Մարտի 1-ի տուժածներին խոստացված դրամական օգնության էմոցիոնալ ֆոնը
Մարտի 12-ին Կառավարությունը հաստատեց 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց կողմից ներկայացվող դիմումի կարգը, աջակցության ձևն ու չափը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, ինչպես նաև դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հիմնական զեկուցող Ռուստամ Բադասյանն ասաց, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց տրամադրվող աջակցության ֆինանսավորումը կիրականացվի պետական բյուջեի միջոցներով:
Տուժած անձինք կամ նրանց իրավահաջորդներն անձամբ կամ իրենց ներկայացուցչի միջոցով աջակցության տրամադրման համար դիմումը կարող են ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում: Դիմումը կարող է մերժվել, եթե չի հաստատվում դիմումատուի՝ աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը, իսկ դիմումն ընդունվելուց հետո լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում աջակցության գումարը փոխանցում է դիմումատուի նշած՝ վերջինիս անունով բանկում բացված հաշվեհամարին:
Աջակցությունը տրամադրվելու է միանվագ դրամական օգնության ձևով՝ հետևյալ չափերով՝
1) ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30 մլն դրամ,
2) առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 մլն դրամ,
3) առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 մլն դրամ:
Օգոստոսի 12-ին Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է.
«Ուզում եմ հստակ արձանագրել՝ սա ընդամենը աջակցություն է և որևէ կերպ չպետք է ընկալվի որպես փոխհատուցում, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքը գին չունի: Իմ սկզբունքային դիրքորոշումն այն է, որ այս հարցի վերջնական լուծումը պետք է որոշվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այս որոշումը միջանկյալ քայլ է, որն արձանագրում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական դիրքորոշումը: Հետագա գործընթացները պետք է շարունակվեն և տեղի ունենան ՄԻԵԴ վճռի համատեքստում»:
168.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով վարչապետի՝ ՄԻԵԴ վճռի հետ կապված դիտարկումը, միջազգային իրավունքի փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանն ասաց, որ վարչապետը հավանաբար նկատի ունի այն, որ իրավական գործընթացով պետք է այս հարցը որոշվի։
«Կառավարության որոշումն իրավական գործընթաց չէ։ Եթե խոսքը փոխհատուցման մասին է, ապա դա պետք է իրավական գործընթացով արվի»,- մանրամասնեց Արա Ղազարյանը։
Մեր այն դիտարկմանը, թե վարչապետն ասել է, որ սա փոխհատուցում չէ, այլ օգնություն, փաստաբանը նշեց. «Շատ ճիշտ է ասել վարչապետը, որովհետև Կառավարության տված օգնությունը, պատկերացրեք, նպաստ է։ Նպաստ է, որի ժամանակ ճշգրտորեն չի հաշվարկվում վնասը, որպեսզի անունը դնենք փոխհատուցում։ Դա ուղղակի Կառավարության կողմից միակողմանիորեն տրված օգնություն է»։
Վերջինս նկատում է, որ, եթե մենք իրավաբանորեն խոսում ենք փոխհատուցման մասին՝ օգտագործելով այդ տերմինը, ապա դա պետք է իրավական գործընթացով արվի՝ կամ այստեղ՝ Հայաստանում, կամ ՄԻԵԴ-ում։
«Դա անելու համար պետք է գործը վերաբացվի։ Դրա համար սպասում են ՄԻԵԴ-ի որոշմանը, որ գործն այստեղ վերաբացեն։ Երբ որ կլինեն մեղադրյալներ, արդեն նրանցից քաղհայցի ուժով գումար կգանձվի, և դա կլինի փոխհատուցում։ Պետության գանձարանից հարկատուների հաշվին տրված գումարը փոխհատուցում չէ, որովհետև փոխհատուցման պարտավորությունը մնում է մեղավորի վրա»,- հավելեց Արա Ղազարյանը։
Հիշեցմանը, թե ըստ Արդարադատության նախարարության նախագծի՝ գումարները վճարվելու են պետական բյուջեի միջոցներից, միջազգային իրավունքի մասնագետն ասաց՝ այո, բյուջեից տրվողը փոխհատուցում չէ, այլ, այլաբանորեն ասած՝ նպաստ, իսկ իրավաբանորեն հանցագործության պատճառած վնասը փոխհատուցում է մարդը, ով մեղավոր է։
168.am-ը Արա Ղազարյանին հարցրեց նաև, թե ճի՞շտ է համարում արդյոք, որ այս փուլում են տալիս այդ գումարները տուժողների իրավահաջորդներին, երբ դատաքննություն պետք է ընթանա, ու նրանք բոլորը, ըստ էության, վկաներ են ու պիտի խոսեն դատարանում, արդյո՞ք նրանք չեն դիտվի՝ որպես շահագրգիռ կողմ, և որքա՞ն անաչառ կլինեն նրանք իրենց վկայություններում։
«Չգիտեմ, թե որքան անաչառ կլինեն նրանց վկայությունները դատարանում, բայց դա, ի վերջո, դատարանն է որոշում։ Նույնիսկ, եթե իրենք կողմնապահ լինեն, հետո, միևնույն է՝ դատարանը որոշում է։ Մյուս կողմից, հենց այն պատճառով, որ դեռ չկա դատական վերջնական ակտ, չի կարելի կառավարության տված գումարը կոչել փոխհատուցում»,- ասաց փաստաբանը։
Նա կարծում է, որ գուցե շահագրգռվածության հարց լինի այս պարագայում, բայց ամեն դեպքում՝ գնահատողը դատավորն է։ Նա կարող է չհիմնվել նրանց ցուցմունքների վրա, այլ վկայակոչել նախաքննական ցուցմունքները։
«Դա արդեն դատավարական, դատական ճանաչողության գործընթաց է։ Ի վերջո, կողմը ցանկացած ժամանակ կարող է միջնորդել, որ, ասենք, ապացույցների զանգվածից հանվի դատաքննության ժամանակ տված ցուցմունքը, որովհետև իրենք անաչառ չեն ինչ-ինչ պատճառներով»,- եզրափակեց Արա Ղազարյանը։
Այնուամենայնիվ, Արդարադատության նախարարությունից ևս ցանկացանք ճշտել իրենց դիրքորոշումն իրենց իսկ հեղինակած նախագծի վերաբերյալ վերոնշյալ համատեքստում` նախապես նշելով, որ չենք վիճարկում Մարտի 1-ի տուժածներին դրամական օգնություն տալու նպատակահարմարությունը:
«Կառավարության այս որոշումն ընդունվել է ի կատարումն «2008թ. Մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» ՀՀ օրենքի, որի համաձայն` աջակցություն ստանալու իրավունք ունեն արդեն իսկ տուժած մարդիկ կամ նրանց իրավահաջորդները: Աջակցություն տալու հիմքը նրա առողջությանը վնաս պատճառելն է կամ անձի մահը, ոչ թե քրեական գործի արդյունքները, ուստի, եթե քրեական գործի շրջանակում ինքը դեռ ունի որոշակի կարգավիճակ (տուժող կամ վկա), դա որևէ կերպ չի կարող ազդել իր աջակցություն ստանալու իրավունքի վրա: Այսինքն՝ պետությունն ընդունել է օրենք, որի համաձայն՝ եթե անձի առողջությանը միջին ծանրության կամ ծանր վնաս է պատճառվել կամ անձը մահացել է, ապա նրան պետք է տալ աջակցություն՝ անկախ նրանից՝ հետագայում ինչ պրոցեսների մեջ կներգրավվի»,- 168.am-ին պատասխանեցին Արդարադատության նախարարությունից:
Նկատենք, որ Արդարադատության նախարարությունը պատասխանել էր մեզ` շրջանցելով մեր բուն հարցադրումը: Այլ կերպ ասած` պատասխանել էր պատասխանելու համար:
Եվս մեկ անգամ կրկնենք` մենք չենք վիճարկում Մարտի 1-ի տուժածների` աջակցություն ստանալու իրավունքը: Ավելին, համարում ենք խիստ անհրաժեշտ ու միգուցե` ուշացած: Մեր հարցն այս փուլում աջակցություն ստանալու մասին էր, երբ նրանցից շատերն ըստ էության վկաներ են ու դատարանում խոսելու են:
Արդյո՞ք այս փուլում այդ զգալի դրամական օգնություն տալը ռիսկեր չի պարունակում:
Հասկանալի է, իհարկե, որ անասելի ծանր է մարդկանց վիշտը, որևէ փոխհատուցում ու օգնություն իրենց հարազատներին հետ չի բերելու, և նրանք կնախընտրեին` իրենց հարազատներն իրենց կողքին լինեին, ու ոչ մի անգամ շատ խոշոր գումար չի լրացնելու այդ մարդկանց տեղն իրենց հարազատների կյանքում, բայց այս գումարները կլուծեն նրանցից շատերի ծանր սոցիալական խնդիրները, իսկ հայ մարդն ամեն դեպքում շնորհակալ է: Եվ այս փուլում դատարանում նրանց տված վկայությունները շատ դեպքերում, չենք պնդում, բայց չենք էլ բացառում, որ կարող են էմոցիոնալ ֆոն ապահովել ու դրանով իսկ ակամայից ճնշում գործադրել դատարանի վրա, որքան էլ որ ասենք, որ այդ ցուցմունքներն իրավական հետևանքներ չեն կարող ունենալ այնքանով, որ իրենք այդ դեպքերի ականատեսները չեն ու չեն կարող փաստերի մասին ցուցմունք տալ առհասարակ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը 168.am-ին ասաց, որ իր համոզմամբ` այդ մարդկանց արհեստականորեն են այս գործով որպես տուժող ներգրավել, որովհետև մեղադրանքում մահվան հանգամանքներ չկան:
«Քննիչի տրամաբանությունը սա է. Սահմանադրական կարգի տապալումից տուժել են բոլորը, բայց բոլորին չենք կարող տուժող դարձնել, միայն ֆիզիկական վնաս կրած անձանց դարձնենք»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:
Նա, սակայն, վստահ է, որ կարգի տապալումն անմիջական պատճառ չի մահվան հանգամանքների համար:
«Առաջինը` դա տրամաբանական չէ, և երկրորդ` վատագույն դեպքում իրենք պիտի պարզեն մահվան հանգամանքները, նոր միայն պատճառահետևանքային կապ գտնեն»,- եզրափակեց Ռ. Քոչարյանի փաստաբանական թիմի անդամը:
Այս փուլում այդ աջակցությունը տալու նպատակահարմարության մասին հարցերին Հովհաննես Խուդոյանը չպատասխանեց` նշելով, որ չի ցանկանում որևէ դիտարկմամբ ակամայից ցավեցնել զոհերի հարազատներին կամ տուժած մարդկանց:
Գոհար Սավզյան