![](/banners/BeFunky-design.jpg)
«Սահմանադրությունը, որպեսզի խեղաթյուրումների առարկա չդառնա, պիտի ունենա հստակ երաշխավոր». Վարդան Այվազյան
![](https://168.am/wp-content/uploads/2019/07/18698830.jpg)
Սահմանադրության մեկնաբանությունը, որպես կանոն, ենթադրում է, որ պետության մեջ գոյություն չունի իրավական համակարգի, պետական կառույցի հետ կապված, իշխանության երեք թևերի միջև որևէ ճգնաժամ: Այս մասին «Իրավական ուղի» հ/կ-ի կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողով-պանելային քննարկմանը նշեց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Այվազյանը՝ հավելելով, որ Սահմանադրության մեկնաբանման իրավունքը վերապահվում է Սահմանադրական դատարանին:
Ըստ նրա՝ Սահմանադրության արդյունավետության համար անհրաժեշտ է հստակ տարանջատել սահմանադրական իրավաստեղծագործությունը և սահմանադրական նորմաստեղծագործությունը, որովհետև սահմանադրական իրավաստեղծագործությունը պետք է հիմնվի նորմաստեղծագործության վրա, և, որ Սահմանադրության համար հստակ պետք է լինի տրամաբանական հարթությունը. «Տրամաբանական հարթության մեջ մենք ունենք դրական և պոզիտիվ իրավունքի հարթությունները, և Սահմանադրությունը գրելիս և հետագայում մեկնաբանելու համար անթույլատրելի է շրջանցել այս 2 հարթությունները:
Գերմանիայի Դաշնության Սահմանադրությամբ հստակ ամրագրվում են մարդու աստվածային ծագումը և պատասխանատվությունը` գիտակցական մակարդակով Աստծո առջև: Սա նշանակում է, որ ԳԴՀ Սահմանադրությունը գրվել է բացառապես բնական իրավունքի տրամաբանական հարթության մեջ: Սակայն ԶԼՄ-ներով վերջերս իմացանք, որ Գերմանիայի Սահմանադրական դատարանը, որն իր ֆունկցիոնալ առաքելությամբ կոչված է ապահովելու Սահմանադրության գերակայությունը, որոշում է կայացրել, որով արգելել է, որ քաղաքացիական ակտերի գրանցման մարմինները ծննդյան վկայականներում նշեն արական և իգական սեռը: Այս պարագայում ստացվում է, որ ՍԴ մեկնաբանությամբ փոխվում է Սահմանադրության ամբողջ բովանդակությունը, որովհետև Սահմանադրությամբ ամրագրված կետը, որ գիտակցված պատասխանատվությունն Աստծո առջև է, չի կարող ենթադրել նման մոտեցում՝ «ծնող՝ համար մեկ», «ծնող՝ համար երկու» նշել ծննդյան վկայականներում»:
Սահմանադրագետը, անդրադառնալով Սահմանադրական դատարանի վերջին աղմկահարույց իրադարձություններին՝ նշեց. «Սահմանադրությունը որպեսզի տարակարծիք մեկնաբանությունների առարկա չդառնա, պիտի ունենա հստակ երաշխավոր: Երբ մենք վերցնում էինք նախագահական կառավարման ձևը, ապա այդ ձևում ամենայն ճգրտությամբ և հստակությամբ ամրագրվում է համապատասխան իրավական կառուցակարգերը, որ Սահմանադրության երաշխավորը համարվում է պետության գլուխը՝ նախագահը, երբ անցում կատարեցինք խորհրդարանական կառավարման ձևին, ապա մեր սահմանադրության մեջ կարծես թե սահմանադրության երաշխավորի ինստիտուտը դուրս մղվեց, և նախագահին վերագրվեցին հսկողություն իրականացնողի գործառույթներ և, ըստ էության, այդ գործառույթները ոչ հստակ էին»:
Վ. Այվազյանն ընդգծեց նաև, որ Սահմանադրությունը կոնցեպտուալ փաստաթուղթ է, և ցանկացած պարագայում այն պետք է մեկնաբանվի բովանդակային առումով՝ ելնելով նրանում ամրագրված արժեհամակարգի մոտեցումներից:
Զարուհի Դիլանյան