Ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2.5 միլիոն մարդու զբաղվածության հարցը և վերացնել աղքատությունը. Արցախում Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում։ Այսօր Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքին և հանդես եկել ծրագրային ելույթով։
Ստորև ներկայացվում է ՀՀ վարչապետի ելույթն ամբողջությամբ.
«Սիրելի ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության, Արցախի հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ, Սփյուռքի հպարտ հայության ներկայացուցիչներ, ողջունում եմ բոլորիդ։
Հայության հպարտության միջնաբերդի՝ Արցախի կենտրոնական հրապարակից ողջունում եմ աշխարհի բոլոր հայերին, ողջունում եմ աշխարհի հպարտ հայությանը և ուզում եմ ոգեկոչել այն կարգախոսը, որ 1988 թվականին թնդում էր այս հրապարակը, Վերածննդի այս հրապարակը. մի-ա-ցում, մի-ա-ցում։
Սիրելի ներկաներ,
Այժմ առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել արցախյան հերոսամարտի մեր բոլոր նահատակների հիշատակը, որովհետև այդ նրանք իրենց անձնազոհությամբ և նվիրումով հնարավոր դարձրեցին այս օրը, երբ Հայաստանի վարչապետը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կարող է հանդես գալ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ապագային վերաբերող ելույթով։ Մեկ րոպե լռությամբ հարգենք մեր նահատակների հիշատակը…
Եվ որպես մեր նահատակներին և Արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցներին, Հայոց բանակի գեներալներին, սպաներին, զինվորներին մատուցվող հարգանքի տուրք՝ ելույթս ուզում եմ սկսել անսովոր կերպով՝ նախ կարդալով իմ այն բանաստեղծությունը, որ գրել եմ 2016 թվականին Մարտակերտի շրջանում որպես Պաշտպանության բանակի կամավոր մարտական հերթապահություն իրականացնելիս։ Բանաստեղծությունը վերնագրված է՝ «Հայոց զորքը հարթավայրում» և արտահայտում է այն պատմական շրջադարձը, որ մեր ճակատագրում իրականացրեց Արցախյան ազատամարտը.
Տիգրանի քաղաքի լանջերից
Հորիզոնն է ծփում անսահման,
Դարեր անց մենք այստեղ ենք նորից,
Մենք կանգնած ենք հեռվին հանդիման։
Մեր սարերը, մեր բախտը, մեր լացը,
Մենք ճեղքել ենք, հաղթել ենք նրանց,
Հորիզոնն այստեղ, մեր դիմաց է,
Թիկունքում՝ մեր արտերը կանաչ։
Մեր հայացքը այլևս ազատ է,
Ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,
Հեռուները մոտիկ, հարազատ են,
Մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր։
Այս հողի մեջ հոգուս զարկերակն է,
Այս հողով իմ արյունն է հոսում,
Ես պատռել եմ զոհի հին կտակը,
Հաղթողի նոր խոսքեր եմ խոսում.
Մեր հայացքը այլևս ազատ է,
Ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,
Հեռուները մոտիկ, հարազատ են,
Մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր»։
Շնորհակալ եմ։
Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահներ և պատգամավորներ,
Գերաշնորհ Տեր,
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների մեծարգո անդամներ,
Պետական այրեր,
Համահայկական խաղերի սիրելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,
Այս օրերին մենք բոլորս Արցախում հավաքվել ենք համահայկական խաղերի բացման առիթով։ Ազգային-մարզական այս միջոցառումը, սակայն, մեզ առիթ տվեց կազմակերպելու այս աննախադեպ հավաքը, այս յուրօրինակ աշխարհաժողովը՝ աշխարհի հայությանը մի չափազանց կարևոր ուղերձ հղելու, մեր համազգային կյանքի կազմակերպմանը վերաբերող մի քանի կարևոր հարցերի անդրադառնալու համար։
Այսօր շատ է խոսվում այն մասին, որ 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը նոր իրողություններ է հաստատել Հայաստանի Հանրապետությունում։ Հասկանալիորեն, Հայաստանում այս նոր իրողությունները պետք է իրենց ուղղակի ազդեցությունն ունենան Սփյուռքի և Արցախի կյանքի վրա, և այսօր լայնորեն քննարկվում է այն հարցը, թե ինչպիսին պետք է լինի այդ ազդեցությունը։
Այս հարցի օրգանական պատասխանը գտնելու համար նախ անհրաժեշտ է արձանագրել և գնահատել 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխության էությունը։ Մենք այն անվանում ենք «Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն»։
Այդ անվան «ոչ բռնի» բառակապակցությունն արտահայտում է հեղափոխության գործիքակազմը՝ արձանագրելով, որ այն, ինչպես և պլանավորվում էր, իրականացվել է առանց որևէ բռնության։
«Թավշյա» մակդիրն արտահայտում է նրա ընթացքը՝ արձանագրելով, որ հեղափոխությունը ցնցումներ չի առաջացրել Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի որևէ ոլորտում՝ սկսած բանկային համակարգից ավարտած տնտեսությամբ ու նույնիսկ քաղաքականությամբ։
«Ժողովրդական» բառը հստակ գծագրում է հեղափոխությունն իրականացրած սուբյեկտին, այսինքն՝ ժողովրդին։ Այստեղ է ահա, որ ծագում է մի շատ էական հարց։
Իսկ ո՞ր ժողովրդի մասին է խոսքը, ո՞ր ժողովուրդն է, որ հանդես է եկել և հանդես է գալիս որպես հեղափոխությունն իրականացրած սուբյեկտ, որպես հեղափոխության շահառու։ Արդյոք խոսքը կարող է միա՞յն Հայաստանի Հանրապետության ժողովրդի մասին լինել և մյուս կողմից, ո՞ւմ նկատի ունենք Հայաստանի Հանրապետության ժողովուրդ ասելով։
Այս հարցի պատասխանը տալիս է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը, որն, ի դեպ, տեղի ունեցած երկու սահմանադրական փոփոխությունների ընթացքում ոչ մի փոփոխության չի ենթարկվել։ Սահմանադրության նախաբանն, ըստ այդմ, արձանագրում է (մեջբերում եմ).
«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած՝ ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված՝ հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը» (մեջբերման ավարտ):
Սահմանադրության նախաբանը, ըստ այդմ, արձանագրում է, թե ով է Հայաստանի Հանրապետության հիմնադիրը, ավելի արտահայտիչ՝ Հայաստանի Հանրապետության սեփականատերը։ Արձանագրումը, հետևաբար, միանշանակ է՝ հայ ժողովուրդը. հայ ժողովուրդն է Հայաստանի Հանրապետության իրավատերը, նրա ճակատագրի որոշողն ու պատասխանատուն։
Ընդ որում, սա ընդամենը սահմանադրական ձևակերպում կամ նախադասություն չէ, այլ մի գիտակցություն, որ, համոզված եմ, անթեղված կամ ակտիվ գիտակցության կարգավիճակում նստած է յուրաքանչյուր հայի մեջ։ 2018 թվականի հեղափոխությունը նաև սրա ապացույցը դարձավ, որովհետև հեղափոխության գործընթացը չսահմանափակվեց միայն Հայաստանի Հանրապետությամբ, այլ ծավալվում էր ամբողջ աշխարհով՝ Սան Պաոլոյից մինչև Լոս Անջելես, Փարիզից մինչև Սիդնեյ, Լոնդոնից մինչև Խաբարովսկ։
Այս և նմանատիպ հեռավոր քաղաքներում ապրող հայերն իրենց կազմակերպած հրապարակային միջոցառումներով, սոցիալական ցանցերում իրենց իրականացրած ակցիաներով ինտեգրվեցին հեղափոխական գործընթացին, այդ ողջ ընթացքում ապրեցին Հայաստանով և ուրեմն ապրեցին Հայաստանում։
Հազարավոր մեր հայրենակիցներ այդ օրերին արտերկրից եկել են Հայաստան և իրենց համայնքների ներկայությունն ապահովել Երևանի Հանրապետության հրապարակում։
Իսկ ինչպիսի՞ դեր է ունեցել Արցախը հեղափոխության ընթացքում։ Նույնկերպ հազարավոր արցախցիներ, ուսանողներ, ձեռներեցներ, քաղաքական գործիչներ Երևանում ակտիվորեն ներգրավված են եղել հեղափոխության գործընթացներում։ Բավական է ասել, որ հեղափոխության ամենաակտիվ դեմքերից մեկը՝ այսօր արդեն Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հեղափոխության օրերին հաշվառված էր Արցախի Մարտունի քաղաքում և հեղափոխությանը մասնակցել է որպես Արցախի հպարտ քաղաքացի, որպես հեղափոխության հարթակում Արցախի հպարտ ներկայացուցիչ։
Եվ ավելին, այն, որ հեղափոխության օրերին Արցախը կարողացավ ամուր և կայուն պահել առաջնագիծը, աննկարագրելի զորություն և վստահություն տվեց Հայաստանին, հեղափոխությանը, որովհետև առաջնագծում տեղի ունեցած ցանկացած սադրանք կարող էր գլխիվայր շրջել Հայաստանում քաղաքական զարգացումների տրամաբանությունը և բերել անկանխատեսելի հետևանքների։ Հեղափոխության այդ օրերին, ըստ էության, դերերի խորհրդանշական փոփոխություն տեղի ունեցավ։
Եթե հեղափոխությունից առաջ և հետո Հայաստանի Հանրապետությունն է կանգնած Արցախի թիկունքին, 2018 թվականի գարնանը Արցախը կանգնեց Հայաստանի և հեղափոխության թիկունքին՝ ամուր պահելով այդ թիկունքը և մեծ ուժ տալով հեղափոխության գործընթացներին։ Եվ ուզում եմ իմանաք, սիրելի արցախցիներ, դա բարձր, չափազանց բարձր գնահատանքի արժանի իրողություն է, և կարող եմ լիաթոք ասել՝ հպարտ ենք ձեզանով, սիրելի արցախցիներ, խոնարհվում ենք ձեր առաջ, սիրելի արցախցիներ, սիրում ենք բոլորիդ, սիրելի արցախցիներ։
Սիրելի ժողովուրդ,
Սիրելի հայրենակիցներ,
Բայց ինչո՞ւ եմ այս ամենն ասում։ Ոչ ամենևին պատմական էքսկուրսի համար, այլ ի ցույց դնելու, որ երբ ասվում է ժողովրդական հեղափոխություն, պետք է հասկանալ համահայկական հեղափոխություն, որովհետև ժողովուրդը համայն հայ ժողովուրդն է, ինչպես արձանագրված է Սահմանադրության մեջ դե յուրե և ինչպես արձանագրվեց հեղափոխության ժամանակ դե ֆակտո։
Իր հերթին համահայկական հեղափոխություն նշանակում է, որ հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև համայն հայության շրջանում, համայն հայության մեջ։
Սա էլ իր հերթին նշանակում է, որ հեղափոխության արժեքները համահայկական արժեքներ են, և այդ արժեքների շարունակական ինստիտուցիոնալ արմատավորումը հայության շրջանում մեզ կրկին դնելու է աշխարհի առաջատար ժողովուրդների շարքում։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ հեղափոխությունը տեղի է ունեցել, բայց չի ավարտվել, որովհետև արժեքների հաստատումը, ամրագրումը, մարսումը տևական քաղաքական պրոցես է, որը շարունակվում է և դեռ պիտի շարունակվի Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։
Ըստ այդմ, համահայկական հեղափոխության ամենաառանցքային արդյունքը պետք է լինի այն, որ մեր իրականության մեջ երկար տարիներ գերիշխած հատվածականությունը պետք է փոխարինվի համահայկականությամբ։ Կրկնում եմ՝ մեր իրականության մեջ երկար տարիներ գերիշխած հատվածականությունը պետք է փոխարինվի համահայկականությամբ։ Սա առաջին հերթին նշանակում է, որ մենք պետք է հրաժարվենք այն մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, իջևանցիների, գյումրեցիների, սփյուռքահայերի։
Սա ամենևին չի նշանակում, թե մենք պետք է հրաժարվենք մեր ծննդավայրից, նրա նկատմամբ մեր ունեցած զգացմունքներից։ Դա ընդամենը նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրի համար մեր ծագումը պետք է լինի մեզ համայն հայության մաս դարձնող և ոչ թե նրանից անջատող, նրանից առանձնացնող գործոն։
Մի-ա-ցում, մի-ա-ցում։
Նույն խնդիրը, ի դեպ, երկար տարիներ մենք ունենք Սփյուռքում, երբ հայությունը բաժանված է ոչ միայն պարսկահայերի, լիբանանահայերի, հունահայերի, այլև հին Սփյուռքի և նոր Սփյուռքի, և այդ բաժանումը, ցավոք, երբեմն բերում է հակասությունների ու հակադրությունների։ Այս իրավիճակը կտրականապես չի տեղավորվում համահայկական հեղափոխության տրամաբանության մեջ, և կառավարության կառուցվածքում տեղի ունեցած վերջին փոփոխությունների, մասնավորապես, Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատարի ինստիտուտի ներդրման առանցքային նպատակը ոչ միայն հին ու նոր Սփյուռքների, այլև Հայաստանի և Սփյուռքի միջև սահմանները ջնջելն է, սահմանները վերացնելը։
Սփյուռքը պետք է իրեն Հայաստանի գործերի լիարժեք շահառու զգա, և լինի այդպիսին, ինչպես էր ոչ բռնի, թավշյա, ժողովրդական, այսինքն՝ համահայկական հեղափոխության օրերին։
Համահայկականության հաջորդ կարևոր դրսևորումը պետք է լինի ուժերի մեկտեղումը՝ ընդհանուր նպատակների իրագործման համար, իսկ մեր ընդհանուր նպատակը կարող է և պետք է լինի միայն ու միայն Հայաստանի և Արցախի զարգացումը բառիս բոլոր՝ անվտանգային, տնտեսական, աշխարհաքաղաքական իմաստներով։ Հայաստանում և Արցախում արձանագրված տնտեսական և քաղաքական հաջողությունները կհզորացնեն նաև Սփյուռքը։
Հարկ եմ համարում ընդգծել, որ Սփյուռքի հզորացում ասելով նկատի ունեմ արտերկրում ապրող հայերի թվի և ազդեցության աճը՝ ոչ ամենևին Հայաստանից տեղի ունեցող արտագաղթի հաշվին։
Գիտեք, անշուշտ, որ դեպի Հայաստան ներգաղթ հարուցելը մեր կառավարության ծրագրային առաջնահերթություններից է, հետևաբար, բոլորիդ մոտ հարց է ծագում՝ ինչպե՞ս է հնարավոր, որ Հայաստանից արտագաղթը դադարի, Սփյուռքից դեպի Հայաստան ներգաղթ սկսվի, իսկ Սփյուռքում ապրող հայերի թիվն ավելանա։
Խնդիրն այն է, որ ինչպես երկար տարիներ արտագաղթից տառապում է Հայաստանը, շատ ավելի երկար տարիներ արտագաղթից տառապում է նաև Սփյուռքը։ Հայաստանից արտագաղթն արտահայտվում է նրանով, որ մեր հայրենակիցները հեռանում են հայրենիքից և ապրում են որևէ օտար երկրում։
Սփյուռքից արտագաղթն արտահայտվում է նրանով, որ մեր հայրենակիցներն ավելի ու ավելի պակաս են ներգրավված լինում հայկական օրակարգերում և հայկական կյանքում։ Սրա հետևանքով ավելի ու ավելի պակաս են շփվում Հայաստանի ու հայության հետ, սրա հետևանքով թուլանում է կապը հայկական իրականության հետ։ Ապա կորսվում է հայոց լեզուն, թուլանում է հայկական ինքնության զգացողությունը, ապա և կորսվում։
Այս երևույթը հասկանալիորեն առաջին հերթին ազդում է Սփյուռքի երիտասարդների վրա, ինչն առավել ցավոտ է դարձնում Սփյուռքից արտագաղթի այդ գործընթացը։ Բայց որ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության օրերին, երբ Հայաստանն աշխարհի բոլոր առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր ոչ թե բացասական, տագնապալի, այլ դրական և ոգևորիչ լուրերի բերումով, Սփյուռքում նույնպես ներգաղթի միտումներ սկսեցին ի հայտ գալ։
Հազարավոր երիտասարդներ, ովքեր համարյա մոռացել էին իրենց հայկական ինքնության մասին, նույնիսկ չեն տիրապետում հայոց լեզվին, ովքեր վաղուց հետաքրքիր չէին համարում հայկական իրականությունն ու օրակարգը, սկսեցին ավելի ու ավելի ակտիվ հետաքրքրվել այդ օրակարգով, այդ օրակարգի մեջ ներգրավված լինելու հնարավորություններով։ Այս երևույթը նկարագրելով՝ այդ երիտասարդներից շատերը, գուցե տարօրինակ, բայց մեր գիտության համար շատ հետաքրքիր ձևակերպումներ են անում՝ ասելով, որ հեղափոխության այդ օրերին և դրա արդյունքում հայ լինելն իրենց համար կրկին դարձավ հետաքրքիր, գրավիչ ու հեռանկարային։ Եվ համարում եմ, որ սա պետք է լինի համահայկական հեղափոխության հաջորդ կարևոր արդյունքը։ Հայ լինելը պետք է լինի հետաքրքիր, հայ լինելը պետք է լինի գրավիչ, հայ լինելը պետք է լինի հեռանկարային։
Եվ այս հետաքրքրությունն ու էներգիան պիտի տարածվի հայկական ինքնությունից հեռացած մեր բոլոր հայրենակիցների շրջանում՝ սկսած Սփյուռքից արտագաղթած հայերից և ավարտած մեր այն հայրենակիցներով, որոնց ընդունված է անվանել ծպտված հայեր։ Եվ ահա Հայաստանի և Արցախի զարգացումը՝ որպես մրցունակ, գրավիչ, տեխնոլոգիական երկիր, պետք է մեծ հայրենադարձության ամենահզոր խթանը դառնա, և ոչ միայն Հայաստանից ու Արցախից արտագաղթածները պետք է վերադառնան հայրենիք, ոչ միայն միլիոնավոր սփյուռքահայեր պետք է վերադառնան հայրենիք, այլև Սփյուռքից արտագաղթած միլիոնավոր հայեր պետք է նորից հետաքրքրվեն իրենց հայկական ինքնությամբ, պետք է հետաքրքրվեն հայկական օրակարգով և ներգրավեն նրա իրագործման մեջ և վերադառնան հայկական իրականություն։
Եվ ուրեմն, համահայկականության հաջորդ դրսևորումը պետք է լինի հայկական ողջ ներուժի կենտրոնացումը Հայաստանի զարգացման ստրատեգիական նպատակների իրագործման շուրջ։ Հայաստանի կառավարությունն արդեն երկար ժամանակ աշխատում է Հայաստանի երկարատև զարգացման մեգանպատակների շուրջ, որոնք, մեր կարծիքով, պետք է համախմբեն մեր ազգային ներուժը, կենտրոնացնեն մեր ազգային ռեսուրսները՝ այդ նպատակներին հասնելու համար։
Այսօր պատեհ եմ համարում համազգային քննարկման ներկայացնել այդ ռազմավարական նպատակադրումների աշխատանքային տարբերակը՝ խնդիրներ, որոնք Հայաստանի Հանրապետությունը պետք է կարողանա լուծել մինչև 2050 թվականը։ Ըստ այդմ, մինչև 2050 թվականը պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները.
– Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու։
– Ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2.5 միլիոն մարդու զբաղվածության հարցը և վերացնել աղքատությունը։
– Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը։
– Ունենալ 10 մլրդ ԱՄՆ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10000 աշխատող ստարտափ։
– 7-ապատկել միջին աշխատավարձը։
– Բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում։
– Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը:
– Ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը 20-ապատկել։
– Կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը 20-ապատկել։
– Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի։
– Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը։
Համոզված եմ՝ հիմա ձեզնից շատերը հարցնում են՝ իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է և վերջ։
Ուզում եմ ընդգծել, որ սա մեր ռազմավարական նպատակների աշխատանքային տարբերակն է, ինչը նշանակում է, որ այն դեռ պետք է հղկվի հավելյալ քննարկումների արդյունքում։ Նույնքան կարևոր է ձևակերպել և ունենալ այս նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզը, այն կոնկրետ քայլերը, որոնք կառավարության ծրագիրը պետք է վերածեն մեգանպատակների գործնական իրագործման։
Պետք է նաև արձանագրել, որ չնայած մենք այս նպատակների համապարփակ իրականացումը տեսնում ենք մինչև 2050 թվականը, դա ամենևին չի նշանակում, թե նպատակների մի մասը չի կարող իրագործվել շատ ավելի վաղ։ Դա չի նշանակում, թե մենք մինչև 2050 թվականը պետք է նստենք և սպասենք։
Մենք այդ նպատակների իրագործման վրա աշխատում ենք այսօրվանից։ Առողջապահության 100 տոկոսանոց հասանելիությունն, օրինակ, մենք իրագործելի ենք համարում շատ ավելի վաղ։ Վերջերս, օրինակ, մեր կառավարությունը որոշում ընդունեց՝ 0-18 տարեկան բոլոր երեխաների առողջապահական հիվանդանոցային ծառայություններն իրականացնել պետական բյուջեի հաշվին, ինչը լրջագույն քայլ է առողջ հանրություն ունենալու հարցում։
Մարզական այն նպատակները, որոնք ձևակերպել ենք, հնարավոր է իրականացնել զանգվածային սպորտի զարգացման, սրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման, առողջ ապրելակերպի մշակույթի հաստատման շնորհիվ, ինչը պետք է անել հենց այսօրվանից։
Կրթությունն ազգային ապրելակերպ դարձնելն օրհասական, հրատապ խնդիր է, որովհետև մեր ռազմավարական տեսլականի կարևորագույն բաղադրիչը Հայաստանը էժան աշխատուժ երկրից բարձր որակավորում ունեցող աշխատուժ ունեցող երկրի վերածելն է, և այսօր մենք մեր հանրությանը պետք է շատ հստակ ուղերձ հղենք, որ 21-րդ դարում բարեկեցության միակ երաշխիքը մրցունակ կրթություն ունենալն է, և պետք է ստեղծենք բոլոր պայմանները, որպեսզի մրցունակ կրթությունը դառնա հանրամատչելի, սոցիալական և տարիքային բոլոր խմբերի համար։
Սիրելի հայրենակիցներ,
Ռազմավարական այս նպատակների իրագործումը պետք է դառնա համահայկական օրակարգի ողնաշարը։ Ես համոզված եմ՝ այս հավաքից հետո քննարկելու են, բաժանելու են, բազմապատկելու են՝ ինչքանով է իրատեսական այդ ծրագրի իրագործումը, ինչքանով է ռացիոնալ, ինչքանով է ճիշտ հաշվարկված։ Բայց խոսքն ամենևին դրա մասին չէ, խոսքը բոլորովին ուրիշ բանի մասին է։ Աշխարհի յուրաքանչյուր հայ պետք է ինքն իրեն երկու հարց տա և պատասխանի՝ ուզո՞ւմ է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի այսպիսի հայրենիք։ Եթե ուզում է, պատրա՞ստ է արդյոք ինքն իր բաժին ներդրումն ունենալ այդ հայրենիքի կերտման գործում։ Սա է սկզբունքային հարցը, և ես ուզում եմ ասել ընդհանրապես և ասել եմ հեղափոխության օրերին՝ իրատեսական ծրագրերը մեզ այլևս հետաքրքիր չեն։ Այն, ինչ հնարավոր է իրականացնել, մեզ այլևս հետաքրքիր չէ։ Մեզ հետաքրքիր է այն, ինչի իրականացումը բոլորը համարում են անհնար, որովհետև հայ ժողովուրդն անհնարինն իրականացնող ժողովուրդ է։ Եթե 1988 թվականին այս հրապարակում հավաքված մարդիկ մտածեին՝ հնարավո՞ր է արդյոք ազատագրել Արցախը, եթե այսպիսի հարց դնեին, շատերն այն ժամանակ էլ ասում էին՝ այդ ինչի՞ հետևից եք ընկել, դա հնարավոր չէ, բայց այսօր այստեղ՝ 2019 թվականի օգոստոսի 5-ին, մենք իրար հետ կանգնած ենք Արցախի Վերածննդի հրապարակում և արձանագրում ենք, որ այո՜, հայ ժողովուրդը վերածնվել է, և հայ ժողովուրդը պետք է հաղթի։
