։

Ամուլսարը Փաշինյանին կանգնեցրել է անդունդի եզրին և գնալով փոքրացնում է նրա քաղաքական գործունեության տարածքը։ Արդեն քանի օր է՝ տեղեկություններ են շրջանառվում, թե հնարավոր է՝ Ամուլսարն առիթ հանդիսանա, որ իշխանության մեջ լուրջ տրոհումներ առաջանան. խոսքը տվյալ պարագայում կառավարող խմբակցության մասին է, որտեղ ներկայումս էլ կան պատգամավորներ, ովքեր դեմ են հանքի շահագործմանը (Գայանե Աբրահամյան, Վահագն Թևոսյան և այլք), իսկ ընդհանուր առմամբ հանքի շահագործման կողմնակիցը, այսպես կոչված, «սորոսական դիվիզիան» է, որն իր համար նպաստավոր առիթ և իրավիճակ է փնտրում Փաշինյանին և իր հավատարիմ «սաստավին» բացահայտ «քցելու» ու նրանցից պոկվելու համար։

Այսօր Փաշինյանի նախկին խորհրդական և քաղաքացիական ակտիվի հայտնի ներկայացուցիչ Արսեն Խառատյանը հանդես է եկել մի հրապարակմամբ, որով իշխանական խմբակցության շուրջ ստեղծված իրադրության համար մի առանձնահատուկ հանգուցալուծման տարբերակ է առաջարկում։

Խառատյանը մասնավորաբար ասել է. ««Իմ քայլը» խմբակցության այն անդամները, որոնք դեմ են Ամուլսարի հանք դառնալուն, կարող են, օրինակ, կանաչների անկախ պատգամավորական խումբ ստեղծել»:

Ընդունեք, որ հանրային օրակարգում ներդրվում է մի բավական ինտրիգային «ռասկալդ»։

Գաղտնիք չէ, որ «սորսոական» պատգամավորական «գվարդիան» տևական ժամանակ պատճառ էր փնտրում, որը առիթ կհանդիսանար բաժանվել իմքայլականներից և այլևս չասոցիացվել Փաշինյանի հետ։ Խնդիրն այստեղ բնավ պատգամավորների մեջ չէ, այլ, ըստ էության, հենց «Սորոսի» կողմից նման մի քաղաքական ծրագիր ու մշակված տակտիկա եղել է ի սկզբանե՝ ունենալ սեփական կարիքները հոգալու համար առանձին պատգամավորական խումբ կամ, տվյալ դեպքում, մի ամբողջ խմբակցություն։

Ըստ ամենայնի՝ խոսքը գնում է մոտավորապես 15-18 պատգամավորի մասին։ Հավելենք, որ Ամուլսարը շատ հարմար առիթ է, որպեսզի հանրային դրական վերաբերմունքի ֆոնին «սորոսականները» տրոհվեն Փաշինյանից և ինքնուրույն քաղաքական կուրսը վարեն։

Կստացվի այնպես, որ նման քայլով ՀՀ ԱԺ-ում կձևավորվի սորոսական պատգամավորների մի ամբողջ առանձին խումբ։ Այսինքն՝ ստացվում է այնպես, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցը, որը հանրային նման ռեզոնանսներ ունեցավ, օգտագործվելու է «Սորոսի» կողմից հայրենի ԱԺ-ում դիրքավորվելու և ՀՀ պետական քաղաքականության վրա իր լուրջ ու անմիջական ազդեցությունն ապահովելու համար։

Արմեն Հովասափյան

 

Տեսանյութեր

Լրահոս