ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքն ու ներարցախյան մանիպուլյացիոն ինտրիգները
Նախօրեին Արցախի (ԱՀ) Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր՝ հաշվի առնելով, որ Արցախում 2020թ. սպասվում են կարևորագույն քաղաքական և հասարակական իրադարձություններ՝ Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունները, ԱԱԾ-ն անհրաժեշտ է համարում հորդորել քաղաքական ուժերին և քաղաքական գործընթացներում ներգրավված առանձին անձանց՝ իրենց գործունեությունը կազմակերպել բացառապես ԱՀ Սահմանադրության և օրենքների պահանջներին համապատասխան:
Ակնհայտ է, որ այս հայտարարությունը վկայում է Արցախի ներսում սպասվող ներքին խմորումների և անսպասելի զարգացումների մասին, որի էպիկենտրոնում ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է:
Իրականում այս ամբողջ պատմությունը սկսվեց Սամվել Բաբայանի կողմից ստորագրահավաք նախաձեռնելու գործընթացից, որով նա փորձում է անցկացնել Սահմանադրական հանրաքվե, ըստ որի՝ փոփոխության կենթարկվեն Սահմանադրության մեջ առկա մի քանի դրույթ՝ ընտրության մասնացության կարգի հետ կապված, ինչպես նաև հնարավորություն տալ, որպեսզի Արցախի նախագահական ընտրություններում մասնակցեն նաև ՀՀ-ում հաշվառում ունեցող անձինք: Ակնհայտ է, որ այդ նախագահական ընտրությունների մասնակցության հանգամանքը Բաբայանի նախաձեռնող խումբն անում է բացառապես Բաբայանին աջակցելու համար, բայց այստեղ վտանգ կա նաև այն առումով, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախաձեռնությունը, ինչը արվում է մեկ մարդու քաղաքական շահերը սպասարկելու համար, Հայաստանում լայն ճակատ կբացի նաև այլ մարդկանց համար:
Մյուս կարևոր փաստարկումն այն է, որ, ինչպես պնդում են բազմաթիվ իրավաբաններ և փորձագետներ, այս ամենն իր մեջ հակասահմանադրականության տարրեր է պարունակում և՛ Արցախի, և՛ ՀՀ Սահմանադրությունների հետ կապված, որովհետև փաստացի ՀՀ քաղաքացիները մասնակցությունն արցախյան ընտրություններին պետք է համապատասխանի ՀՀ Սահմանադրությանը. խնդիրներ կան նաև այն առումով, թե արդյոք այդ պարագայում Արցախում հաշվառում ունեցողները կարո՞ղ են մասնակցել կամ առաջադրվել ՀՀ-ի ընտրություններին:
Հաջորդ խնդրահարույց հանգամանքը՝ կապված անցկացվող ստորագրահավաքի հետ. հատկապես արցախյան սոցցանցերի սեկտորում տարածվող նյութերի, տեսանյութերի վերլուծությունը ցույց են տալիս, որ այս գործընթացում մեծ թվով մանիպուլյացիաներ են կիրառվում: Մասնավորաբար՝ ստորագրահավաքին մասնակցում են մարդիկ, ովքեր հաշվառում ունեն հայաստանյան հատվածում, ստորագրահավաքն անցկացնում են այլ լոզունգների անվան տակ, օրինակ՝ ՀՀ-Արցախ միավորման փաստը շրջանառելով. տեսանյութերից երևում է, որ տարբեր անձանց անուններ են շահարկվում՝ հայտարարելով, որ այդ ստորագրահավաքը նրանց համար է անցկացվում, և այլն:
Ըստ էության՝ ստորագրահավաքն անցկացվում է համատարած ստի քարոզչության պայմաններում. մեծ թվով խախտումներով, այդ թվում՝ ընթացակարգային: Մեծ թվով արձագանքներ կան, որտեղ մարդիկ հայտարարում են ոչ միայն այն մասին, որ իրենց խաբել են, այլ նաև տեղեկություններ են շրջանառվում գումար բաժանելու մասին, անգամ թիվ է շրջանառվում՝ մեկ ստորագրության համար՝ 30 հազար դրամ:
Ի դեպ, նշենք, որ Արցախում կա մոտավորապես 100-110 հազար ընտրելու իրավունք ունեցող քաղաքացի, իսկ ընտրություններին, որպես կանոն, մասնակցում է մոտ 80 հազարը: Նշենք, որ Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Բաբայանը հավաքել է մոտ 15 հազար ստորագրություն (սրա մեջ են մտնում վերոնշյալ խնդրահարույց բոլոր ստորագրությունները՝ ՀՀ անձնագրերով, տարբեր մանիպուլյացիաներով ստացված, ինչպես նաև առկա են բազմաթիվ կրկնակի արված ստորագրություններ):
Այս ամենի հետ մեկտեղ, հետաքրքիր է, որ Արցախում ծավալվող ներքաղաքական իրավիճակի հետ կապված՝ հայաստանյան իշխանությունները ոչ մի կերպով չեն արձագանքում, ակնհայտորեն ընդունել են կրավորական կեցվածք: Սա վկայում է երկու բանի մասին. առաջինը՝ ՀՀ իշխանությունը չի գիտակցում՝ Արցախում անկայունության, անկարգությունների և իրավիճակի կտրուկ սրման արդյունքում ինչ հետևանքներ կարող է ունենալ ոչ միայն արտաքին անվտանգության առումով. պետք է գիտակցել, որ Արցախի հետ կապված ցանկացած իրադարձություն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա:
Երկրորդ՝ անհնար է չնկատել տարածաշրջանային արտաքին խաղացողների հետաքրքրվածությունը՝ Արցախում ապակայունություն մտցելու առումով: Հատկապես կարևոր է շեշտել այն փաստը, որ տեղեկություններ կան, թե Բաբայանն արտաքին ֆինանսավորման աղբյուր ունի: Չի բացառվում, որ Արցախում անկայունություն ստեղծելու ցանկություն ունեցող ուժերը նաև նպատակ ունեն Արցախի միջոցով ուղիղ հարված հասցնել ՀՀ-ին և գործող իշխանություններին:
Ընդգծենք նաև մի կարևոր դետալ, ինչը պարբերաբար մանիպուլյացիոն կերպով շահարկվում է Բաբայանի կողմնակիցների կողմից. խոսքը Սամվել Բաբայանին որպես գեներալ և հզոր ազատամարտիկ ներկայացնելու փաստի մասին է, ինչպես նաև նրա՝ հերոս լինելը, նշվում է, որ առկա մարտահրավերների պայմաններում գեներալ ղեկավար ունենալը կարևոր նշանակություն ունի: Այստեղ, սակայն, չպետք է մոռանալ, որ առաջիկայում սպասվող ընտրություններին մասնակցում է նաև մեկ այլ գեներալ, Արցախի հերոս և ոչ պակաս արժանիքներ ունեցող Վիտալի Բալասանյանը, ով պետության համար, հատկապես՝ 90-ականների պատերազմին, մեծ ծառայություններ է մատուցել:
Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ նախօրեին տարածած հայտարարությունը խոսում է այն մասին, որ արցախյան ռազմաքաղաքական ղեկավարությունը պատրաստվում է ներքաղաքական ցանկացած խժդժություն չեզոքացնել բավականին կոշտ քայլերով:
ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