Բաժիններ՝

«Վրացիները եկան, սիրով իրենց ուզածը շահեցին, բայց երբ հարցը հասնում է Հայաստանին, մենք պետք է նորից ջանքեր ներդնենք, որ Վրաստանը այդ որոշումը ընդունի կամ չընդունի». Տնտեսագետ

Նախորդ տարի Վրաստանի կառավարությունը որոշում էր ընդունել, որով 2018 թվականի սեպտեմբերի 15-ից իր տարածքով բեռնատարներով ապրանքների՝ ցորենի, անասնակերի ներկրումն արգելելու էր: Հայաստանում այս որոշումը խիստ անհանգստություն առաջացրեց, քանի որ Վրաստանի կառավարությունն առաջարկել էր ծովային ճանապարհը, ինչը, փորձագետների կարծիքով՝ մի քանի անգամ ավելի թանկ արժեր, և ներկրողները կարող էին կանգնել մեծ խնդրի առջև։

Այնուհետև ասվեց, որ հայկական կողմի բանակցությունների արդյունքում որոշումը հետաձգվել է մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը: Հասարակական ու փորձագիտական տարբեր շրջանակներում կրկին քննարկում են սպասվող որոշումը:

168.am–ը թեմայի շուրջ գնահատականներ լսեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանից, ով պարբերաբար բարձրաձայնել է խնդրի կարևորությունն ու ներկայացրել Վրաստանի կառավարության որոշման հնարավոր ռիսկերը մեր տնտեսության համար:

Մեզ հետ զրույցում նա նկատեց, որ որոշման հետաձգումը եղել է երկու կողմերից համատեղ ջանքերով, քանի որ, ըստ նրա՝ վրացական տրանսպորտային ընկերությունները նույնպես բավարարված չէին այդ նախագծով, և Վրաստանում էլ են դրա դեմ ցույցեր եղել: Հնարավոր ռիսկերը, ըստ տնտեսագետի՝ մի քանի կողմ ունեն.

«Մենք հաշվարկել էինք, որ տոննայի մեջ բավականին թանկացումներ են լինում. մեկ տոննայի  արժեքի նկատմամբ փոխադրման գինը բավականին բարձրանում էր:

Երկրորդ ռիսկն այն էր, որ համապատասխան վագոնների քանակը  բավարար չէ.  ՀՀ երկաթգիծը հայտարարում է, որ ունի համապատասխան քանակով վագոններ, բայց մենք տեղյակ ենք, որ բավականին վագոններ վաճառվել են, անսարք են, և այլն:

Երրորդը՝ ժամանակային կորուստներն են, որովհետև բեռները պիտի գան- միացվեն.արդյո՞ք Վրաստանի տարածքում դրանք չեն սպասի, մինչև հայկական երկաթուղին կկարողանա կցել և բերել, և այլ խնդիրներ, որոնք պայմանավորված են նաև պորտերի սպասարկման հնարավորությունների հետ, որովհետև բեռների մի մասը պիտի գան նավահանգիստներ, նավահանգստով հետո արդեն տեղափոխվեն դեպի երկաթգիծ.   Այստեղ էլ պորտի հնարավորությունները սահմանափակ էին:

Այսինքն, կարծում եմ, որ սա էականորեն կարող է առաջացնել և՛ ուշացում, և՛թանկացում, և՛ կախվածություն»:

Գ. Մակարյանն ունի նաև փաստարկներ, թե ինչպես կարող են հակակշռել իրավիճակը. «Երբ հայ-վրացական ֆորում եղավ Դիլիջանում , խոսվեց այն մասին, որ տուրիզմի հետ կապված ՌԴ որոշումները որպեսզի շատ չազդեն Վրաստանի վրա, հայկական կողմն ընդառաջի, և  Գյումրիի օդանավակայանում եկող տուրիստները Վրաստանի կառավարության կողմից  տրամադրած ավտոբուսներով անվճար տեղափոխվեն Վրաստան: Մենք սիրով դրան համաձայնեցինք, մինչդեռ կարող էինք հակակշիռ ստեղծել՝ հայկական տրանսպորտային ընկերություններն այդ տեղափոխությունը կատարեն. վրացական կառավարությունը վճարի հայկական ընկերություններին (պատվիրակի հայկական ընկերություններին):

Ինչո՞ւ պետք է վրացական տրանսպորտային ընկերությունները հայկական տարածքում բիզնես գործունեություն ծավալեն, և միայն օդանավակայանը որոշակի չնչին եկամուտներ ունենա տուրիստներին սպասարկելուց.  ավիակոմպանիան մերը չի, տրանսպորտը, ստացվում է, վրացական է:

Սա ինչո՞ւ եմ ասում. վրացիները եկան, սիրով իրենց ուզածը շահեցին, բայց երբ հարցը հասնում է Հայաստանին, մենք պետք է սկսենք նորից հարմարվել, նորից ջանքեր ներդնել, որ Վրաստանն այդ որոշումն ընդունի կամ չընդունի: Ստացվում է, որ մենք կիսախաբված վիճակում ենք. երբեք նման հարաբերություններում չպետք է քաղցր լեզուներին խաբվենք. պետք է սկզբունքային լինենք, մեր տնտեսական շահերը կարողանանք պաշտպանել: Մեր դիվանագիտությունը պետք է սպասարկի մեր տնտեսական շահին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս