Էրիկ Գրիգորյանը հանցագործության մասին իր հաղորդման կապակցությամբ ասելիք չունի՞
Երեկ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով լրագրողի հարցին, որ որոշ բնապահպաններ պահանջում են իր հրաժարականը, նման հարց ունի՞ օրակարգում, պատասխանեց, որ հրաժարականի հարց իր օրակարգում, բնականաբար, գոյություն չունի։
«Բայց ես ուրախ կլինեմ, եթե որոշ բնապահպաններ, ակտիվիստներ, մեդիառեսուրսներ, խմբեր և գիտնականներ, որոնք սնվում և ֆինանսավորվում են տարբեր հանքարդյունաբերողներից կամ այլ կառույցներից… լրացուցիչ գան նաև այլ մարդիկ, որոնք իրոք բնապահպանական մասով ազնիվ մղումներ ունեն և չեն ուղղորդվում տարբեր խմբերի կողմից։ Ինչ որ պետք էր՝ ես արդեն ասացի»,- նշել էր նախարարը։
168.am-ը նախարարության լրատվականից հետաքրքրվեց, թե Էրիկ Գրիգորյանն արդյո՞ք չի պատրաստվում հրապարակել այն մարդկանց անունները, որոնք սնվում են հանքարդյունաբերողներից, և ընդհանրապես այդ հարցը փորձելո՞ւ է իրավական դաշտում լուծել։
Մեզ հետ զրույցում նախարարության լրատվականից պատասխանեցին, որ նախարարն ինչ ասել՝ արդեն ասել է, այլ ավելացնելու բան չունեն։
Հարցին՝ ըստ էության, նախարարը հանցագործության մասին հաղորդում տվեց, չի՞ պատրաստվում հանրությանն ասել, թե ովքեր են այդ բնապահպանները, որոնք տարբեր կառույցների ուղղորդմամբ են աշխատում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ այլ ասելիք չունի։
Փաստորեն, ՀՀ Բնապահպանության նախարարը կարող է հենց էնպես՝ օդում, անպատասխանատու հայտարարություններ անել, և իրավապահները, ողջ կառավարությունը աչք փակեն այդ հայտարարության վրա։ Իսկ, օրինակ, եթե որևէ լրատվամիջոց գրեր, որ նախարար Էրիկ Գրիգորյանը ֆինանսավորվում է տարբեր հանքարդյունաբերողներից կամ այլ կառույցների՞ց… Վստահաբար, նույն Էրիկ Գրիգորյանը դատական հայցով կդիմեր հրապարակող լրատվամիջոցի դեմ՝ հայտարարելով, թե իրեն զրպարտում են։
Հետաքրքրվեցինք նաև, թե նախարարությունը սիգի պաշարների մոնիտորինգի հետ կապված մրցույթ հայտարարելո՞ւ է, թե՞ ոչ, նախարարությունից պատասխանեցին, որ մրցույթը կհայտարարվի առաջիկայում։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ նախարարությունը դեռ մրցույթ չի հայտարարել, ինչի ուշացումը դժվարացնում է իրենց գործը։
Զվարթ Խաչատրյան