Բաժիններ՝

Բուհ-աշխատաշուկա կապի մասին

Կիրակի օրը թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակչում հանդիպեցին Նովակ Ջոկովիչը և Ռոջեր Ֆեդերերը։ 37-ամյա Ռոջեր Ֆեդերերը գրեթե 5 ժամ հավասար պայքարեց աշխարհի թիվ 1 թենիսիստի դեմ, թեև, ի վերջո, պարտվեց։ Ռոջեր Ֆեդերերը համաշխարհային սպորտի լեգենդներից մեկն է։ Մինչ նրա հասակակից թենիսիստները վաղուց հրաժեշտ են տվել մեծ սպորտին, Ֆեդերերը պատկառելի տարիքում հասնում է ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ և հավասար խաղում այս պահին աշխարհի թիվ 1 թենիսիստի հետ։ Դժվար է աշխարհում գտնել մեկ այլ մարզիկի, ով շուրջ 20 տարի դոմինանտ դեր ունենա իր մարզաձևում։

Ի՞նչ կապ ունի այս ամենը կրթության հետ։ Ֆեդերերի կենսագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա բազմակողմանի զարգացած մարդ է։ Փոքր տարիքում զբաղվել է բասկետբոլով, ձեռքի գնդակով, դահուկային սպորտով, լողով, ըմբշամարտով, սեղանի թենիսով, ֆուտբոլով, սքվոշով։ Այս ամենը հնարավորություն են տվել Ֆեդերերին զարգացնելու տարբեր կարողություններ և հմտություններ, որոնք էլ օգնում են նրան երկար տարիներ լինել առաջատար։ Այս մասին է իր գրքում գրում ամերիկացի հոգեբան Դավիթ Էպշտեյնը։ Գիրքն այն մասին է, որ ժամանակակից աշխարհին պետք են լայնախոհ, բազմակողմանի զարգացած մարդիկ։ Էպշտեյնի հիմնավորումն այն է, որ աշխարհը դարձել է շատ բարդ, և խնդիրների արդյունավետ լուծումը մարդկանցից պահանջում է բազմակողմանի զարգացում, տարբեր ոլորտների մասին գիտելիքներ։

Այս համատեքստում փորձենք դիտարկել Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում ընթացող կրթություն-աշխատաշուկա դիսկուրսը։ Իմ տպավորությամբ՝ այս ոլորտում շարունակում է տիրապետող մնալ պլանային տնտեսության մտածողությունը։ Այսինքն՝ մենք մտածում ենք, որ ուսանողները գերազանցապես պետք է սովորեն նեղ մասնագիտական առարկաներ, ունենան նեղ մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ, որոնք պետք է համընկնեն գործատուների պահանջներին։ Հենց այդ մտայնությամբ, վերջին տարիների ընթացքում մենք շարունակաբար նեղացրեցինք բուհական կրթության առարկայացանկը։  Մինչդեռ, հատկապես այսօր համալսարանական կրթությունը պետք է հիմնվի համալսարանականության, հանրագիտարանայնության վրա։ Ավելին, պետք է ունենանք ինտեգրված մասնագիտություններ և մասնագիտացումներ։ Պատկերացրեք, ինչքան լավ կլինի, եթե ուսանողը ոչ թե՝ միայն քաղաքագիտություն մասնագիտությունը ուսանի, այլև՝ փիլիսոփայություն և տնտեսագիտություն։ Փիլիսոփայություն և տնտեսագիտություն իմացող քաղաքագետը լրիվ ուրիշ որակներ կունենա։ Իսկ մենք շարունակաբար բաժանեցինք ֆակուլտետները, որպեսզի բոլորը միայն իրենց մասնագիտության վրա կենտրոնանան։ Կամ ինչքան լավ կլինի, եթե ուսանողը ոչ միայն ծրագրավորում ուսանի, այլև մաթեմատիկա։ Հենց նման մասնագետների կարիք ունի աշխարհը և մեր աշխատաշուկան։

Միայն նեղ մասնագիտական գիտելիքներով չենք կարող տնտեսություն զարգացնել։ Գծային այն մտածողությունը, որով հաճախ փորձ է արվում բուհական կրթությունը կապել աշխատաշուկայի հետ, ժամանակավրեպ է։ Բազմաթիվ հետազոտություններ համոզիչ ձևով ցույց են տվել, որ այսօրվա աշակերտների զգալի մասը կատարելու է այնպիսի աշխատանքներ, որոնք այս պահի դրությամբ դեռ ստեղծված չեն։ Եթե այդպես է, ուրեմն մենք պետք է զարկ տանք հանրագիտարանային ու լայնախոհ կրթությանը։ Օրինակ՝ ի՞նչ են անելու հաշվապահություն սովորող ուսանողները, եթե մի քանի տարի հետո հաշվապահությունն ավտոմատացվի։

Բարձրագույն կրթության ոլորտում ընթացող դիսկուրսը բացասաբար է ազդում՝ ինչպես դպրոցի, այնպես էլ՝ բուհին հաջորդող շրջանի վրա։

Դպրոցի պարագայում բացասական ազդեցությունն այն է, որ աշակերտներն ընտրում են 1-2 առարկա, որոնք իրենց պետք են ընդունելության քննությունների համար, իսկ մնացած առարկաներն անտեսում են։ Այս մոտեցումն անընդունելի է։ 1-2 առարկա սովորելը կրթվել չէ։ Մենք պետք է շատ զգուշավոր լինենք մասնագիտական կողմնորոշման հետ կապված հարցերում։ Այսօր շատ է խոսվում այն մասին, որ դպրոցներում պետք է մատուցել մասնագիտական կողմնորոշման ծառայություններ։ Կողմ եմ։ Բայց դա պետք է անել հնարավորինս ուշ, որպեսզի երեխան չանտեսի մնացած առարկաները։ Խնդիր ունենք աշակերտներին ներկայացնելու, որ բոլոր ուսումնական առարկաները փոխկապակցված են։ Բացի այդ, մեզանից ոչ ոք չգիտի, թե ապագայում ինչն է մեզ պետք գալու։ Կարևոր մի դրվագ Սթիվ Ջոբսի կյանքից։ Նա համալսարանում վատ էր սովորում։ Որպես թույլ ուսանող՝ նրան ուղարկեցին գեղագրության դասերի։ Թվում է, թե ի՞նչ օգուտ գեղագրությունից։ Բայց հետագայում Սթիվ Ջոբսը նշում է, որ գեղագրության դասընթացում սովորածն իրեն օգնել է Apple-ում դիզայներական լուծումներ տալու հարցում։

Հիմա՝ բարձրագույն կրթությանը հաջորդող ժամանակի մասին։ Պարզ է, որ այսօր  մարդկանց մեծ մասն իր մասնագիտությամբ չի աշխատում։ Եվ այդ միտումը շարունակվելու է առաջիկայում։ Հետևաբար՝ եթե մենք բուհում կենտրոնանում ենք նեղ մասնագիտական կրթության վրա, ապա մարդկանց զգալի մասին դատապարտում ենք գործազրկության կամ ցածրորակ աշխատանքի։ Այսօր շատ է խոսվում այն մասին, որ ավելի շատ մարդիկ պետք է դառնան աշխատանք ստեղծողներ, ոչ թե աշխատանքի ընդունվողներ։ Եթե շարունակենք այն տրամաբանությամբ, որ մեզ համար պիտի աշխատատեղեր բացվեն, ապա հեռու չենք գնա։ Շատերն այսօր բուհն ավարտելուց հետո սպասում են, թե երբ են իրենց աշխատանք առաջարկելու։ Քչերն են մտածում այն մասին, թե՝ իմ գիտելիքներով ու հմտություններով ի՞նչ արդյունք կարող եմ ստեղծել, որի կարիքը կա։

Այսպիսով, ակնհայտ է, որ բուհ-աշխատաշուկա կապի խնդիրը պետք է շատ ավելի լայն դիտարկվի։ Աշխատաշուկայի վիճակը կբարելավվի այն դեպքում, երբ բուհերն ավարտողները ոչ թե նեղ մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ ունենան, այլև մտածողության բարձր որակներ, խնդիրները համալիր տեսնելու և լուծելու կարողություններ։ Շատ կարևոր է նաև, որ բուհերի շրջանավարտները գեղարվեստական գրքեր կարդացած լինեն։ Նման որակի շրջանավարտներ ունենալու դեպքում Հայաստանը կարող է հաջողություն արձանագրել տնտեսության ոլորտում։ Այդ դեպքում նաև գործատուները չեն դժգոհի։ Կրթական բարձր մակարդակ ունեցող մարդուն հեշտությամբ կարելի է հարմարեցնել կոնկրետ աշխատանքի պահանջներին։

Այսպիսով, բուհերը պետք է պատրաստեն բանիմաց, լայնախոհ, մտածողության հմտություններ ունեցող շրջանավարտներ, իսկ գործատուները պետք է նրանց հարմարեցնեն կոնկրետ աշխատատեղերի։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս