Մոնթեսորիի համակարգի մասին ճշմարտությունն ու առասպելները
Իսկապե՞ս ականավոր մանկավարժն իր երեխային հանձնել է այլ ընտանիքի։
Մարիա Մոնթեսորին հանրահայտ իտալացի մանկավարժ, գիտնական և բժիշկ է։ Նրա կողմից առաջարկված երեխաների զարգացման համակարգը ԽՍՀՄ-ում աջակցություն չգտավ, նրա աշխատությունները չթարգմանվեցին, իսկ անունը հայտնի էր միայն նեղ շրջանակներում։
Վերջին ժամանակներս Մոնթեսորիի մեթոդի մասին կարելի է լսել գործնականորեն յուրաքանչյուր մասնավոր կրթօջախում։
Նրա անունը պարուրված է առասպելներով։ Նրա հակառակորդների ամենազորեղ փաստարկն այն է, որ Մոնթեսորիի որդին մինչև 10 տարեկան դառնալը դաստիարակվել է այլ ընտանիքում։ Կա՞ արդյոք դրա մեջ ճշմարտություն։
Մարիա Մոնթեսորիի մասին բազմաթիվ քննարկումների ժամանակ հաճախ մոռանում են մի շատ կարևոր հանգամանքի մասին։ Նա ծնվել ու մեծացել է այն ժամանակ, երբ կանանց առջև պարզապես փակ էր դեպի գիտություն ու բժշկություն ընկած ճանապարհը։
12 տարեկանում նա առաջին քայլն արեց կարծրատիպերը կոտրելու ճանապարհին ու ընդունվեց տեխնիկական դպրոց, քանի որ բոլոր առարկաներից ամենաշատը մաթեմատիկան էր սիրում։ Այդ ժամանակ տեխնիկական դպրոց ընդունում էին միայն տղաներին, բայց նրան հաջողվեց ընդունվել ու հաջողությամբ ավարտել այն։
Դեռ այն ժամանակ Մարիան սկսեց մտածել այն մասին, թե արդյո՞ք հնարավոր է ուսուցման այնպիսի համակարգ ստեղծել, որի պարագայում սովորողի անհատականությունը չի ճնշվի։
Հաջորդ քայլը համալսարան ընդունվելն էր։ Սակայն այդ ժամանակ բարձրագույն կրթությունն ու բժշկական պրակտիկան Իտալիայում նույնպես բացառապես տղամարդկային առաջնահերթություն էին։ 25 տարեկանում Մարիա Մոնթեսորին դարձավ Իտալիայում առաջին կին բժիշկներից մեկը։ Բացի դրանից, նա առաջիններից մեկը երկրում ստացավ գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
Համալսարանական կլինիկայում Մարիան առաջին անգամ տեսավ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների ու ուշադրություն դարձրեց այն բանին, որ նրանք թողնված էին իրենց հույսին։ Զբաղվելով մասնավոր բժշկական պրակտիկայով՝ Մոնթեսորին զուգահեռաբար ուսումնասիրում էր մանկավարժության վերաբերյալ աշխատություններ ու սկսեց զբաղվել այն երեխաների հետ, որոնք զարգացման հապաղումներ ունեին։ Այս փաստն ավելի ուշ դարձավ Մոնթեսորիի համակարգի հակառակորդների փաստարկներից մեկը, որոնք պնդում էին, որ այս մեթոդն անընդունելի է սովորական երեխաների կրթության ու դաստիարակության գործում։
Սակայն Մոնթեսորին աշխատում էր նաև առանց զարգացման խանգարումների երեխաների հետ և ավելի քան կես դար մանկավարժության ոլորտում տարաբնույթ աշխատանք էր կատարում։ Նա ձևակերպել էր երեխաների դաստիարակության սկզբունքները, որոնք կարող են ունիվերսալ լինել բոլոր ծնողների համար, և համարվում են ինքնուրույն անհատականության զարգացման հիմքերը, երբ ամենավաղ տարիքից երեխային սովորեցնում են հագնվել, լվացվել ու յուրացնել տարրական կենցաղային հմտություններ։
Նրանք, ովքեր փորձում են ապացուցել Մոնթեսորիի համակարգի անկարողությունը, հաճախ են որպես գլխավոր փաստարկ բերում նրա որդու՝ մինչև 10 տարեկանն այլ ընտանիքում ապրելու հանգամանքն այն համատեքստում, թե մանկավարժը, ով չի զբաղվել սեփական երեխայի դաստիարակությամբ, չի կարող առաջարկել արդյունավետ մեթոդիկա։ Սակայն իրականում ամեն ինչ այնքան էլ այդպես չէր։
Իր ընտրյալի՝ բժիշկ Ջուզեպպե Մոնթեսանոյի հետ Մարիան օրինական ամուսնության մեջ չէր գտնվում, քանի որ Ջուզեպպեի մայրն իր համաձայնությունը դրա համար չէր տալիս։ Բացի դրանից, Մարիան ստիպված կլիներ ամուսնությունից հետո թողնել իր կարիերան։
Մոնթեսորին ստիպված եղավ փոխզիջման գնալ գիտական և հասարակական գործունեությամբ զբաղվելու հնարավորության համար։ Բայց քանի որ նրանց որդի Մարիոն համարվում էր ապօրինի ծնված երեխա, սկանդալից խուսափելու նպատակով նրան ուղարկեցին գյուղ՝ հեռու ազգականների մոտ, ուր և նա դաստիարակվեց մինչև 10 տարեկանը։ Միևնույն ժամանակ՝ մայրը նրա հետ տեսնվում էր յուրաքանչյուր հանգստյան օրերին ու մասնակցում նրա զարգացման ու կրթության գործին ոչ քիչ, քան իրենց երեխաների համար դաստիարակներ վարձող ծնողները։
Այն բանից հետո, երբ Մարիան երեխային վերցրեց իր մոտ, նրանք չբաժանվեցին մինչև իր կյանքի վերջին օրերը, թեպետ պաշտոնապես նա Մարիոյին որպես իր որդի ընդունեց միայն հետմահու կտակում. մինչ այդ Մարիոն համարվում էր նրա զարմիկը։ Հետագայում նա դարձավ մոր գաղափարակիցն ու նրա ողջ կյանքի գործի շարունակողը։
Մարիո Մոնթեսորին մեծ ավանդ ունեցավ մանկավարժության զարգացման և ողջ աշխարհում մոր մարդասիրական կրթության և մեթոդիկայի տարածման գործում։
Մոնթեսորին, որպես իր գլխավոր նպատակ, տեսնում էր երեխայի գործունեության այնպիսի կազմակերպական ձևը, որի դեպքում երեխան կունենար ինքնազարգացման և ինքնակրթության մոտիվացիա՝ բացառելով մեծերի ավտորիտար միջամտությունը։
Մոնթեսորիի համակարգի մասին առասպելներից մեկն ամենաթողության խրախուսումն է։ Իրականում մեծերի միջամտությունը սահմանափակվում էր այն դեպքում, երբ երեխան ինչ-որ բանից հաջողությամբ գլուխ էր հանում ինքնուրույն, ինչը պետք է զարգացներ սեփական ուժերի նկատմամբ հավատը։ Միևնույն ժամանակ՝ ենթադրվում էր հետևել որոշակի կանոնների։ Յուրաքանչյուր երեխա զբաղվում էր իր սեփական տեմպով, ու ինքն էր ընտրում իր գործունեության տեսակն ու պարապմունքների տևողությունը։
Մոնթեսորիի համակարգի վիճելի պահերի շարքում սովորաբար մատնանշում են ստեղծագործական ու էմոցիոնալ ոլորտների հանդեպ թույլ ուշադրության դեպքում դրա ուղղվածությունը դեպի մանր մոտորիկայի զարգացում, տրամաբանական և վերլուծական մտածողություն, ինչպես նաև՝ սյուժետային-դերային և շարժուն խաղեր։
Հաճախ նրան մեղադրում էին այն բանում, որ նա չէր սիրում հեքիաթներ և դրանք չէր կարդում երեխաների համար։ Եվ սա առասպել չէ։ Մարիա Մոնթեսորին իսկապես համարում էր, որ իտալական հեքիաթների մեծ մասը չափազանց դաժան է ու ավարտվում է չարի հաղթանակով։ Դրա համար էլ նա գերադասում էր երեխաների համար կարդալ աշխարհի ծագման, տիեզերքի ու օվկիանոսների գաղտնիքների մասին պատմություններ։
Մարիա Մոնթեսորիի մեթոդի հիմնական սկզբունքները՝
- Երեխաներին սովորեցնում է այն, ինչ իրենց շրջապատում է։
- Եթե երեխային հաճախ են քննադատում, նա սովորում է մեղադրել։
- Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել։
- Եթե երեխայի հանդեպ թշնամանք են դրսևորում, նա սովորում է կռվել։
- Եթե երեխայի հետ ազնիվ են, նա արդարության է սովորում։
- Եթե երեխայի վրա հաճախ են ծիծաղում, նա սովորում է անհամարձակ դառնալ։
- Եթե երեխան ապրում է անվտանգ լինելու զգացողությամբ, նա սովորում է հավատալ։
- Եթե երեխային հաճախ են խայտառակում, նա սովորում է իրեն մեղավոր զգալ։
- Եթե երեխայի գործողություններին հաճախ են հավանություն տալիս, նա սովորում է իր հանդեպ լավ վերաբերվել։
- Եթե երեխայի հանդեպ հաճախ են հանդուրժող լինում, նա սովորում է համբերատար լինել։
- Եթե երեխային հաճախ են ոգևորում, նա իր ուժերի հանդեպ վստահություն է ձեռք բերում։
- Եթե երեխան ապրում է ընկերական ու բարեկամական մթնոլորտում ու իրեն հարկավոր է զգում, նա սովորում է այս աշխարհում սեր գտնել։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը