Սիրենք Եվրոպան մեր մեջ

Դատական համակարգի հանդեպ հարձակումը վերջնականորեն խախտեց Հայաստանում որևէ էտալոնային ստանդարտ ունենալու հույսը, որով կչափվեր իշխանությունների գործողությունների իրավաչափությունը։ Գիտակից քաղաքացիներից ոմանք անգամ մտածում են․

«Զզվեցինք, դե լավ, թող նստացնի Քոչարյանին, բայց հանգիստ թողնի երկիրը, դադարի պետական ինստիտուտները հանուն Քոչարյանի ձերբակալման ոչնչացնել», սակայն իրենց մտածածը նրանք չեն արտաբերում՝ շատ լավ հասկանալով, որ դրանով դատական համակարգի ասպատակությունը չի դադարի, քանի որ ասպատակության նպատակն իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ մենիշխանության հաստատումն է։

Այս ասպատակության դեմ պայքարը շատ բարդ է, քանի որ իշխանությունն օգտագործում է մեթոդների մեծ համալիր, այդ թվում նաև՝ անազնիվ։ Երբ բերվում են դատական համակարգի ստատուս-քվոյի պահպանման և բարեփոխական զարգացումների սահմանադրական և իրավական հիմնավորումներ, այն դեմ է առնում դեմագոգիական բառախաղին, տրամաբանության չարամիտ խախտմամբ հայտարարություններին և ամբոխավարական շրջափակումներով հարձակումներին։

Իշխանությունները ոչ միայն՝ անխնա հեղինակազրկում են դատարանները, ինչն իր  զարգացման մեջ, ի վերջո, հանգեցնելու է քաղաքացիների կողմից դատական որոշումներին չենթարկվելուն և քաոսի, այլև՝ բազմիցս  հայտարարել են, որ իրենք էլ չեն ենթարկվելու դատական որոշումներին։

Այսինքն, դատական իշխանությունը գրավելուց առաջ նրանք մտադիր են ոչնչացնել այդ իշխանությունը։ Իհարկե, ակնհայտ է, որ նման մեթոդով ոչնչացված դատարանը գրավելուց հետո դատարանը վերականգնելն անհնարին կլինի, սակայն պետականության մասին տարտամ պատկերացումներ ունեցող և այսօրվա խնդիրներով առաջնորդվող քաղաքական ղեկավարությանն այդ հանգամանքն այս պահին քիչ է անհանգստացնում։ Ի տարբերություն ավելի քան 2 հազար տարի առաջ իշխած իր կոլեգայի՝ Արտավազդ Արտաշիսյանի, Նիկոլ Փաշինյանը դիսկոմֆորտ չի զգում ավերակների վրա թագավորելուց։

Սահմանադրական դատարանը, վերացարկվելով տեղական քաղաքականության իրավական նիհիլիզմից, գտավ այս հարձակումներից պաշտպանվելու ամենաարդյունավետ ձևը և դիմեց ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովին ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ)։ Իշխանությունների համար սա շոկ էր։ Նրանք սովոր են, որ Հայաստանում իրականացվող ամեն ինչ իրենք պետք է կառավարեն ժողովրդի անունից, իսկ եթե իրենց լծակները չեն բավարարում, ապա դիմեն ամբոխի կողմից գործողություններին և դեմագոգիկ հայտարարություններին։

Միաժամանակ, արդեն ավելի քան մեկ տարվա փորձն իշխանությունների համար բացահայտել է այն դառը ճշմարտությունը, որ ժողովրդի անունից ժողովրդավարական Եվրոպային սպառնալն արդյունավետ չէ, բացի այդ, իշխանությունը չունի բավարար ռեսուրսներ Ստրասբուրգի դատարանը շրջափակելու համար։

Եվ ուրեմն, ուզեն թե չուզեն, իշխանությունների համար միակ ելքը մնում է՝ ենթարկվել եվրոպական որոշումներին։ Իհարկե, հօգուտ մեր իշխանությունների՝ պետք է նկատել, որ ՄԻԵԴ-ի արձագանքը բավականին երկար է տևում։ Այդ ընթացքում, իհարկե, կակտիվանան մերձիշխանական սազանդարները, որոնք կսկսեն բողոքել, որ դրսից տղա են բերում Նիկոլ Փաշինյանի վրա։ Եվ իրենք ճիշտ են՝ երբ տեսնում ես, որ քո վրա հարձակվում է ագրեսիվ ամբոխը, շատ հաճախ ստիպված ես լինում դիմելու կողքի թաղի հեղինակությանը, որը քեզ կպաշտպանի այդ ամբոխից։ Իսկ սազանդարների քրթմնջոցները ներքին լսարանին առաջնորդի անսխալականությունն ապացուցելու համար է, բայց հընթացս այն նաև նույն ներքին լսարանի համար վատ իմիջ է ստեղծում արևմտյան ժողովրդավարության մասին։

Իրականում արևմտյան ժողովրդավարությունը միայն ԼԳԲՏ համայնքի իրավունքներին չէ, որ վերաբերում է։ Կարելի է Եվրոպայից ժողովրդավարության այբուբենը սովորել, որի հիմքն իշխանության թևերի տարանջատումն է և դատական իշխանության անկախությունը գործադիրից։ Թե չէ, անընդհատ բողոքելը, որ Սահմանադրական ու մյուս դատարանները նախորդ իշխանությունն է կերտել, ուրեմն՝ նրան էլ ենթարկվում են, ամբոխահաճո պնդում է, եթե հընթացս չես հիշատակում, որ ոչ միայն գլխավոր դատախազին է նախկին քրեաօլիգարխիկ ռեժիմը նշանակել, այլև՝ որ գործադիր իշխանությունն է ձևավորվել նախկին քրեաօլիգարխիկի քվեարկությամբ և գրած օրենքներով։

Աղասի Ենոքյան

Տեսանյութեր

Լրահոս