«ԵՄ-ն չի կարող ՀՀ իշխանությունների աշխատանքը ստանձնել»․ Հալբախ

«Այսօր փոփոխություններն այնքան մասշտաբային չեն ՀՀ-ԵՄ  գործակցությունում, որպեսզի հնարավոր չլինի այն տեղավորել առկա ձևաչափի մեջ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ՀՀ դատաիրավական ոլորտի բարեփոխումների եվրոպական աջակցությանը։ Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ասել էր, որ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել շատ հստակ չափելի ֆինանսական աջակցություն դատաիրավական բարեփոխումների գործընթացի համար:

«Այս հարցը քննարկվել է մի քանի օր առաջ: Մեր աջակցությունը չափազանց կարևոր է ֆինանսական տեսանկյունից: Մենք այս պահին դիտարկում ենք աջակցության երկու ուղղություն՝ ուղիղ աջակցություն և բազմամիլիոնանոց աջակցության ծրագիր առաջիկա երեք-չորս տարիների համար: Մենք անհամբեր սպասում ենք կոնկրետ պլանների, որոնք ՀՀ կառավարությունը քննարկում և ուրվագծում է: Մենք պատրաստ ենք այդ պլաններում Հայաստանին աջակցություն տրամադրել»,- նշել էր Սվիտալսկին:

Դեսպանը շեշտել էր, որ ԵՄ-ն բարեփոխումների որևէ մոդել չի պարտադրում, ԵՄ-ում չկա մեկ միասնական մոդել, որը կաշխատի պատշաճ:

«Խնդիրներ կան նույնիսկ ԵՄ ընտանիքում: Այնպես որ, ԵՄ-ն ոչինչ չի պարտադրում, բայց մենք պատրաստ ենք խորհրդատվություն տալ, մոբիլիզացնել փորձագիտական ներուժը, կիսվել փորձով: Եթե Հայաստանին հետաքրքրում է որևէ երկրում կատարված փոփոխությունների մոդելը, փորձագետները կասեն՝ ինչն էր լավ, ինչը՝ վատ, որպեսզի Հայաստանը չկրկնի սխալները»,- ասել է դեսպանը:

Հալբախն ուշադրություն հրավիրեց այն հայտարարության վրա, որ ԵՄ-ն պատրաստ է միայն աջակցել՝ չառաջարկելով ծրագրեր, գաղափարներ, չառաջարկելով հաջողված մոդելներ։

Ըստ նրա՝ սա ենթադրում է առանցքային նրբություն այս համագործակցության հարցում։ Հալբախի դիտարկմամբ՝ այս հայտարարությունը կարևոր է նախ՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից, քանի որ ուկրաինական, վրացական զարգացումներից, ասոցիացումից Հայաստանի հրաժարաումից հետո ԵՄ հայտարարություններն ավելի զգուշավոր են, բոլոր վտանգները հաշվի առնող։

Հալբախի խոսքով՝ Հայաստանը նաև ԵՄ անդամ չէ, չի ասոցիացվել ԵՄ չափանիշերին, սա սահմանափակում է ԵՄ-ի կողմից նման ծրագրային միջամտությունը։

«ԵՄ-ն չի կարող ՀՀ իշխանությունների աշխատանքը ստանձնել։ Կարող եմ ենթադրել, որ սկզբնական փուլում գուցե ՀՀ-ն պահանջել է աջակցություն՝ առանց հստակ ծրագրերի, և դրանով է բացատրվում դեսպանի հայտարարությունը, որ՝ Դուք պետք է ներկայացնեք ծրագրերը, մենք պատրաստ ենք աջակցել։ Ծրագրերի շուրջ պետք է տեղի ունենա աջակցության մասին քննարկումը։ Դատելով դեսպանի խոսքերից՝ ԵՄ-ն տրամադրված է երկարաժամկետ աջակցության»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է այս տարի կրկնապատկված ԵՄ աջակցությանը, Հալբախն ասաց, որ դա էական առաջընթաց կարելի է համարել Հայաստանի համար։ «Դեսպանը թվարկեց, թե ինչն է հաշվի առնվել այս տարվա համար։ Ամեն տարի այդ դիտարկումն իրականացվում է, և ըստ այդ տարվա արդյունքների՝ որոշում է կայացվում։ ԵՄ-ն ակնկալում է, որ այդ ֆինանսավորումը կծառայի իր նպատակին, այլապես նման միջոցներ չեն տրամադրվի։ Սա նաև փորձնական փուլ է՝ հասկանալու համար, թե որքանով արդյունավետ ու ժամանակին կիրականացվեն ստանձնված պարտավորությունները»,- ասաց նա։

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների քաղաքական մակարդակին՝ Հալբախն ասաց, որ կողմերը ցանկություն չեն հայտնում հարաբերությունները փոխադրել այլ մակարդակի, քանի որ դեռ երկար ժամանակ չի անցել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումից։

«Հասկանալի է, որ ժամանակ է հարկավոր նոր, ավելի խորը օրակարգ մշակելու համար, հատկապես, երբ արտաքին քաղաքական կողմնորոշման մասին խոսակցություններ ՀՀ-ում չկան։ Այսօր փոփոխություններն այնքան մասշտաբային չեն երկկողմ գործակցությունում, որպեսզի հնարավոր չլինի այն տեղավորել առկա ձևաչափի մեջ»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս