Ուզո՞ւմ ես Ծառուկյանը դառնա Արցախի նախագահ՝ ստորագրիր. Մի խաբեության պատմություն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ երկու ամիս է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Սամվել Բաբայանն Արցախում ստորագրահավաք է անում, որպեսզի դիմի խորհրդարանին Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկով: Մասնավորապես քաղաքացիության նորմի փոփոխմամբ ՀՀ քաղաքացիներին եւս որպես թեկնածու ընտրելու եւ ընտրվելու իրավունք կտրվի Արցախի նախագահական եւ ԱԺ պատգամավորական ընտրություններում, եւ Սամվել Բաբայանն էլ կկարողանա իր թեկնածությունը ներկայացնել։

Նախաձեռնող խումբն առաջարկում է 10 տարվա քաղաքացիության փոխարեն սահմանել, որ նախագահի թեկնածու կարող է լինել «Վերջին 10 տարում ԱՀ եւ կամ ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 3 տարում Արցախի Հանրապետությունում եւ կամ Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր ոք», միայն այս փոփոխությունից հետո Սամվել Բաբայանը կկարողանա առաջադրվել Արցախի նախագահական ընտրություններում։

Տեւական ժամանակ է լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում, որ ստորագրահավաքն անցնում է խախտումներով, դրանց հայաստանյան անձնագրերով քաղաքացիներ են մասնակցում, երբեմն մի համայնքում ստորագրած մարդիկ ստորագրում են նաեւ այլ համայնքներում: Ինչպես նաեւ ստորագրահավաքի մասնակիցները երբեմն չեն պատկերացնում, թե ինչի համար են ստորագրում։ Անգամ լուրեր կային, որ տարեց մարդիկ մտածում են, թե թոշակներն ու սոցիալական նպաստները բարձրացվելու համար է ստորագրահավաքը եւ այլն։ Համացանցի արցախյան խմբերում արդեն մի քանի օր է մի տեսահոլովակ է պտտվում, որտեղ արցախցի կինն ու տղամարդը պատմում են, թե ինչպես են Սամվել Բաբայանի մարդիկ իրենց ներկայացրել, թե ստորագրում են, որպեսզի Գագիկ Ծառուկյանը դառնա Արցախի նախագահ եւ Արցախն ու Հայաստանը միացնի իրար։

Արցախի բնակչուհի Ռոզա Մղդեսյանը պատմում է․«Երեկ եկել են մեր տուն են մտել, ասել են՝ ընտրության համար, որ Գագիկ Ծառուկյանը պտի գա, ստեղ նախագահ եղնի, Հայաստանն ու Ղարաբաղը միանան իրար, ես հարգելով Գագիկ Ծառուկյանին՝ համաձայնվեցի, ես չգիտեի, որ ուրիշ բանի համար են վերցնում»։

Կինը իր ուրախությունը երեկոյան կիսել է որդու հետ, թե Ծառուկյանը շուտով իրենց նախագահն է դառնալու, որդին հիասթափեցրել է․«Ասեց՝ դա Ծառուկյանի համար չի, հիմա ես կխնդրեմ, որ իմ գրածը համարեք անվավեր, որ ես համաձայն չեմ»։ Տեսանյութի մեկ այլ հերոս էլ 30 հազար գումար են ստացել․«Ես հետո իմացա, որ իրենք ինձ խաբել են, ուրիշ բանի համար են հավաքել, չեմ ասում՝ ինչի, բայց թող մեզ չխաբեն, մենք ուզում ենք խաղաղ, հանգիստ ապրենք»։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի ամենաանցողիկ թեկնածուներից մեկի՝ Արայիկ Հարությունյանի դեմ է Սամվել Բաբայանի պայքարը։ Օրերս Բաբայանը հայկական հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ «Ամբողջ Ղարաբաղը գլխի վրա էլ կանգնի, Արայիկ Հարությունյանը նախագահ չի լինելու»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս