Պարզաբանումներ` ԲԴԽ կողմից բավարարված՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության վերաբերյալ
Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող՝ դատավորի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննական մարմնի և դատախազության կողմից կայացված դատավարական որոշումների վերաբերյալ շարունակվում են տարատեսակ մեկնաբանություննները, իրականության ակնհայտ խեղաթյուրման և քաղաքականացման անթույլատրելի դրսևորումները, հարկ ենք համարում տեղեկացնել և պարզաբանել հետևյալը:
Դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից 2019թ. հուլիսի 26-ին միջնորդություն է ներկայացվել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ անձնական դրդումներով 3 դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու համար դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ:
2019թ. հուլիսի 27-ի որոմամբ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը, եզրահանգելով, որ երկու դրվագներով առկա է դատավորի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ արարքներին առնչություն ունենալու հիմնավոր կասկած, դրանցով համաձայնություն է տվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն:
Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ դատավորը 2018թ. սեպտեմբերի 11-ին իրեն մակագրված բողոքի վերաբերյալ դատական գործով բողոքի քննությունը օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում սկսված ցույց տալու անձնական դրդումով 2018թ. սեպտեմբերի 14-ին ժամը 09.30-ին, չգտնվելով դատարանի շենքում, դատական նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմել, ստորագրել և դատական գործին է կցել իրականությանը չհամապատասխանող՝ դատական նիստի թղթային արձանագրություն՝ իբրև նշված օրը ժամը 09.30-09.36-ը դատական նիստ անցկացնելու մասին՝ դրանում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ առ այն, թե իբր, դատական նիստին չեն ներկայացել պատշաճ ծանուցված բողոքաբերը, նախաքննության մարմնի և դատախազության ներկայացուցիչները, որի հիմքով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է մեկ այլ օր:
Ընդ որում, պարզվել է, որ նույն օրը և նույն ժամին մեկ այլ նիստերի դահլիճում դատական նիստ անցկացնելու վերաբերյալ դատավորի կողմից, դարձյալ նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմվել է այլ դատական գործով դատական նիստի դարձյալ թղթային կեղծ արձանագրություն: Ուշագրավ է այն փաստը, որ հիշյալ երկու արձանագրությունները կազմվել են պարզ թղթային եղանակով, այն դեպքում, երբ օրենքի ուժով դատական նիստի արձանագրությունը նման եղանակով կարող է կազմվել բացառապես դատարանում նիստերի ձայնագրման համակարգ չլինելու դեպքում: Ընդ որում՝ որևէ տվյալ ձեռք չի բերվել նշված նիստերի դահլիճներում առկա ձայնագրման էլեկտրոնային համակարգերի խափանման վերաբերյալ:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, առաջիկայում օրենքով սահմանված կարգով կկայացվեն համապատասխան դատավարական որոշումները:
ՀՀ դատախազությունը, ելնելով ավելորդ հրապարակայնությամբ դատավորի ինստիտուտի հեղինակությունը չվնասելու սկզբունքից, շարունակում է նշված քրեական գործով թույլատրելի նվազագույն չափով տեղեկատվություն տրամադրելու գործելակերպը: Այս համատեքստում անթույլատրելի ենք համարում իրենց «իրավապաշտպան» հռչակած խիստ սուբյեկտիվ առանձին «քաղաքական գործիչների», իրավաբանների կողմից դատախազության այդ գործելակերպի շահագործմամբ, առանց գործի նյութերին և փաստական տվյալներին ծանոթ լինելու, դրանց աղավաղման և հանրային թյուր կարծիք ձևավորելու էժան մանիպուլյատիվ շահարկումները: Հորդորում ենք զերծ մնալ արդեն հանրածանոթ, սակայն իրեն սպառած հնարքներից, հատկապես մասնագիտական պատշաճության հետ որևէ աղերս չունեցող կողմնակալ ու շահագրգիռ դիրքորոշումներ արտահայտելու, էթիկայի սահմաններից դուրս որակումներ հնչեցնելու դրսևորումներից:
Միևնույն ժամանակ, իրապես հետաքրքրված և առողջ մտահոգություններ ունեցողներին հիշեցնում ենք ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ և 7-րդ հոդվածներով սահմանված՝ օրենքի առջև բոլորի հավասարության և քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների մասին, որոնք անվերապահորեն տարածվում են ենթադրյալ հանցանք կատարած յուրաքանչյուր անձի վրա՝ անկախ նրա զբաղեցրած դիրքից, պաշտոնից ու գործառույթներից: