Բաժիններ՝

«Մնացել է միայն Կոմիտասի շուկան, երևի այն էլ շուտով կփակվի»

Երևանի քաղաքապետարանը հունվարի 8-ից սկսած հայտարարել է փողոցային առևտուրն արգելելու մասին։

«Ուղղակի պետք է բոլոր մարդկանց գնալ, բացատրել, ասել, որ սա օրենքի պահանջն է, երկրորդը, որ սա հանրության պահանջն է։ Որ մարդիկ ուզում են ամեն ինչը ծառայի իր նպատակին` առևտրի վայրերը ծառայեն առևտրի համար, փողոցները` որպես փողոցներ»,- ասել էր Երևանի քաղաքապետ Հայկ  Մարությանը։

Պայքարը մի քանի օր արդյունք տվեց, որից հետո կրկին մարդիկ սկսեցին ապրանքը բերել, շարել փողոցներում՝ և կենտրոնական, և ոչ կենտրոնական:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ ժամանակ առ ժամանակ ինչ-որ աշխատանքներ են կատարվում այս ուղղությամբ, բայց դրանք կարծես թե պոպուլիստական բնույթ են կրում:

«Բարձիթողի վիճակ է, անընդհատ պետք է այս հարցով զբաղվեն, բայց այստեղ մեկ այլ խնդիր կա: Առաջին հերթին՝ պետք է այդ մարդկանց համար պայմաններ  ստեղծեն: Նախկինում շուկաներ կային, բայց վերացրեցին, տվեցին բիզնեսմենների ու վերածեցին սուպերմարկետների: Մնացել է միայն Կոմիտասի շուկան, երևի այն էլ շուտով կփակվի: Իսկ հիմա պետք է քաղաքի տարբեր մասերում տաղավարներ սարքեն, որպեսզի մարդիկ քաղաքակիրթ ձևով առևտուր անեն: Միևնույն ժամանակ՝ նույնիսկ բացօթյա տաղավարներում պետք է արգելվի, ասենք, ձկնեղենի, մսամթերքի վաճառքը:

Դրանք պետք է խանութներում հատուկ սառնարանային պայմաններում տեղադրված լինեն: Հիմա շոգ է, ու դրսում համատարած  ձուկ են վաճառում, ինչն անթույլատրելի է: Այն բիզնեսմենները, ովքեր շուկաների տարածքները վերցրել ու սուպերմարկետ են բացել, գոնե նրանք պայմաններ ստեղծեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Չիլինգարյանը:

«Միայն փողոցային առևտուրը չէ, սրճարանների, ռեստորանների հարակից տարածքներում բացօթյա տաղավարներ կան, հրամցնում են տարբեր ուտեստներ: Ճիշտ է, ծածկի տակ են, բայց վտանգավոր է: Մեքենաներ են երթևեկում, դրանց արտանետումները՝ մի կողմից, շինարարական փոշին՝ մյուս: Այս ամենն ուտելիքի վրա է հավաքվում, իսկ մարդիկ փողոցում նստած ճաշկերույթ են անում»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս