Բաժիններ՝

Ի՞նչ անել, երբ սխալն արդեն գործված է. տանջե՞լ սեփական անձը, թե՞…

Ես միշտ կարծել եմ, որ աշխարհի երեսին չկա մի մարդ, ով մեղք գործած չլինի: Երբ ասում ենք մեղք, ամենևին պարտադիր չէ, որ այդ մեղքը մարդասպանությունը եղած լինի: Ամենաթեթև սայթաքումն անգամ մեղք է համարվում: Ստացվում է՝ մենք բոլորս էլ մեղք գործել ենք ու ապագայում ևս ապահովագրված չենք սխալվելուց:

Ի՞նչ անել այն դեպքում, երբ սխալն արդեն գործված է. տանջել սեփական անձը, թե՞ փորձել ապաշխարել և շարունակել կյանքի ընթացքը:

Իհարկե, շատ ցավալի է, երբ մեղսավոր ենք դառնում, բայց շատ ավելի ծանր և հոգեմաշ է մեղքի զգացումով ապրելը: Ամենաթեթև սխալի դեպքում մեր մտքերը մեզ հանգիստ չեն տալիս ու թվում է՝ մենք այդ պահից սկսած դադարում ենք Աստծուն հավատարիմ լինել: Ամեն բանից զատ մենք պետք է հասկանանք, որ սխալվելը մարդու համար է, և քանի մարդը ապրում և արարում է, նա ազատված չէ սխալվելուց:

Շատ եմ հանդիպել մարդկանց, ովքեր միշտ փորձում են համոզել, որ երբևէ մեղք չեն գործել: Իհարկե դա ողջունելի է, բայց ինձ թվում է՝ այդ մարդկանց մոտ մեղքի գիտակցման խնդիր կա: Նրանք պարզապես դադարում են իրենց սխալներն ընդունել ու իրենց թվում է՝ երբեք էլ մեղք չեն գործել: Ապրում են իրենց հորինած աշխարհում, որտեղ միակ անսխալականը իրենք են լինում:

Կար ժամանակ, երբ ամեն քայլս անելուց առաջ մտածում էի միայն մեկ բանի մասին՝ հանկարծ չսխալվեմ, որովհետև ինձ միշտ թվում էր՝ եթե սխալվեմ, կկորցնեմ իմ դիմագիծը, կհեռանամ մարդկային կերպարի իմ պատկերացումներից:

Տարիների ընթացքում կյանքը ինձ ստիպեց հասկանալ և ընդունել մի փաստ. սխալվելը չի ենթադրում, որ մեր անձը կործանված է ու ապրելը՝ այլևս անիմաստ:

Հիմա, երբ նայում եմ շուրջս, հասկանում եմ, որ մարդը ստեղծված է նաև սխալվելու համար, որովհետև ամեն անգամ մենք հետևություններ ենք անում մեր սխալներից և փորձում ենք հաջորդ անգամ նույնը չկրկնել: Ու ամենևին պետք չէ մեղավորի հոգեբանությամբ ապրել ու տանջել միտքն ու հոգին: Մենք անկատար չենք ու դրանով էլ, թերևս, տարբերվում ենք մեր Արարչից:

Մարիետտա Խաչատրյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս