ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն ամփոփել է 6-7 ամիսների կատարած աշխատանքները

Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն ամփոփեց 6-7 ամիսների կատարած աշխատանքները և ներկայացրեց առաջիկա գերակա խնդիրները:

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարևորեց ներքին ժողովրդավարությունը, առանց որի, ըստ նրա, չի կարող լինել արտաքին ժողովրդավարություն: Նա ընդգծեց խորհրդարանական դիվանագիտության ջանքերը, որտեղ մեծ ներդրում են ունեցել նաև ընդդիմադիր գործընկերները:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը թվարկեց իրենց կատարած աշխատանքն ու նշեց, որ բավականին կոնստրուկտիվ և արդյունավետ աշխատանք են իրականացրել՝ փորձելով հանձնաժողովի շրջանակներում ապահովել լայն կոնսենսուս:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց պաշտպանական ոլորտում կատարածը: Քննիչ հանձնաժողովի վերաբերյալ նա նշեց, որ առաջին նախապատրաստական փուլն արդեն անցել է, սեպտեմբերը կլինի գերհագեցած: Նա նկատեց, որ չպետք է դժգոհել, որ շատ հասանելի չի լինի քննիչ հանձնաժողովի աշխատանքի ընթացքը, բայց խոստացավ պարբերաբար տեղյակ պահել, թե ինչ քայլեր են իրականացվում. «Քննիչ հանձնաժողովը բավականին մեծ ուժեր է տանելու, որովհետև քննիչ հանձնաժողովի արդյունքները պետք է լինեն հասարակության համար անհերքելի, որովհետև դրանք պետք է կառուցված լինեն ճիշտ փաստերի վրա»:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ներկայացրեց կատարած աշխատանքը. քննարկել են 50 նախագծեր: Նա նշեց, որ գործադիրը, բնականաբար, ավելի շատ նախագծեր է ներկայացնում, քանի որ ավելի շատ է առնչվում գործնական խնդիրներին: Բ.Թունյանի խոսքով՝ ամենասկզբում ԱԺ-ին մեղադրում էին պարապուրդի մեջ, բայց նախկինների աշխատանքի հետ համեմատականները ցույց են տալիս, որ ԱԺ-ն աշխատում է բավականին ինտենսիվ և արդյունավետ:

Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ խորհրդարանական դիվանագության ամբողջ անցուդարձին ներգրավված է նաև ընդդիմությունը: Նրա բնորոշմամբ՝ այս նստաշրջանում խորհրդարանական դիվանագիտությունը եղել է շատ ակտիվ, եղել են բազմաթիվ այցեր, շուտով ԱԺ նախագահը կմեկնի նաև ԱՄՆ: Նա հատուկ ընդգծեց ԵԱՀԿ ԽՎ-ում հաջողությունները՝ Հայոց ցեղասպանության փաստացի ճանաչում և կոչ մյուս երկրներին՝ ևս ճանաչել, հռչակագրից հանվել է հակահայկական տարրերով բանաձևը. «Առաջին անգամ առնվազն վերջին տասը տարվա մեջ բանաձևում ամրագրվել է ինքնորոշման իրավունքի սկզբունքն Արցախյան հակամարտության համատեքստում»:

Ռ.Ռուբինյանի խոսքով՝ իրենց դիրքորոշումն է, որ խորհրդարանական դիվանագիտություն վարելիս չպետք է կենտրոնանալ միայն Արցախյան խնդրի վրա, այլ հայկական դիվանագիտությունը բազմաշերտ է, բարձրացնում են նաև համաշխարհային օրակարգի, ժողովրդավարության, մարդու իրավունքների վերաբերյալ հարցեր:

Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի խոսքով՝ իրենք ևս ակտիվ են եղել խորհրդարանական դիվանագիտության ոլորտում. «Մշտապես կապի մեջ ենք ԵՄ-ի հետ համաձայնագրի վավերացման պատասխանատուների հետ, այս պահին ԵՄ 28 անդամ երկրներից համաձայնագիրը վավերացրել են 17-ը»:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը, նկատելով, որ իրենց հանձնաժողովը ամենասակավաթիվն է, բաց կարողանում է գործառնականությունն ապահովել, հաշվեքննության և աուդիտի ենթահանձնաժողով է ստեղծել, որն անդրադարձել է Հաշվեքննիչ պալատի բացահայտումներին, չարաշահումների խնդիրներին:

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հերիքնազ Տիգրանյանը կարևորեց կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը, հաշմանդամների անվճար կրթության ապահովումը:

Տեսանյութեր

Լրահոս