Եգիպտոսում գտնվող քաղաքացիների Հայաստան տեղափոխման համար կառավարությունը կհատկացնի ևս մոտ 6 մլն դրամ
Կառավարությունը Եգիպտոսում գտնվող քաղաքացիների Հայաստան տեղափոխման ծառայությունների իրականացման համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացնի 5 մլն 838.6 հազար դրամ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 1-ի նիստի օրակարգում:
«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հուրգադա-Երևան ևս մեկ չվերթ կազմակերպելու անհրաժեշտությամբ, այս կապակցությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի հետ օգոստոսին չվերթ իրականացնելու վերաբերյալ:
Որոշման նախագծով նախատեսվում է «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ին հատկացնել 12 000 ԱՄՆ դոլար` 5,838.6 հազ դրամ»,- «ասված է հիմնավորման մեջ:
Միջոցները կուղղվեն պահուստային ֆոնդից:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունն արդեն իսկ Եգիպտոսում մնացած Հայաստանի 119 քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար հատկացրել էր 47 մլն 198 հազար դրամ՝ հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ցանկությամբ։
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը պայմանավորվածություն էր ձեռք բերել հունական SpotAir ընկերության հետ` Հուրգադա-Երևան երկու չվերթ`հուլիսի 26-ին և հուլիսի 29-ին կազմակերպելու վերաբերյալ։
Հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում է գտնվում 119 ՀՀ քաղաքացի։ ՀՀ դեսպանության տեղեկություններով՝ չվերթը չեղարկվել էր A&R հայկական տուր օպերատորի կողմից հունական Orange to Fly ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով։ Չեղարկվել էր նաև հուլիսի 29-ին նախատեսված նույն ընկերության Հուրգադա-Երևան չվերթը, ինչը ենթադրում է, որ նույն խնդրի առաջ են կանգնելու ևս 100-ից ավելի (ճշգրիտ թիվը ներկայումս հստակեցվում է) ՀՀ քաղաքացիներ: