Հայ-բրիտանական գործարարության պալատն Ամուլսարի խնդրի արագ հանգուցալուծում է ակնկալում
Հայ-բրիտանական գործարարության պալատը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Ամուլսարի խնդրի հետ:
«ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը եւ Շրջակա միջավայրի նախարարը կրկին քննարկեցին Հայ-բրիտանական գործարարության պալատի անդամ «Լիդիան Արմենիայի» հարցը: Ամիսներ շարունակ «Լիդիան Արմենիայի» գործունեությունը կասեցված է՝ վերջնական որոշման սպասումով: «Լիդիան Արմենիայի» խնդրի լուծման նման երկարաձգումը տնտեսապես վնասում է ոչ միայն ընկերությանը, այլ նաեւ պետությանը՝ ընդհանուր առմամբ:
Մենք կարեւորում ենք օրենքի ուժը, հավասար վերաբերմունքը բոլոր բիզնեսների նկատմամբ, պրոֆեսիոնալիզմը եւ արդարությունը: Ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում զգայուն ոլորտներում, պետք է համապատասխանեն միջազգային ամենաբարձր չափանիշներին եւ տեղական օրենքներին:
Միեւնույն ժամանակ, այն ընկերություններին, որոնք համապատասխանում են այդ չափանիշներին, կառավարությունը պետք է տա որոշակի երաշխիքներ՝ ապահովելու նրանց անխափան գործունեությունը:
Կոնֆլիկտների եւ խնդիրների միայն հավասարակշռված եւ պրոֆեսիոնալ լուծումը կարող է ապահովել պետության տնտեսական զարգացումը եւ բարձրացնել ներդրողների վստահությունը:
Մենք հուսով ենք, որ այս խնդիրը կհանգուցալուծվի առանց հետագա ձգձգումների»,- ասված է հայտարարությունում: