Բաժիններ՝

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահը ստում է

168.am-ն այսօր տեղեկացրել էր, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից հայտնել էին, որ հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորներն այսօր՝ հուլիսի 26-ին, Եգիպտոսի ժամով 15:00-ին, Հուրգադա-Երևան թիվ UJ 5600 չվերթով կվերադառնան Հայաստան:

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը 168.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ ինչքան հնարավոր է՝ իրենց կողմից աջակցություն եղել է, բայց հիմնական գործը դեսպանն է անում:

Նրանից հետաքրքրվեցինք նաև, թե ճի՞շտ է այն տեղեկությունը, որ արտասահմանյան ավիաընկերություն է իրականացնելու քաղաքացիների տեղափոխումը:

«Այո, դա ճիշտ է: Այլ տարբերակ չկար: Մենք նաև հայկական ավիաընկերությունների հետ ենք հանդիպել, իրենք էլ կարող էին դիմել և աջակցել, բայց տեխնիկական խնդիրներ են առաջացել, քանի որ մեր հայկական ավիաընկերությունները չեն թռչում Եգիպտոս ու ամբողջ սիստեմա չունեն, թե ինչպես տոմսեր տպեն, սպասարկեն»,-պատասխանեց Տաթևիկ Ռևազյանը:

Մենք կապ հաստատեցինք հայկական երկու՝ «Տարոն-Ավիա» և «Արմենիա» ավիաընկերությունների հետ՝ հասկանալու համար, թե ո՞ր խնդիրներն են խոչընդոտ դարձել, որ հնարավոր չի եղել մեր քաղաքացիների փոխադրումը Եգիպտոսից Հայաստան իրականացնել տեղական ավիաընկերություններով։

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց ավիաընկերությունն ունի բավականին լավ աշխատող թե տեխնիկական և թե օդանավի, թե տոմսերի տպման ու վաճառքի համակարգ, որն արդեն երեք տարի է՝ աշխատում է։

«Եգիպտոսում ունենք հեդվինգային ընկերություններ, որոնց հետ ունենք պայմանագրեր, որոնք ցանկացած պահի կարող են ցանկացած չվերթ սպասարկել»,-ասաց Գևորգ Խաչատրյանը։

Վերջինս, ի պատասխան մեր հարցի, նշեց, որ իրենց ոչ ոք չի դիմել, սակայն ավիաընկերությունն իր տեխնիկական ու համակարգային հնարավորություններով լիարժեք կարող է ապահովել թռիչքը։

Ինչ վերաբերում է իրենց կողմից կոմիտեին դիմելու հարցին, «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրենն ասաց, որ դա հնարավոր չէ ինքնակազմակերպել։

«Պետք է հասկանալ իրավիճակը։ Սա ավելի շատ բիզնես ոլորտ է, և միգուցե տուրիստական կազմակերպությունն ինքն էր որոշում կազմակերպել թռիչքը։ Այս պարագայում մենք ոչինչ չէինք կարող անել։ Տվյալ տուրիստական կազմակերպությունը միշտ թռիչքներ իրականացրել է, ուղղակի պարտավորություններ է ունեցել երկրորդ կողմի նկատմամբ ու չի իրականացրել չվերթը։ Երկու բիզնես գործընկերների հարցեր են սրանք։ Վերջում կառավարության միջամտությունն է եղել, և ցանկացած առաջարկի դեպքում, երբ նման ֆորսմաժորային իրավիճակ է ստեղծվում, «Արմենիա» ավիաընկերությունը իր թռիչքային և տեխնիկական անձնակազմով պատրաստ է աջակցել»,-եզրափակեց Գևորգ Խաչատրյանը։

«Տարոն-Ավիա» ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյաը մեզ հետ զրույցում, մեկնաբանելով Քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահի հայտարարությունը, ասաց.«Բայց չէ՞ որ այդ չվերթները հատուկ չվերթներ են, որոնք կատարվում են տարհանելու նպատակով, ոչ թե նոր չվերթ է դրվում, որ տոմսերի վաճառքի խնդիր լինի: Մեր օդանավը գտնվում է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում: Մեր ղեկավարությունը պատրաստ էր այդ չվերթն իրականացնել: Մենք երեկ մինչև ուշ երեկո սպասել ենք, մինչև կոմիտեում քննարկում արվի»,-ասաց Լևոն Քարամյաը` շեշտելով, որ իրենց դիմել էին, սակայն այսօր ժամը 16.00-ին տեղեկացրել են, որ այլևս պետք չէ, առանց որևէ պատճառաբանության:

Երեկոյան հաղորդագրություն տարածվեց, որ ՀՀ կառավարությունը քննարկելու է Արտաքին գործերի նախարարությանը պահուստային ֆոնդից Եգիպտոսում մնացած Հայաստանի 119 քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար 47 մլն 198 հազար դրամ հատկացնելու հարցը:

Համապատասխան որոշման նախագիծը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, որի վերաբերյալ կազմակերպվել է գրավոր քվեարկություն:
Վերջնական որոշումը կընդունվի քվեարկության ավարտից հետո և այն, որպես կառավարության որոշում, կտեղադրվի e-gov.am կայքում:

Ըստ նախագծի, դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ցանկությամբ։

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը պայմանավորվածություն է ձեռք բերել հունական SpotAir ընկերության հետ` Հուրգադա-Երևան երկու չվերթ` հուլիսի 26-ին և հուլիսի 29-ին կազմակերպելու վերաբերյալ։

Մեր զրուցակիցները չնշեցին, թե ի՞նչ գնային առաջարկ կարող էին իրենք ներկայացնել մեր քաղաքացիներին Եգիպտոսից փոխադրելու համար, սակայն 168.am-ի հավաստի տեղեկություններով` տեղական ավիափոխադրողները մեկ չվերթի համար մոտ 3 անգամ ավելի էժան գնային առաջարկ կներկայացնեին:

Հուսանք` քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը կբացատրի, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ հայկական ավիափոխադրողները չեն իրականացրել Հուրգադայից մեր քաղաքացիների փոխադրումը Երևան, և ինչո՞ւ է պետբյուջեից երեք անգամ ավելի շատ գումար ծախսվել տեղափոխումը իրականացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս