«Այն, ինչ Ռոբերտ Քոչարյանը չկարողացավ անել Սերժ Սարգսյանի օրոք, արեց Փաշինյանի օրոք». Վիգեն Հակոբյան
Հարցազրույց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ
– Պարոն Հակոբյան, Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը վերջին հարցազրույցում ասել է՝ պարզ հաշվարկը հուշում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար: Ի՞նչ կարծիք ունեք այս հայտարարության վերաբերյալ, աշունը թե՞ժ է լինելու:
– Չեմ կարող ասել՝ Միքայել Մինասյանն ինչի հիման վրա է նման ինֆորմացիա տարածում, որ ձերբակալելու են, գուցե ինքը գիտի այդ ինֆորմացիան: Համենայնդեպս, ժամանակ առ ժամանակ դրա մասին խոսվում է, կան շրջանակներ, որ այդ հարցը բարձրացնում են: Երբ ասում են՝ թեժ աշուն, նկատի ունեն ոչ թե՝ դեռևս հիպոթետիկ գործողությունները, որոնք կարող են լինել, օրինակ՝ հերթական աղմկահարույց կամ ոչ աղմկահարույց ձերբակալությունները, այլ այն, որ կուտակվել են խնդիրներ, որոնց լուծումն անհնար է ձգձգել:
Նկատի ունեմ, որ աշնանը Հայաստանի գործող իշխանությունը հստակ որոշում պետք է ընդունի Ստամբուլյան կոնվենցիայի, Ամուլսարի շուրջ, նաև՝ բավականին սուր թեմա կարող է լինել Արցախի շուրջ զարգացումները: Ես նկատի ունեմ և՛ հիմնահարցի շուրջ գործընթացները, և՛ այն, որ նախընտրական շրջանը մտնում է վերջնական փուլ: Այս երեք-չորս հարցերն առնվազն լուծում են պահանջում, բավականին խնդրահարույց են և տարաձայնություններ են առաջացնելու և առաջացնում բուն իշխանության մեջ:
Անգամ, եթե հիպոթետիկ համարենք, որ ընդդիմություն ընդհանրապես գոյություն չունի՝ ո՛չ ի դեմս հների, ո՛չ նոր ձևավորվող քաղաքական ուժերի, այս հարցերն իրենք իրենցով արդեն բավականին պայթյունավտանգ են, և նույն իշխանության մեջ կարող են լուրջ ճաքեր առաջացնել:
Մենք տեսնում ենք, որ այդ ճաքերն արդեն առաջացել են նույն Ստամբուլյան կոնվենցիայի, Ամուլսարի շուրջ: Այս տեսակետից, երբ ասում են՝ թեժ աշուն է լինելու, նկատի ունեն, որ արդեն իսկ կան հարցեր, որոնք ինչքան էլ իշխանությունը փորձում է ձգձգել ու ձգձգել է ամիսներ շարունակ, այնուամենայնիվ, պետք է հստակ լուծում ստանան:
Լուծման պրոցեսը ոչ միայն սուր է լինելու և կարող է տարբեր քաղաքական օրակարգեր առաջացնել, այլև կարող է բավական լուրջ հետևանքների բերել, ինչպես, օրինակ՝ իշխանության ներսում որոշակի տրոհումների, հասարակության մեջ որոշակի տրամադրությունների թեժացման: Եթե սրան գումարում ենք նաև հնարավոր նոր ձերբակալությունները, որոնք դեռևս վարկածի մակարդակով են, ապա պարզ է, որ այդ ամենը լարումների նոր օջախներ է առաջացնելու:
Աստիճանաբար այլընտրանք է ձևավորվելու, որովհետև ինչքան հիասթափությունը խորանա, այնքան հասարակության մոտ այլընտրանքի պահանջ է լինելու: Բայց ես կարծում եմ, որ այդ այլընտրանքը լինելու է նախկին երեք նախագահների շրջանակից դուրս, լինելու է նոր այլընտրանք:
Միայն նոր այլընտրանքն իրական շանս ունի գոնե մոտ ապագայում ընկալելի լինել հասարակության համար: Որովհետև այն հասարակությունը, որը 1.5 տարի առաջ մերժել է նախկիններին, չեմ կարծում, որ այդքան արագ կփորձի վերադարձ կատարել դեպի հինը: Ավելի շուտ, պահանջարկ կձևավորվի՝ նույն այսօրվա իշխանության նոր այլընտրանքի:
– Նշեցիք, որ իշխանության ներսում մի քանի կարևոր հարցերի շուրջ տարաձայնություններ կան, նաև նշեցիք, որ հանրության մոտ էլ այլընտրանքի պահանջ է լինելու, դա ինչի՞ կհանգեցնի, հնարավո՞ր է՝ նորից հանրահավաքներ սկսվեն՝ այս անգամ, արդեն, այս իշխանության դեմ:
– Ընդհանուր առմամբ, երբ ասում եմ՝ ներսում ճաքեր կլինեն, մենք հիմա տեսնում ենք արդեն այդ ճաքերը՝ գոնե ֆեյսբուքյան տիրույթում, երբ նույն ֆրակցիայից մարդիկ ասում են, որ երբեք կողմ չեն քվեարկելու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Համոզված եղեք, որ նույնը լինելու է նաև Ամուլսարի հարցում:
Այսինքն՝ դա կարող է իշխանության ներսում բերել՝ ինչպես դասական ֆրակցիոնիզմի, այնպես էլ՝ կարող են որոշ քաղաքական շրջանակներ անջատվել: Ես դա չեմ բացառում՝ հաշվի առնելով այն, որ իշխանության ներսում եղած որոշ հոսանքներ իրենք չեն իրենց կառավարում, այլ կառավարվում են դրսից, այսինքն՝ այստեղ շատ բան կախված է նրանից, թե այդ դուրսն ինչ քաղաքական դիրքորոշում կընդունի: Հիմա էլ տեսնում ենք, որ նույն Փաշինյանին բավականին սուր քննադատում են տարբեր հարցերի շուրջ:
Ինչ վերաբերում է հանրահավաքներին, ապա հանրահավաքային մեթոդոլոգիան ընդամենը տեխնոլոգիա է: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ հանրահավաքային բազան պետք է հասունանա: Այսինքն՝ սկզբից դա պետք է լինի իսկական քաղաքական բևեռացում, եթե հնարավոր է՝ մի քանի քաղաքական ուժերի միավորման՝ արտախորհրդարանական կոալիցիայի տեսքով, ապա նոր միտինգը գործիք է, որ կարող ես օգտագործել:
Դա պետք է հասունացնես, պետք է ունենաս համապատասխան ռեսուրսներ, որպեսզի դուրս գաս փողոց, որպեսզի գոնե կորիզն ունենաս, որի շուրջ կմիավորվի նաև հասարակության ակտիվ մասսան, որովհետև դրանք հեքիաթներ են, երբ ասում են, թե ինքնաբուխ եկան, հավաքվեցին, դա քաղաքական բառապաշար է, բայց իրականում միշտ կորիզ կա, որն ինչ-որ բան սկսում է, հետո հասարակության ակտիվ զանգվածը միանում է և դառնում լուրջ զանգված:
Ես դա չեմ բացառում, որովհետև գարնանը մի երկու նմանատիպ հանրահավաք եղավ: Դա կարող է լինել, բայց առաջիկայում կսկսվի քաղաքական այլընտրանքների ձևավորման փուլը:
Ամեն ինչ հիմա կախված է նրանից, թե իշխանությունն իր գործողություններով որքանով կնպաստի, որպեսզի այդ փուլն արագանա: Հիմա եթե մարդ ես բռնում, դա կարող է արագացնել, որովհետև ինչ եղավ՝ Փաշինյանը Քոչարյանին ձերբակալելով՝ նրան քաղաքական գործոն դարձրեց՝ պատմական կերպարից դարձրեց գործող կերպար: Այն, ինչ չկարողացավ Սերժ Սարգսյանի օրոք անել, Փաշինյանի օրոք արեց՝ դարձավ իսկապես գործոն:
Հիմա եթե այս լոգիկայով շարունակվի, ապա շատ գործիչներ նորից կարող են դառնալ գործոններ: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով իշխանությունը «կնպաստի», որպեսզի այդ այլընտրանքների ձևավորման թե՛ պահանջարկը, թե՛ առաջարկը արագանա: Բացի նրանից, թե որքանով ինքը կվերակենդանացնի պատմական դարձած գործիչներին, ամեն ինչ կախված է նաև նրանից, թե ինքն ինչ արդյունքներ կտա:
Եթե Փաշինյանը շարունակի այսօրվա տեմպերով, այսինքն՝ չունենա շոշափելի արդյունքներ, ապա այլ ուժերի հասարակական պահանջն էլ ավելի կավելանա: Ինչքան Փաշինյանի վարկանիշն իջնի, այնքան մեծանալու է այլ ուժերի պահանջարկը:
– Իսկ դուք այդ վարկանիշի անկումը նկատո՞ւմ եք, որովհետև ամեն անգամ, երբ որևէ լուրջ հարց է ի հայտ գալիս, նա խոսում է, օրինակ՝ ինչ-որ գաղտնի փաստաթղթի մասին, հիմա էլ, ըստ Մինասյանի՝ հնարավոր է՝ Սերժ Սարգսյանին ձերբակալի, այսինքն՝ Փաշինյանի վարկանիշն այս միջոցներով չի՞ պահպանվում:
– Գիտեք, ես կարծում եմ, որ այո, փորձ արվում է նման քայլերով, քաղաքական, իրավական, PR ակցիաներով հնարավորինս զբաղեցնել հասարակությանը, փորձել քաղաքական օրակարգեր ձևավորել: Բայց դեռ մի քանի ամիս առաջ ասում էի, որ երբ անընդհատ նույն բանն ես անում, օրինակ՝ անընդհատ ձերբակալում ես ինչ-որ մարդկանց, կարևոր է այդ քաղաքականության մեջ էմոցիոնալ փոխկապակցվածությունը հասարակության հետ: Այսինքն՝ եթե սկզբնական փուլում էմոցիոնալ առումով դա բավականին ազդեցիկ էր, էմոցիոնալ ներդաշնակություն կար հասարակության և իշխանության գործողությունների միջև, ապա, ինչպես ցույց տվեցին հետագա գործողությունները, արդեն հիմա գրեթե քչերին է հետաքրքրում, օրինակ՝ նույն Ռոբերտ Քոչարյանին այսօր կկալանավորե՞ն, թե՞ նորից կազատեն: Այսինքն՝ դա դարձել է սովորական երևույթ, արդեն չունի այն ազդեցությունը հասարակության վրա, որն ուներ մեկ տարի առաջ:
Հասարակության այսօրվա առաջնահերթությունները մի փոքր ուրիշ են, քան մեկ տարի առաջ, մարդկանց ավելի շատ հետաքրքրում է իրական կյանքը: Նախորդ տարվա գործողություններով այսօր չես կարող զբաղեցնել մարդկանց ուշադրությունը: