Արցախի օգնության կրճատումն ուղղակի պատասխան է Հայաստանի՝ Սիրիայում ներգրավվածությանը

Հարցազրույց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանի հետ։

– Պարոն Սարգսյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին մեկնում է ԱՄՆ։ Դեռ ամիսներ առաջ դուք նշել էիք նման այցի կարևորությունը։ Ի՞նչ կարելի է ակնկալել այս այցից։

– Եթե ճիշտ օգտագործվի այցի PR բաղադրիչը, ապա վստահ եղեք, որ Վաշինգտոնում տարբեր քաղաքական շրջանակներ կհասկանան, որ աշխարհում կա մի առաջնորդ, որ իրենց պետության տարածքում կարողանում է տասնյակ-հազարավոր աջակիցներ հավաքել մեծ մարզադաշտում, և սա, կարծում եմ, նաև քաղաքական ազդեցության տեսանկյունից Հայաստանի համար կարող է լավ գործիք լինել։

– ՀՀ ԱԳ նախարարը հստակ պատասխան չի տվել՝ արդյոք Ն.Փաշինյանը հանդիպելո՞ւ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և միայն նշել է, թե որևէ դեֆիցիտ քաղաքական երկխոսության բարձր մակարդակով ԱՄՆ-ի հետ չենք ունեցել այս տարվա ընթացքում։ Փաստորեն՝ Փաշինյան-Թրամփ հանդիպում այս անգամ էլ չի լինելու, մինչդեռ դրա մասին ՀՀ իշխանության ներկայացուցիչները խոսում էին դեռ մեկ տարի առաջ։

– Այցը «համայնքային» կանվանեմ՝ աշխատանքային այց՝ համայնքի հետ հանդիպելու նպատակով։ Ես չեմ բացառում, որ վարչապետը Կալիֆոռնիայի նահանգային ղեկավարության հետ հանդիպումներ ունենա, չեմ բացառում նաև, որ Կալիֆոռնիան ներկայացնող կոնգրեսականների կամ սենատորների հետ հանդիպում ունենա, բայց որքանով ինձ է հայտնի, Վաշինգտոն այց նախատեսված չէ, և Թրամփ-Փաշինյան հանդիպում նույնպես նախատեսված չէ։

Մինչ օրս Թրամփի ադմինիստրացիայի հետ բարձր մակարդակի հանդիպումներ չեն եղել ո՛չ նախորդ իշխանությունների, ո՛չ էլ այս իշխանությունների ղեկավարման ժամանակահատվածում և, կարծում եմ՝ այս տենդենցը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ օրակարգ չունի։

– Այսինքն՝ ականապատված տարածքների ականազերծման նպատակով Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցության դադարեցման հարցը չի՞ քննարկվի այս այցի ընթացքում։

– Վաշինգտոնյան փորձագետները պնդում են, որ Արցախի օգնության կրճատումն ուղղակի պատասխան է Հայաստանի՝ Սիրիայում ներգրավվածությանը։ Ես նույնպես կիսում եմ այս տեսակետը և չեմ կարծում, որ Արցախի օգնության տրամադրման հարցը հնարավոր կլինի քննարկել վարչակազմի հետ, որովհետև ընդամենը 1-2 ամսից ԱՄՆ 2020 թ. բյուջեն կընդունվի, և, եթե այստեղ ինչ-որ բան հնարավոր լինի անել, ապա կարող են անել բացառապես հայկական լոբբիստական կառույցները, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը։

– Սենատորները և կոնգրեսականները նամակով դիմել էին USAID-ին, որ ամեն դեպքում վերջինս չդադարեցնի աջակցությունն Արցախին։ Հնարավո՞ր է, որ բյուջեով հատկացում չարվի, բայց USAID-ը ֆինանսավորի, կա՞ նման մեխանիզմ։

– Ընդհանրապես, բյուջեի նախագծման ժամանակ Արցախին տրամադրվող օգնության տողը հանվել է, և հենց այդ նախագիծն է շրջանառության մեջ դրվել։ Թե որքա՞ն էֆեկտիվ և օգտակար կլինի կոնգրեսականների, սենատորների, ինչպես նաև նախագահի թեկնածուներից մի քանիսի ճնշումներն ադմինիստրացիայի վրա, դժվար է ասել, բայց այս ադմինիստրացիան առանձնանում է հենց բավականին կոշտ լինելով, որի վրա ճնշման մեխանիզմները չեն ազդում։ Համենայն դեպս՝ մեր համայնքային կազմակերպություններն ակտիվ լծվել են այդ գործին, և հույս ունենամ, որ կկարողանան հաղթել։

Ամեն դեպքում, USAID-ը կարո՞ղ է ինքնուրույն որոշում ընդունել աջակցություն տրամադրելու մասին։

– USAID-ը կարող է վերջում ավելացնել այդ տողը բյուջեի նախագծում և այդպես ուղարկել Կոնգրեսի հաստատմանը։

– ՀՀ իշխանությունները պնդում էին, որ Սիրիա զորախումբ ուղարկելը չի կարող ազդել երկկողմ հարաբերությունների վրա, և դրական ընկալում կա ԱՄՆ-ի կողմից:

– ԱՄՆ-ը ասում էր, որ՝ ձեր որոշումն ընդունել ենք ի գիտություն, դրանից բխող բոլոր հետևանքները մենք ինքներս կորոշենք, այսինքն՝ իրենք քաղաքականությունն ըստ այդմ կվերաշարադրեն։

– ԱՄՆ-ը նաև պատժամիջոցներ է սահմանել հայկական երկու ընկերությունների նկատմամբ՝ Իրանի և Ռուսաստանի հետ համագործակցության համար։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Այդ ընկերությունները համագործակցել են իրանական և ռուսական կազմակերպությունների հետ, որոնք պատժամիջոցների տակ են, այսինքն՝ այդ պատժամիջոցները ոչ թե մեր ընկերությունների դեմ էին, այլ ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված իրանական և ռուսական կազմակերպությունների համագործակցելու պատճառով են տեղի ունեցել։

Սա՝ ի հեճուկս որոշ պնդումների, որ հակառուսական և հակաիրանական պատժամիջոցները Հայաստանի վրա չեն անդրադառնալու։ Ես մշտապես ասել եմ և հիմա էլ ասում եմ, որ երկրորդային նշանակության պատժամիջոցները նաև Հայաստանին են հարվածում, և չմոռանանք, որ Հայաստանում արդեն կան կազմակերպություններ, որ արդեն հայտնվել են պատժամիջոցների տակ, մասնավորապես՝ «Mahan Air», «Մելլաթ Բանկ» ընկերությունների ներկայացուցչությունները։ Ակնհայտ է, որ ԱՄՆ կիրառած այս պատժամիջոցներն ուղղակի կամ անուղղակի անպայման հարվածելու են նաև Հայաստանի տնտեսությանը։

– Կա՞ վտանգ, որ պատժամիջոցները կտարածվեն նաև հայկական այլ ընկերությունների վրա։

– Չի բացառվում, քանի որ բազմաթիվ հայկական կազմակերպություններ ակտիվորեն համագործակցում են իրանական և ռուսական կազմակերպությունների հետ, որոնք հայտնվել են պատժամիջոցների տակ։ Բնականաբար, պետք է զգուշավորություն դրսևորել, որովհետև այստեղ որևէ բացառություն ԱՄՆ-ը չի անում որևէ պետության որևէ կազմակերպության համար։ Այնպես որ, նույնիսկ, եթե բարեկամ պետություն է, միևնույն է՝ դա ԱՄՆ-ի համար դիտարկվելու է՝ որպես խնդրահարույց երևույթ, և խնդիրներ, իհարկե, լինելու են։

– ԱՄՆ-Իրան և ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում որևէ դրական միտում նկատվո՞ւմ է։

– Կարծում եմ՝ առաջիկա 10-15 տարիների ընթացքում ռուս-ամերիկյան հարաբերությունները նորմալ հուն չեն վերադառնալու, որովհետև այն իրավական ակտերը, որոնք ընդունվել են և որոնց միջոցով պատժամիջոցներ են կիրառվել, ընդունվել են Կոնգրեսի կողմից, և դրանք շատ դժվար է լինելու փոխել, այնպես, ինչպես ԽՍՀՄ-ի ժամանակ Ջեքսոն-Վենիկ պատժամիջոցների օրենքն էր ընդունվել և շուրջ 20 տարի ուժի մեջ մնաց։ Այնպես որ, կարծում եմ, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավում մոտ ապագայում պետք չէ ակնկալել։

Նույնն էլ վերաբերում է Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններին։ Միգուցե նրանք կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, ինչ-որ հարցերի շուրջ կգան համաձայնության, բայց միևնույն է, նրանք կշարունակեն մնալ հակադրվող ուժեր, քանի որ նրանց շահերն աշխարհի տարբեր անկյուններում ոչ թե չեն համընկնում, այլ հակառակը՝ հակադրվում են միմյանց։

Տեսանյութեր

Լրահոս