ՊԵԿ նախագահը՝ «Առինջ մոլի» ստուգումների մասին
Դեռևս ապրիլի 9-ին Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) «Առինջ մոլում» ստուգումներ կատարեց՝ նշելով, որ ահազանգ են ստացել, ըստ որի՝ տաղավարների վարձավճարները նախատեսվածից շատ են վերցնում, սակայն քիչ թիվ են ցույց տալիս։
Ստուգումներ կատարելուց հետո «Առինջ մոլի» տնօրեն Սամվել Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ արտառոց ոչինչ չկա, սովորական ստուգումներ են, որն իրականացնում է ՊԵԿ-ը։
Առևտրի կենտրոնում ուսումնասիրություններ կատարելուց հետո, ՊԵԿ-ը տարածեց նաև պաշտոնական հաղորդագրություն՝ նշելով, որ խուզարկությունն իրականացվում է ընկերության նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադառնալով հարցին, թե, ի վերջո, ի՞նչ ավարտ ունեցան «Առինջ մոլի» ստուգումները, խախտումներ հայտնաբերե՞լ են, թե՞ ոչ, պատասխանեց, որ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ստուգումներ են ընթանում։
«Երբ ավարտվեն բոլոր ստուգումները, մենք դրա մասին հանրությանը տեղյակ կպահենք»,- եզրափակեց Դավիթ Անանյանը։
Զվարթ Խաչատրյան