Եվ ուրեմն, մեր նպատակների իրագործման համար մենք պետք է կենտրոնացնենք համայն հայության ուժերն ու ռեսուրսները, ու որ կարևոր է, պետք է այդ ռեսուրսների և ներուժի համակարգումն իրականացնենք։
Այսօր էլ հայաստանյան և Սփյուռքի բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ գնահատանքի արժանի գործունեություններ են ծավալում Հայաստանում և Արցախում, և մեր խնդիրը պետք է լինի այդ գործունեությունների արդյունավետության բարձրացումը։ Նկատի ունեմ՝ Սփյուռքի, Հայաստանի տարբեր կազմակերպությունների և կառավարության գործունեությունը, ասենք, օրինակ, կրթության կամ առողջապահության բնագավառում պետք է լիարժեք տեղավորվեն միասնական ռազմավարության շրջանակում, որպեսզի մենք տեղային թեկուզ տպավորիչ հաջողությունների ինստիտուտը վերածենք իրական սիներգիայի, այսինքն՝ պոզիտիվ էֆեկտի 10-ապատկման, 100-ապատկման։
Նույնը վերաբերում է մնացած բոլոր ոլորտներին, նույնը վերաբերում է նաև տնտեսությանը, և Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկրի վերածելու տեսլականը անհնար է առանց հայաստանյան և Սփյուռքի ներդրումների, և Հայաստանը հայկական ներդրումների թիվ մեկ ուղղություն դարձնելը պետք է դառնա համահայկական օրակարգի հաջորդ կարևորագույն թեմաներից մեկը։
Շատ են ասում, թե կապիտալը և ներդրումը հայրենիք չունի, բայց կրկին ու կրկին ինձ թույլ կտամ չհամաձայնվել նման ձևակերպման հետ, որովհետև հայկական կապիտալը հայրենիք ունի, և այդ հայրենիքը Հայաստանն է, և այդ հայրենիքը Արցախն է։
Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ են, օրինակ, Թումո կենտրոնները ստեղծվել Հայաստանում ու Արցախում և այստեղից են տարածվում դեպի Ֆրանսիա, Ռուսաստան, Գերմանիա։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ են smart center-ները ստեղծվում Հայաստանում։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ է Շառլ Ազնավուրի ընտանիքը որոշել նրա կենտրոնական տուն-թանգարանը ստեղծել Հայաստանում։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ էր Քըրք Քըրքորյանը 100 մլն դոլար նվիրաբերում Հայաստանի զարգացման գործին։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ էր անկախության առաջին օրերից ի վեր Վաչե Մանուկյանը միլիոնավոր դոլարների ներդրումներ անում Հայաստանի Հանրապետությունում։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ է Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի Հանրապետությունում միլիոնավոր դոլարների ներդրումներ անում։ Եթե կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ է Վարդան Սրմաքեշը Հայաստանում և Արցախում միլիոնավոր դոլարների ներդրումներ անում և զարգացման ծրագրեր իրականացնում։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ են Սամվել Կարապետյանը և Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդնում Հայաստանի Հանրապետությունում։ Եթե կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ է «Տավուշ տեքստիլ» ընկերության հիմնադիր Սուրեն Երիցյանը իր նոր գործարանները կառուցում հայրենի Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում՝ սահմանի ամենաեզրին հազարավոր աշխատատեղեր ստեղծելով սահմանամերձ գյուղերի բնակիչների համար։ Այս ցանկը դեռ կարելի է շարունակել։
Ընդհանրապես, ես անկեղծ ասեմ, մեր թիմում էլ շատ ասում են՝ ինչքանո՞վ է ճիշտ կոնկրետ մարդկանց անուններ տալը, որովհետև ինչքան էլ տանք, այս ցանկը դեռ երկար կարելի է շարունակել, բոլորին չենք կարող թվարկել, մի մասին կհիշատակենք, նրանց, ում չենք հիշատակի, հաջորդ հավաքում կհիշատակենք։ Բայց ես ուզում եմ, որ մենք անուն առ անուն այդ մարդկանց հիշենք, որ ասենք, նույնիսկ կապ չունի աշխարհայացքային, երբեմն քաղաքական ինչ հարաբերություններ կան, մենք գնահատում ենք Հայաստանում և Արցախում քարը քարի վրա դնելու ամեն մի գործունեությունը, և ես ուզում եմ, որ մենք բուռն ծափերով ողջունենք բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց հայրենիքում մի դրամի ներդրում են արել։ Եվ հետևաբար, հայկական կապիտալն ունի հայրենիք, որովհետև այդ կապիտալի տերերն ունեն հայրենիք, և այդ հայրենիքը Հայաստանն է, և Արցախը Հայաստան է և վերջ։
Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահներ և պատգամավորներ,
Գերաշնորհ Տեր,
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների մեծարգո անդամներ,
Համահայկական խաղերի սիրելի մասնակիցներ,
Սիրելի հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,
Հարկ եմ համարում ընդգծել, որ համահայկականության առաջարկվող տրամաբանությունն իսկապես կարող է գոյություն ունենալ և արդյունավետ լինել, եթե մենք հենվենք համահայկական մի քանի առանցքային կոնսենսուսների՝ համաձայնությունների վրա և այս հարցերում արձանագրենք մեր ազգային համերաշխությունը.
Կոնսենսուս 1. Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից։ Մեր իրականության մեջ մենք իրար մեջ հարցեր լուծելու համար բռնությունը պետք է բացառենք։ Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն և հայ ժողովրդի պատմության աղբանոցը նետվեն։ Բռնությունից զերծ հանրության, բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը պետք է մեր համազգային միավորման անկյունաքարային դրույթը դառնա։ Ի դեպ, այս համատեքստում կա միայն մի բացառություն՝ խոսքն օրինական ուժի կիրառման մասին է՝ հանցագործությունների կանխման և բացահայտման, հանրության բնականոն կյանքի ապահովման համատեքստում։
Կոնսենսուս 2. Ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն է։ Ժողովրդի կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որես հակապետական, հակաազգային գործունեություն։ Այս առումով չափազանց կարևոր եմ համարում Արցախի Հանրապետությունում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը ազատ, մրցակցային, ժողովրդավարական միջավայրում և ժողովրդի ազատ կամարտահայտման իրական երաշխիքների ապահովումը։
Հայաստանի Հանրապետությունը, ըստ այդմ, պետք է հանդես գա և հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր։
Կոնսենսուս 3. Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է, և բոլոր այն ուժերը, ովքեր կփորձեն օտար ուժերի ներգրավել ներհայկական, ներհայաստանյան հարցեր լուծելու համար, բոլոր այն ուժերը, ովքեր մեր երկրում հանդես կգան որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ, պիտի արժանանան և կարժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության ամենակոշտ հակազդեցությանը։
Կոնսենսուս 4. Հայաստանը և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից։ Կոռուպցիայի բոլոր դրսևորումները, այդ թվում՝ հովանավորչությունը, արհեստական մենաշնորհները, մրցակիցների հանդեպ հարուցվող արհեստական խոչընդոտները պետք է արմատախիլ արվեն։ Կոռուպցիոն գործունեության արդյունքում պետությանը և ժողովրդին հասցված նյութական վնասները պետք է վերականգնվեն։
Կոնսենսուս 5. Իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք։ Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունն սպառնալիք է ազգային անվտանգությանը։ Հայաստանում և Արցախում դատարանները պետք է լինեն անկախ։ Տնտեսության, քաղաքականության մեջ և հանրային կյանքի որևէ բնագավառում արտոնյալ խավի, շրջանակների, անհատների առկայությունը պետք է բացառել։ Այստեղ ուզում եմ մի մեկնաբանություն անել. սիրելի ժողովուրդ, մենք շատ արժանի մարդիկ ունենք, հայությունը ծատ արժանավոր զավակներ է տվել, բայց անընդունելի է և չի կարելի հանդուրժել, երբ որևէ մեկը ծառայություն մատուցի ժողովրդին ու հայրենիքին և հետո այդ ծառայությունը փորձի վաճառել արտոնյալ լինելու ձևով, օրենքից դուրս լինելու ձևով։
Կոնսենսուս 6. Ամենագլխավոր կոնսենսուսը՝ Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը։ Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում։
Սիրելի ժողովուրդ,
Հատկապես այս սկզբունքը կարևոր եմ համարում ընդգծել՝ ցույց տալու համար, որ անիմաստ է, ուղղակի անիմաստ է Հայաստանի գործող կառավարությանը կասկածել Արցախի դեմ որևէ հնարավոր դավադրության մեջ։ Դավադրությունը բացառված է հենց մեր կառավարության ծագումնաբանության բերումով։ Մենք Արցախի հարցի կարգավորման բանակցային սեղանի շուրջ հայտնվել ենք որպես ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ և, հետևաբար, այդ բանակցային սեղանի շուրջ կարող ենք պաշտպանել միայն ժողովրդի ցանկություններն ու իղձերը, հենվել միայն ժողովրդի ցանկությունների և իղձերի վրա, դառնալ ժողովրդի ցանկությունների և իղձերի արտահայտողը։
Կոնսենսուս 6-ը մեզնից յուրաքանչյուրին տալիս է մի այնպիսի երաշխիք, որով արմատախիլ պետք է արվի դավադրության որևէ, նույնիսկ ամենաանհավանական տեսություն։
Սիրելի հայրենակիցներ,
Ես այսօր մանրամասն չեմ անդրադառնում Արցախի հարցի բանակցային գործընթացի մանրամասներին, որովհետև մինչև այժմ արված իմ հրապարակային հայտարարություններին, ներառյալ այսօրվա հայտարարությունը, ավելացնելու ոչինչ չունեմ։
Այն, ինչ հայտարարել եմ 2019 թվականի մարտի 12-ին՝ Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում և հուլիսի 17-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նկատի ունեմ Արցախի հարցին վերաբերող հատվածը, շարունակում են և շարունակելու են մնալ Արցախի հարցի բանակցային գործընթացում մեր գործողությունների առանցքը։ Եվ չնայած Արցախի հարցի խաղաղ կարգավորումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի, և մենք լիարժեքորեն նվիրված ենք հարցի խաղաղ կարգավորման տրամաբանությանը, Արցախի և Հայաստանի անվտանգությունը մեր զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացման միջոցով մեզ համար մնում է բացարձակ առաջնահերթություն։
Իհարկե, մեծաքանակ և մարտունակ զինված ուժեր ունենալը մեր երկրի, մեր բյուջեի ծախսային մասում հսկայական տեղ ունի, և շատերը դա համարում են էական խոչընդոտ մեր երկրի տնտեսության զարգացման համար։ Բայց մեզ համար չափազանց կարևոր է արձանագրել այն հայեցակարգային փոփոխությունը, որ իրականացրել է մեր կառավարությունը։ Ըստ այդմ, մարտունակ բանակ ունենալու տեսլականը մեր երկրի տնտեսության զարգացման ոչ թե խոչընդոտ, այլ խթան պիտի հանդիսանա։ Հենց այս տեսլականը ի կատար ածելու համար է մեր կառավարությունում ստեղծվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որի ռազմավարական խնդիրը մեր անվտանգության կարիքները մեր տնտեսության զարգացման շարժիչ ուժ դարձնելն է։
Բայց ուզում եմ համոզված ասել, որ մեր կառավարության գործունեության ամենամեծ հաջողություններից մեկը համարում եմ այն փոփոխությունները, որոնք վերջին մեկ տարում արձանագրվել են Հայոց բանակի մարտունակության բարձրացման բնագավառում։ Այդ ձեռքբերումների մի մասը, սիրելի ժողովուրդ, հրապարակման ենթակա չեն, բայց մեր ժողովուրդը պիտի իմանա, որ այս ասպարեզում մեր կառավարությունը պարծենալու որոշ արդյունքներ ունի։
Այս համատեքստում կարևոր եմ համարում այն գործընթացը, որ տեղի է ունենում մեր զինվորներին բարձրորակ սննդով ապահովելու համար։ Հույս ունեմ՝ դուք տեսնում եք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում։ Այս փոփոխությունների հրապարակային արձագանքները ցույց են տալիս, որ այդ միջոցով հայոց բանակը մեր զորակոչիկների համար կդառնա ավելի գրավիչ և ուրեմն, ավելի մարտունակ։
Պետք է առանձնահատուկ հիշատակեմ Զինված ուժերում աշխատավարձերի բարձրացման որոշումը, որը չափազանց կարևոր է մեր կառավարության համար։ Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մակարդակի շարունակական բարձրացումը մեզ համար առաջնահերթություն է, և այս իմաստով առաջնային նշանակություն ունի բնակարանային ապահովման խնդիրը։ Մենք հույս ունենք Արցախի կառավարության հետ համատեղ մինչև 2023 թվականը լուծել Պաշտպանության բանակի բոլոր զինծառայողների բնակարանային խնդիրները։ Եվ մենք անպայման կլուծենք այդ խնդիրը։
Սիրելի ժողովուրդ,
Սիրելի հայրենակիցներ,
Համոզված եմ՝ մեզանից յուրաքանչյուրը հասկանում է, որ ապրում ենք պատմական մի ժամանակաշրջանում։ Այդ պատմականության առանցքային իմաստն այն է, որ հայ ժողովուրդը կրկին իր ձեռքն է վերցրել իր ճակատագրի ղեկը։ Մեր պատմությունը ցույց է տվել, որ սա մեր համազգային հաղթանակների գրավականն է։ Այս բանաձևով են կերտվել մեր ազգային հաղթանակները՝ Արտաշեսյաններից մինչև Հեթումյաններ, Սարդարապատից մինչև Արցախյան ազատամարտ։
Այս բոլոր հաղթանակներում և նվաճումներում անհատի դերը չափազանց մեծ է եղել, բայց թույլ տվեք ասել, որ նոր Հայաստանում՝ 21-րդ դարի Հայաստանում, անհատի դերը շատ ավելի մեծ է։ Հայաստանը, ցավոք, կիլոմետրերով հետ է մնացել զարգացած աշխարհից, որը շարունակում է արագընթաց տեմպերով զարգանալ, ու մեզ հարկավոր է տիեզերական արագություն հավաքել՝ մեզ զարգացած աշխարհից բաժանող այդ տարածությունը հաղթահարելու համար։
Իսկ սա հնարավոր է միայն մի պարագայում, եթե հայկական պետականությունը քաղաքական, տնտեսական առումներով վերածվի արդյունավետ ներառական ինստիտուտի, որի զարգացման գործում հնարավոր լինի իսկապես ներառել համահայկական ողջ տնտեսական, ֆինանսական, ինտելեկտուալ և կազմակերպչական ներուժը։
Իսկ սա իր հերթին նշանակում է, որ նոր Հայաստանում, խնդրու եմ ուշադրություն դարձրեք, առաջնորդությունը նույնպես պետք է փոխի իր էությունն ու բովանդակությունը այնպես, ինչպես տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական, կամ, որ նույնն է, համահայկական հեղափոխության ընթացքում, երբ հեղափոխության քաղաքական ղեկավարությունն ուրվագծում էր ռազմավարական և մարտավարական նպատակները, իսկ այդ նպատակներն ի կատար էին ածվում ցանցային առաջնորդության գործիքակազմով, երբ ամեն թաղամասում, գյուղում, քաղաքում ի հայտ էին գալիս նոր և ժողովրդական առաջնորդներ, ովքեր իրականացնում էին հեղափոխության նպատակները, կամ ավելի ճիշտ, յուրաքանչյուր քաղաքացի՝ տղամարդ, թե կին, տարեց, թե պատանի, ինքն արդեն առաջնորդ էր, և ինքն էր առաջնորդում իր գործողությունները՝ այլոց հետ համագործակցության ոգով և տրամաբանությամբ, հրապարակված նպատակադրումների, ռազմավարության ու մարտավարության շրջանակում։
Նույնը պետք է տեղի ունենա հիմա՝ պետական մակարդակում, և ժողովրդի վստահության քվեն ստացած կառավարությունը պետք է ձևակերպի ռազմավարական նպատակները, սահմանի առաջնահերթությունները, ձևակերպի և հասանելի դարձնի գործիքակազմերը և այդ նպատակների իրագործման առաջնորդությունները պատվիրակի փոքր և միջին ձեռնարկատերերին, ստարտափերին և կրեատիվ թիմերին, խոշոր և ինստիտուցիոնալ ներդրողներին ու նրանց գործունեության համար արդար, հավասար և օրինական դաշտ ստեղծի։
Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելը մի համահայկական առաքելություն է, որ պիտի համակի բոլորիս։ Դպրոցական նստարանից մենք պետք է մեր երեխաներին տոգորենք հզոր և զարգացած երկրի քաղաքացի լինելու առաքելությամբ, այնպիսի երկրի քաղաքացի, որտեղ առաջնորդությունն արտոնություն կամ մենաշնորհ չէ, այլ աշխատանքի բաժանում, և մեզնից յուրաքանչյուրը կրթությամբ, ինտելեկտուալ մակարդակով, նվիրվածությամբ ու հմտություններով պետք է կարողանա իրականացնել առաջնորդության իր բաժինը, որտեղ յուրաքանչյուր անհատական շահ հավասարակշռված է հանրային, ազգային և պետական շահի գիտակցությամբ ու համամասնությամբ։
Այսպիսի իրականություն ստեղծելու համար չափազանց կարևոր է նաև արժեհամակարգային որոշակի ճշգրտումներ իրականացնել, որոնք կհամապատասխանեցվեն մեր համազգային շահերին, նոր Հայաստանի արժեքներին։
Բոլորդ գիտեք, թե յուրաքանչյուր հայի համար որքան կարևոր են օջախ և ընտանիք հասկացությունները։ Դրանք հասկացություններ են, որոնք ձևակերպում են մեզնից յուրաքանչյուրի ինքնությունը, արժանապատվությունը և ծագումը։
Բայց, ցավոք, երկար տարիներ մի իրականություն է ձևավորվել, երբ ընտանիք պահելու, օջախ ունենալու արժեքներով մեզանում հաճախ լեգիտիմացվել են բազմաթիվ արատավոր երևույթներ։ Երբեմն կաշառակերությունը, կոռուպցիան, հովանավորչությունն ու անարդարությունները, ապօրինի գործունեության զանազան տեսակներ բացատրվել, լեգիտիմացվել են ընտանիք պահելու, հացի փող աշխատելու, օջախին նյութական միջոցներ մատակարարելու հասկանալի անհրաժեշտությամբ։
Օջախ և ընտանիք հասկացությունները վերապրել են անգամ քաղաքական մուտացիաներ՝ զարգանալով կլանային և թայֆայական կառուցակարգերի տրամաբանությամբ։
Արդյունքում ստացել ենք մի իրողություն, երբ կոռուպցիոն համակարգերի կողմից ընտանիքի շահը հակադրության մեջ է դրվել հանրության շահի հետ, երբ օջախը վերածվել է բարձր պարիսպներով հայրենիքից տարանջատված և հայրենիքի դեմ գործող տարածքի։
Ես համոզված եմ, որ նոր Հայաստանում ընտանիք և օջախ հասկացությունները պետք է նոր հարաբերություններ ունենան հայրենիքի հետ, հանրության ու պետականության հետ, որտեղ ընտանիքի շահը չպետք է հակադրվի հանրության շահին, որտեղ օջախի շահը չպետք է հակադրվի հայրենիքի շահին, որտեղ օջախն ու հայրենիքը պետք է ոչ թե պարիսպներով ու դարպասներով պարփակված փոքր տարածություններ լինեն, այլ պետական սահմաններով պարփակված պետականություն՝ Սահմանադրությամբ և օրենքներով հարաբերվող ժողովուրդ։
Ուշադրություն՝ Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։ Սա պիտի լինի մեզնից յուրաքանչյուրին առաջ մղող կարգախոսը, որտեղ մեզանից յուրաքանչյուրի ընտանիքի շահը ներդաշնակ է հանրության շահի հետ, որտեղ մեզնից յուրաքանչյուրի օջախի շահը ներդաշնակ է հայրենիքի շահի հետ, որտեղ մեզնից յուրաքանչյուրի անհատական արժանապատվությունն ու ազատությունը ներդաշնակ են հանրության արժանապատվության և հայրենիքի ազատության գաղափարների հետ։ Սա է նոր Հայաստանի արժեքային վերափոխման կարևորագույն օրակարգերից մեկը, և հենց ընկալման այսպիսի փոփոխությունն էր, որ 2018 թվականի գարնանը հանգեցրեց համահայկական հեղափոխության, երբ մարդիկ իրար ընկալում էին որպես հարազատ, երբ ժողովուրդն իրեն ընկալում էր որպես մի մեծ, երջանիկ, համերաշխ ու հաղթական ընտանիք։
Այս է պատճառը, որ մեզնից յուրաքանչյուրը վստահորեն կարող է ասել և պիտի ասի՝ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։ Ընդ որում, սա պիտի դառնա նոր ժամանակների համահայկական կարգախոս, ու այսպիսի միասնությամբ տոգորված հայ ժողովուրդն անընկճելի է ու անպարտելի։
Եվ ուրեմն կեցցե՜ ազատությունը, կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՜ Արցախը, կեցցե՜ Սփյուռքի հպարտ հայությունը, կեցցե՜նք մենք բոլորս, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ հայրենիքում, ազատ և երջանիկ Հայաստանում։
Մի-ա-ցում, մի-ա-ցում։
Սիրելի ժողովուրդ,
խոսելով հայ ժողովրդի Հայաստանի հիմնադիր և սեփականատեր լինելու մասին՝ որևէ կերպ չեմ նսեմացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մեր եզդի, քուրդ, ասորի, հույն, ռուս և մյուս եղբայրների ու քույրերի դերը։ Նրանք Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիների հետ հավասար հանդիսանում են Հայաստանի ներկայի և ապագայի որոշողը, տերն ու շահառուն։ Լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ նրանք արդեն իսկ անբեկանելի կապով կապված են հայ ժողովրդի հետ, և առնվազն սահմանադրական իմաստով հայ ժողովրդի մաս են։
Շնորհակալ եմ»։