Հայաստանի կորսված մեկուկես տարիները

ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ հրավիրված հրաժեշտի ասուլիսում հայտարարել է, որ ԵՄ-ն կրկնապատկել է Հայաստանին հատկացվող օգնությունը՝ այն 35 միլիոնից հասցնելով 70 միլիոնի։ Դեսպանը հրապարակել է նաև տարբեր ծրագրերով ու տարբեր հիմնադրամների միջոցով Հայաստանին հատկացվող օգնության այլ՝ բավական պատկառելի ծավալի թվերի մասին տեղեկություններ։

Սվիտալսկիի ասուլիսի ընդհանուր ուղերձն այն էր, որ, եթե Հայաստանը շարունակի բարեփոխումները, ապա կարող է ակնկալել Եվրամիության կողմից մեր երկրին տրամադրվող տեխնիկական, փորձագիտական և, ամենակարևորը՝ ֆինանսական աջակցության ավելացման։ Եվրամիությունը Հայաստանին ամենաշատ դրամաշնորհներ և աջակցություն տրամադրած կազմակերպությունն է վերջին մի քանի տարիներին, եթե ոչ՝ տասնամյակներին։

Այսինքն՝ ինչպես քաղաքականապես, այնպես էլ՝ ֆինանսական աջակցության առումով եվրոպական ուղղությունը Հայաստանին ամենամեծ նպաստը բերած և բերող ուղղությունն է։ Սակայն այդ ուղղությունը, չնայած հռչակագրերին, չի հանդիսանում Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթությունը, այդպիսին չի հանդիսացել նաև նախորդ իշխանությունների օրոք։

Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը եղել և մնում է Ռուսաստանն ու եվրասիական տարածությունը, որոնցից Հայաստանի քաղաքական, առավել ևս՝ տնտեսական օգուտները բավական վիճարկելի են։ Հայաստանը եղել և շարունակում է մնալ ռուսական ուղեծրում պարտադրված, որպեսզի չպատժվի Ռուսաստանի կողմից։

Այսինքն՝ մեր արտաքին քաղաքականությունը կառուցված է մի կողմից՝ Ռուսաստանի կողմից չպատժվելու, մյուս կողմից՝ Արևմուտքի կողմից աջակցություն ստանալու սկզբունքների հիման վրա։ Ինչպիսի՞ն կլիներ իրավիճակը, եթե Հայաստանը կարողանար հաղթահարել ռուսական սպառնալիքը և արտաքին քաղաքականությունը համապատասխանեցներ սեփական շահերին՝ ընտրելով նաև քաղաքականապես Արևմուտքին իրապես ինտեգրվելու քաղաքականություն։

Այս հարցի միարժեք պատասխանը, բնականաբար, չկա։ Եթե նախկինում այս իրողությունը նախկին ընդդիմադիր, այսօր՝ իշխանություն դարձած գործիչների կողմից հիմնականում մեկնաբանվում էր իշխանության ոչ լեգիտիմությամբ և լուրջ քննադատությունների էր ենթարկվում, ապա գործող իշխանությունը լեգիտիմության խնդիր չունի։

Սակայն այդ լեգիտիմությունը, իշխանությունը Նիկոլ Փաշինյանը չի կարողացել կամ չի ցանկացել իրացնել արտաքին քաղաքականության բնագավառում, ինչի արդյունքում մենք հայտնվել ենք Արևմուտքից աջակցություն ստացող ու այդ աջակցությամբ զարգացող պետության դիրքերը, իր տրամաբանությամբ, հակաարևմտյան Եվրասիական միությունում ամրացնող երկրի կարգավիճակում։ Այս իրավիճակը լայն իմաստով վկայում է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության դիսբալանսի մասին, որը, սակայն, երկար շարունակվել չի կարող։

Հայաստանը մի օր ստիպված է լինելու ընտրություն կատարել Եվոպական միության և Ռուսաստանի միջև։ Այդ երկընտրանքում շահած կամ առնվազն չկորցրած դուրս գալու ամենակարևոր ռեսուրսն իշխանության լեգիտւմությունն է, որը, սակայն, վերջին մեկուկես տարիներին օգտագործվել է միայն Ռուսաստանին ու Վլադիմիր Պուտինին սիրաշահելու փորձերի համար։ Առայժմ՝ անօգուտ և չհաջողված փորձերի համար։

Ի դեպ, նաև նշենք, որ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պ. Սվիտալսկու երեկ նշած 70 միլիոն եվրո աջակցությունը միանվագ է ու միայն այս տարվա համար է նախատեսված։ Հայաստանի ֆինանսավորման ծավալի շրջանակը մնում է նույնը և արձանագրված է Գործընկերության գերակայության փաստաթղթում, որի ժամկետը կլրանա 2020 թվականին։ Այդ ժամկետից հետո, նոր բանակցություններից և նոր փաստաթղթի ստորագրումից հետո պարզ կդառնա՝ երկարաժամկետ ֆինանսավորում, այնուամենայնիվ, կլինի՞, թե՞ ոչ։

ՀՀ-ին հատկացվող օգնության 35 միլիոնը  70 միլիոնի հասցնող կրկնապատկումը պայմանավորված է նաև այն դժգոհություններով, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցնում էր ԵՄ հասցեին՝ ֆինանսական աջակցությունների պահանջով։

Տեսանյութեր

Լրահոս