«Նախարարություններն այսօր տեղում դոփում են, ընդ որում՝ այն նախարարությունները, որոնք կապ ունեն տնտեսության ներդրումների, կրթության հետ». Գագիկ Մակարյան

Օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Համահայկական օլիմպիական խաղերին ընդառաջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այն խնդիրները, որոնք Հայաստանը պետք է կարողանա լուծել մինչև 2050 թվականը։

«Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2.5 միլիոն մարդու զբաղվածության հարցը և վերացնել աղքատությունը։ Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը։ Ունենալ 10 մլրդ ԱՄՆ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10000 աշխատող ստարտափ։ 7-ապատկել միջին աշխատավարձը։ Բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում։ Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը: Ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը 20-ապատկել։ Կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը 20-ապատկել։ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը։

Համոզված եմ՝ հիմա ձեզնից շատերը հարցնում են՝ իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է, և վերջ»,- իր ելույթում նշեց վարչապետը։

Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ  Գագիկ Մակարյանի հետ։

Կարդացեք նաև

– Պարոն Մակարյան, Ձեզ համար հասկանալի՞ է, թե ինչ հաշվարկներից ելնելով է վարչապետը նշում, որ մինչև 2050 թվականը կստեղծվի 1 միլիոն 500 հազար աշխատատեղ և կլուծվի 2.5 միլիոն մարդու զբաղվածության հարցը։

– Եթե մենք պաշտոնական ընթացք տանք գյուղական վայրերի զբաղվածությանը, որովհետև գիտենք, որ գյուղական վայրերում մարդիկ համարվում են ինքնազբաղվածներ և չեն մտնում այդ ցուցակների մեջ, ապա հնարավոր է։ Երբ վարչապետը նշում էր, որ 2.5 միլիոն մարդու զբաղվածություն կլուծեն, դա այժմյան վիճակով, մի քիչ պակաս, գրեթե աշխատանքային տարիքում գտնվող անձանց թիվն է։ Եթե հիմա հաշվարկենք, որ բնակչության թիվը 2,9 մլն է և 2050 թվականին կդառնա 5 մլն, և հաշվարկենք, որ գյուղական վայրերում զբաղվածությանը խթանեն, ապա կտեսնենք, որ հաշվարկը դրանից է գալիս։

Այն թվաքանակը, որ, օրինակ ՝վերջին 1 տարում ՍՊԸ-ի և անհատ ձեռնարկատերերը գրանցվել են Հայաստանում, և եթե այդ ձևակերպված ընկերություններն ունենային ձևակերպված աշխատատեղերի քանակ, որոնք տեսականորեն պետք է ունենայինք, ապա մենք տարեկան միջին հաշվով 100 աշխատատեղ պետք է կարողանայինք ապահովել։ Բայց քանի որ ՍՊԸ-ները չեն գրանցվում և հետո հայտարարում են, որ չեն գործում կամ 2-3 աշխատող են ընդամենը վերցնում, ապա այդ թիվը մենք չենք ստանում։

Այսինքն՝ այսպիսի հաշվարկով պետք է նայենք, և այստեղ չպետք է մտածել, որ դա պետք է լինի մեկ կամ երկու տարվա ընթացքում, դա որոշակի տարիների ժամանակահատվածում կարող է տեղի ունենալ։ Եթե նայենք, որ խորհրդային ժամանակներում, երբ արդյունաբերությունն աշխատում էր, Հայաստանում որքան էին զբաղվածները, ապա թվերը նման են իրար։ Վարչապետը խոսեց արդյունաբերական Հայաստանի մասին, սա էլ են հաշվի առել։

– Եթե այդ ամենն իրատեսական է, կնշե՞ք, թե իշխանությունն այդ ուղղությամբ ի՞նչ տեսանելի քայլեր է իրականացնում։

– Ցավոք, ավելի շատ այդ քայլերի բացակայությունն է տեսանելի։ Մեզ ուղարկած նամակներից, նյութերից, ներդրողների հետ տարվող աշխատանքներից տեսանելի է դառնում, որ քաղաքապետարանը, Էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի և Տարածքային կառավարման նախարարությունները հարցերը չեն լուծում, ձգձգում են, ընդհանուր խորհրդատվություն չի տրամադրվում։ Այս ամենը ցույց է տալիս, որ այն տեմպերը, որով Կառավարությունն առաջ է գնում, ապա մենք ստանում ենք այն տպավորությունը, որ իներցիոն գործընթացը հիմնականում շարունակվում է։

Ռեֆորմներ և օրենսդրական բարեփոխումներ չեն իրականացնում, եթե դրանք կատարվում էլ են, ապա պետք է հստակեցվեն, թե տվյալ ժամանակի համար ինչն է կարևոր, և այլն։

Քաղաքապետարանը բացարձակապես գտնվում է անհասկանալի ու անորոշ իրավիճակում, ներդրումային նամակներ, նյութեր ու առաջարկներ ենք ուղարկում, ամիսներով պատասխանը չենք ստանում, կամ ուղարկում են թռուցիկ ինչ-որ բաներ։

Մասնագետներ չկան, հաշվարկներ են կատարում, տենդերներ են հայտարարում սխալ պայմաններով, պետական գնումների համակարգը փլուզված վիճակում է, Ֆինանսների նախարարությունը դրա համար պատասխանատու է, սակայն այլ պետական մարմինների հետ չեն կարողանում ամեն ինչ կազմակերպել, ուզում են իբր թե շառից հեռու մնալ։

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Էկոնոմիկայի նախարարությունն ամբողջությամբ գտնվում է  «արձակուրդում», նախարարությունները, որոնք այս տեմպերով առաջ են գնում, չեն բավարարում մեզ։ Այս տեմպերով, բացարձակապես նման թվերի հասանելիություն, տնտեսական բարձր աճի ցուցանիշ կամ էական փոփոխություններ ու զարգացման խթանում, թերևս, չի բացվի։ Կարծում եմ՝ վարչապետը շատ խիստ ուշադրություն պետք է դարձնի այս փաստի վրա, որքան էլ ընկերներ են կամ թիմակիցներ, պետք է խստապահանջությամբ մոտենա։

Նախարարություններն այսօր տեղում դոփում են, ընդ որում՝ այն նախարարությունները, որոնք կապ ունեն տնտեսության ներդրումների, կրթության հետ։ Ներդրումների հետ աշխատելու այսօրվա մշակույթը շատ ցածր մակարդակի վրա է, ցաք ու ցրիվ են այն ֆունկցիաները, որոնցով պետք է ազդեն ներդրումների վրա։ Այս ամենը բավարար չէ։

– Ձեր նշած հանգամանքնե՞րն են պատճառը, որ, ինչպես վարչապետն էր նշել, այս տարվա առաջին կիսամյակում ուղղակի ներդրումները նվազել են 37 մլրդ 043.5 մլն դրամով:

– Ինքներս էլ ենք ներդրումներ տարել ու բերել, որոնց ընթացքով գոհ չենք, հիմա նոր ներդրումների հետ ենք աշխատում, մեր տեղական արտադրողներն անընդհատ դժգոհում են, քանի որ տարբեր թույլտվություններ ստանալու առումով իրենց մերժում են։ Կրկնում եմ՝ մեր քաղաքապետարանը՝ որպես օղակ, բացակայում է։

– Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը պետք է դարձնել արդյունաբերական երկիր, այդ առումով ի՞նչ քայլեր է կատարում Կառավարությունը, և մեր երկիրն ի՞նչ պոտենցիալ ունի։

– Հայաստանն արդյունաբերական երկիր կարող է դառնալ, քանի որ այդպիսին եղել է խորհրդային տարիներին, այդ ժամանակ արդյունաբերությունը տվել է ՀՆԱ-ի 67 տոկոսը։ Միայն մեքենաշինության ոլորտում, եթե չեմ սխալվում, աշխատել է մոտ 400 հազար մարդ, ընդ որում՝ Հայաստանն ուժեղ է եղել մեքենաշինությամբ, սարքաշինությամբ, էլեկտրականությամբ։ Իհարկե, այն ժամանակ լոգիստիկաները եղել են կարգին վիճակում, սակայն այժմ այդ հնարավորությունները չկան, ուստի Հայաստանն արդյունաբերության տեսանկյունից պետք է զգուշ վերաբերվի, քանի որ արդյունաբերություն զարգացնո՞ւմ է՝ բեռնափոխադրումների խնդիրը դնելով, որը երկար ժամանակ չի լուծվի, թե՞ օդային ճանապարհով, որի պարագայում արդյունաբերական ոչ բոլոր բաները կարող են փոխադրել՝ այդպես ամեն ինչ թանկ կարժենա։

Ավելի ճիշտ՝ Հայաստանը կարող է գնալ ինժեներական լուծումների ճանապարհով, որոնք թույլ են տալիս ինժեներական լավ ծառայություններ ու արտադրանքներ թողարկել, որոնք օժտված են հավելյալ արժեքով։ Այսինքն՝ արդյունաբերության զարգացումը պետք է գնա զգուշությամբ։ Մենք ճշգրտորեն պետք է ընտրենք, թե արդյունաբերության որ ճյուղերը պետք է զարգացնենք , օրինակ՝ մեքենաշինությունը, ավտոմոբիլային արդյունաբերությունը, այդ թվում՝ էլեկտրամոբիլներ, քիմիական արդյունաբերությունը, թափոնների վերամշակումը և այլն։

– Վարչապետի նշած տնտեսական ռազմավարությունը կյանքի կոչելու համար այս պահին որո՞նք պետք է լինեն Կառավարության կարևոր երեք քայլերը։

– Առաջինը՝ կադրային փոփոխություն՝ վարչապետի շրջապատից սկսած, խորհրդականներ և որոշ նախարարներ պետք է փոխվեն, պետք է լինեն պրոֆեսիոնալ և պատասխանատու անձինք։ Այնուհետև ճիշտ գնահատական տրվի առկա վիճակին ու հետևություններ արվի, իսկ երրորդը՝ մեծ ուշադրություն դարձվի ներդրումներին։ Ես կավելացնեի նաև չորրորդ քայլը, այն է, որ ներդրումների համար ապահովվեն հավասար պայմաններ։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս