«Եթե դա օբյեկտիվ չէ, ապա մենք գործ ունենք դատական իշխանության տապալման հետ». Փաստաբանը՝ Դավիթ Գրիգորյանի գործի մասին

Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցմանը հաջորդեց նաև Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցվածք քրեական գործի մասին Դատախազության տարածած հաղորդագրությունը  որում մասնավորապես նշվում էր.

«Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ դատավորը 2018թ. սեպտեմբերի 11-ին իրեն մակագրված բողոքի վերաբերյալ դատական գործով բողոքի քննությունը օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում սկսված ցույց տալու անձնական դրդումով 2018թ. սեպտեմբերի 14-ին ժամը 09:30-ին, չգտնվելով դատարանի շենքում, դատական նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմել, ստորագրել և դատական գործին է կցել իրականությանը չհամապատասխանող՝ դատական նիստի թղթային արձանագրություն՝ իբրև նշված օրը ժամը 09:30-09:36-ը դատական նիստ անցկացնելու մասին՝ դրանում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ առ այն, թե իբր դատական նիստին չեն ներկայացել պատշաճ ծանուցված բողոքաբերը, նախաքննության մարմնի և դատախազության ներկայացուցիչները, որի հիմքով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է մեկ այլ օր:

Ընդ որում, պարզվել է, որ նույն օրը և նույն ժամին մեկ այլ նիստերի դահլիճում դատական նիստ անցկացնելու վերաբերյալ դատավորի կողմից, դարձյալ նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմվել է այլ դատական գործով դատական նիստի դարձյալ թղթային կեղծ արձանագրություն: Ուշագրավ է այն փաստը, որ հիշյալ երկու արձանագրությունները կազմվել են պարզ թղթային եղանակով, այն դեպքում, երբ օրենքի ուժով դատական նիստի արձանագրությունը նման եղանակով կարող է կազմվել բացառապես դատարանում նիստերի ձայնագրման համակարգ չլինելու դեպքում: Ընդ որում՝ որևէ տվյալ ձեռք չի բերվել նշված նիստերի դահլիճներում առկա ձայնագրման էլեկտրոնային համակարգերի խափանման վերաբերյալ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, առաջիկայում օրենքով սահմանված կարգով կկայացվեն համապատասխան դատավարական որոշումները»:

168.am-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Աթանեսյանն անդրադառնալով հայտարարությանը՝ նշեց.

«Չեմ հավատում պատահականություններին, երբ անցյալ տարի տեղի ունեցած ինչ-որ անհասկանալի իրադարձություն՝ ինչ-որ մի գործով  երկու թղթյա արձանագրություն, պատճառ է դարձել գործ հարուցելու՝ աղմկահարույց որոշումներից հետո:

Նման պատահականություններ չեն լինում՝ հաշվի առնելով նաև այն, որ քրեական գործի հարուցումը մերժվել էր այդ դեպքով, և բոլորի մոտ առաջանում է կասկած, որ այդ ամենը կապված է դատավորի գործունեության հետ: Այդ կասկածը չպետք է գոյություն ունենար, անգամ, եթե ընդունենք, որ դա պատահականություն էր:

ԲԴԽ-ն և Դատախազությունը, հաշվի առնելով գործի հնչեղությունը և հասարակության ուշադրությունն այդ գործին, պետք է բացառեին դատավորի քրեական հետապնդումը, անգամ, եթե օբյեկտիվ իրավիճակ է եղել, որ հասարակությունը չմտածեր, թե այդ ամենը պարզապես սարքովի է:

Եթե դա օբյեկտիվ չէ, ապա մենք գործ ունենք դատական իշխանության տապալման հետ, այն նշույլներն անկախության, որոնք հեղափոխության առաջին օրերին կային,ամբողջությամբ վերացել են, և  մենք ունենք դատական համակարգ, որը միգուցե  ավելի վատն է, քան նախկինում»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս