15 ամիս անց կառավարությունը հազիվ որոշել է կենտրոնանալ արդյունաբերության վրա. Դեռ ինչքա՞ն է պետք արդյունք ակնկալելու համար

Չնայած իշխանափոխությունից հետո տևական ժամանակ է անցել, այնուհանդերձ կառավարությունը դեռևս չունի տնտեսական քաղաքականության հստակ հայեցակարգ։ Վարչապետի պաշտոնը ստանձնելուց գրեթե 15 ամիս անց Նիկոլ Փաշինյանը շարունակում է խոսել ոչ թե տնտեսական քաղաքականության հայեցակարգի, այլ միայն հայեցակարգային մոտեցումների մասին։ Այդ մոտեցումների հիման վրա էլ պիտի ամբողջացվի թավշյա իշխանության տնտեսական հայեցակարգը։

Եվս ինչքա՞ն ժամանակ կպահանջվի դրա համար, առայժմ հայտնի չէ։ Բայց որքան էլ զարմանալի է, չեղած հայեցակարգի մեջ է կառավարությունը տեսնում դեռևս մի քանի ամիս առաջ հայտարարված տնտեսական հեղափոխության ապագան։

«Ըստ էության, այս հայեցակարգային դրույթները պետք է անվանեմ տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթներ, որոնք մենք առաջիկայում կամբողջացնենք և կներկայացնենք՝ որպես ամբողջական ռազմավարություն, թե ինչպես ենք պատկերացնում Հայաստանի զարգացումը  և տնտեսական կառուցվածքը: Այս փուլում արդեն կարողացել ենք կարևոր քայլ անել, խոսքը Հարկային օրենսգրքի բարեփոխումների մասին է: Տնտեսական քաղաքականության մեջ մենք նաև հարկային փոփոխությունների մի քանի մակարդակ ենք դիտում` միկրո, միջին և մակրո բիզնեսների նկատմամբ վարվող քաղաքականություն»,- Շիրակի մարզում տեղի ունեցած տնտեսական համաժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Թե ինչ կտա տնտեսությանը կառավարության նախաձեռնած Հարկային օրենսգրքի բարեփոխումները, դեռ գնահատելու ժամանակ կլինի։ Այն թեև ընդունվել է, այնուհանդերձ, առայժմ չի մտել գործողության մեջ` բացառությամբ որոշ դետալների։

Օրենսգրքի բարեփոխումները կգործեն հաջորդ տարվա սկզբից։ Չնայած, եթե այդքան կարևորվում էր այդ փաստաթղթի դերը տնտեսության համար, տրամաբանական կլիներ, որպեսզի այն հնարավորինս շուտ գործեր։

Որ փաստաթուղթը հեռու է հեղափոխական լինելուց, խոստովանում են նաև քաղաքական իշխանության ներկայացուցիչները։ Այնպես որ, դրա հետ մեծ հույսեր կապելը ոչնչով հիմնավորված չէ։ Երբ փաստաթուղթը կմտնի գործողության մեջ, դրանում շատ արագ կհամոզվենք։

Կառավարությունը կարևորում է Հարկային օրենսգրքի բարեփոխումներով միկրոբիզնեսին տրվող արտոնությունների դերը։ Բայց այդ, դերն էապես գերագնահատված է։ Այն, որ հաջորդ տարվա սկզբից միկրոբիզնեսի առանձին տեսակներ   առանձին վայրերում գործունեություն իրականացնելու ժամանակ պիտի ազատվեն հարկերից, մեծ ձեռքբերում չէ։ Չնայած կառավարությունն ու վարչապետը դա մի այլ կերպ են ներկայացնում։

«Սա կարևորում ենք գործարար ակտիվությունը մեծացնելու համար, այն մեր աջակցությունն է քաղաքացիներին և կոչ` ծավալել գործունեություն: Այս գործը տեսնում ենք՝ որպես աղքատության հաղթահարման կարևոր մի գործիք: Օրինակ, այսօր ընտանեկան բիզնեսի դեպքում շեմը բարձրացրել ենք մինչև 24 մլն դրամ: Գալիք հունվարի 1-ից այդ հնարավորությունից կօգտվեն նաև Երևանից դուրս գտնվող առևտրային կրպակները, խոսքը վերաբերում է նրանց, ովքեր իրենց գործունեությունը չեն ծավալում առևտրային կենտրոններում: Տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող հյուրատները նույնպես կօգտվեն այս արտոնությունից»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։

Ոչինչ, որ մինչ այդ էլ միկրոբիզնեսի համար գործում էին ոչ պակաս արտոնյալ պայմաններ, հիմա շատ ավելի խիստ է լինելու հսկողությունը։ Միկրոբիզնեսը ևս մտնելու է ՀԴՄ-ների դաշտ. «Մարդը պետք է ՀԴՄ թողարկի ամեն գործարքի համար, որպեսզի հանրագումարում իմանանք, թե ինչ է կատարվում: Այն արդարացումները, որ՝ տեսեք, հարկային դաշտն այնքան ծանր է, որպեսզի ՀԴՄ խփենք, որևէ նշանակություն չեն ունենալու: Եթե պարզվի, որ տվյալ ընկերությունը միկրո բիզնես է, ապա միանշանակ պետք է հարկ չվճարի: Այս ուղղությամբ ևս կառավարության քաղաքականությունը խստացվելու է: Այս դեպքում նույնպես օրենքը պետք է գործի ամենայն խստությամբ»:

Ու դրանից հետո դեռ հարց է` այսօրվա միկրոբիզնեսը կմնա՞ միկրոբիզնես, թե՞ շատ արագ կանցնի հարկային մեկ այլ, շատ ավելի ծանր դաշտ։ Կդիմանա՞ այդ դաշտում փոքր բիզնեսը, թե՞ ոչ, դեռ կտեսնենք։

«Մեր երկիրը պետք է լինի արդյունաբերական պետություն»,- ասում է վարչապետը։

Տարօրինակ կլիներ, թերևս, եթե այլ բան ասվեր։ Բայց ե՞րբ է գալու այդ ժամանակը։ Տնտեսությունը սպասելու ժամանակ և պոտենցիալ չունի, իսկ կառավարությունը կարծես չի էլ շտապում։

Իշխանափոխությունից քիչ ժամանակ չի անցել, սակայն դժվար է անգամ մտաբերել, թե այդ ընթացքում Հայաստանում քանի արդյունաբերության ձեռնարկություն է բացվել։ Խոսքը նույնիսկ մեծ ձեռնարկությունների մասին չէ։

Ու այսքանից հետո կառավարությունը նոր-նոր պատրաստվում է կենտրոնանալ «բոլոր տեսակի արդյունաբերությունները զարգացնելու վրա»:

Այս տեմպով գնալու դեպքում՝ դժվար չէ պատկերացնել, թե քանի՞ տարի անհրաժեշտ կլինի Հայաստանն արդյունաբերական պետություն դարձնելու համար։ Առավել ևս, որ առայժմ կառավարության համար պարզ չէ, թե ինչպես է աջակցելու արդյունաբերության զարգացմանը և տնտեսության արտահանելի հատվածին։

Թե մինչև հիմա ինչպիսին է եղել այդ աջակցությունը, վկայում է արտաքին առևտրի շրջանառությունը. արտահանումն առաջին կիսամյակում նվազել է։

Տեղական արտադրողին աջակցելու ձևերից մեկը վարչապետը համարում է ներքին արտադրանքի սպառումը։ Դա, անշուշտ, տեղական արտադրանքի աջակցության ձև է, բայց շատ պրիմիտիվ և ոչ արդյունավետ ձև։ Տեղական արտադրողին աջակցելու համար պետք է պայմաններ ստեղծել, առաջին հերթին՝ արտադրանքի մրցունակությունը բարձրացնելու համար։ Հազիվ թե կարելի է պատկերացնել, որ միայն հայրենասիրական մղումներով սպառողները կարող են գնալ ու տեղական, ասենք` ավելի անորակ ու թանկ ապրանք գնել։ Այդպես չի լինի։

Տեղական արտադրանքի սպառումը ներքին, ինչո՞ւ չէ, նաև արտաքին  շուկաներում ընդլայնելու միակ և արդյունավետ տարբերակը մրցունակությունն է։ Թե դա ինչի՞ հաշվին կարող է լինել, այլ հարց է։ Այստեղ անելիք ունի՝ ինչպես տեղական արտադրողը, այնպես էլ՝ կառավարությունը։ Բայց թե՛ մեկի, և թե՛ մյուսի արածը դեռևս շոշափելի չէ։

Հույսը սպառողների վրա դնելը, թերևս, ամենահեշտ տարբերակն է։ Դա կարծես սկզբունք է դառնում կառավարության համար։ Վերջինս սկսել է խնդիրների լուծումն աստիճանաբար տեղափոխել քաղաքացիների վրա` հավանաբար հետագայում պատասխանատվությունից խուսափելու ակնկալիքով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս