ՄԿՈՒԶԱԽ-ը հաստատել է «Աշխատանքի վրա հիմնված ուսուցման» հայեցակարգը
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ) հունիսի 25-ի նիստը վարել է խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էր ՄԿՈՒԶԱԽ-ի կանոնադրության փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկների քննարկումը, որի արդյունքում որոշակի փոփոխություններ են իրականացվել կանոնադրության մեջ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նիստի հաջորդ հարցը 2020-25թթ. ՄԿՈւ ոլորտում նախատեսվող գործողությունների, ուղղությունների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումն էր ՄԿՈՒԶԱԽ-ի անդամների կողմից:
Նիստի օրակարգում ընդգրկված էր նաև 2019 թվականին մշակման ենթակա ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի ներկայացումը և հաստատումը: Արդյունքում խորհուրդը որոշել է հաստատել ձեռնարկների ցանկը, որոնք կտպագրվեն ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից:
Օրակարգի վերջին հարցը վերաբերում էր աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման և իրականացման հայեցակարգի նախագծի ներկայացմանը: Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում հաստատվել է վերոնշյալ հայեցակարգը՝ իր գործողությունների ծրագրով, որը սեպտեմբերի կպիլոտավորվի գյուղատնտեսական մի քանի մասնագիտությունների գծով: Խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկել է հավանության արժանացնել հայեցակարգը՝ ընդգծելով, որ երկարաժամկետ պիլոտավորման ընթացքում կարելի է վերանայել որոշակի դրույթներ: Նիստի ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր:
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի կազմում ընդգրկված են նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև սոցիալական գործընկերության կառույցների` գործատուներին ներկայացնող կազմակերպությունների, արհեստակցական միությունների ներկայացուցիչներ: