ԱՄՆ-Իրան առճակատումն աննախադեպ լարման փուլ է մտնում. Ո՞րն է հայկական դիվանագիտության խնդիրը

ԱՄՆ-Իրան առճակատումը վերջին ժամերին աննախադեպ լարվածության փուլ է թևակոխել։ Հունիսի 20-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց, որ ամերիկյան անօդաչու սարք է հարվածել, որը եղել է Իրանի օդային տարածքում:

«Հորմուզի նեղուցի արևմտյան հատված վերադառնալիս դրոնը խախտել է Իրանի օդային տարածքը և զբաղվել տեղեկատվության հավաքագրմամբ և լրտեսությամբ: Տեղի ժամանակով առավոտյան ժամը 4:05-ին, երբ ինքնաթիռն Իրանի երկնքում էր, «Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» խոցել է այն»,- նշված է հայտարարության մեջ։ Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ դա եղել է RQ-4 Global Hawk անօդաչու:

Մինչդեռ Reuters-ը, վկայակոչելով ամերիկացի զինվորականներին, հայտնել է, որ խոսքը MQ-4C Triton անօդաչուի մասին է։ Ավելին՝ ամերիկացի զինվորականները սկզբում չէին հաստատում անօդաչուի կորուստը: Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բիլ Ուրբանը հայտարարել էր, որ իրանական տարածքում իրենք անօդաչու չեն ունեցել: Ավելի ուշ Associated Press-ը և Reuters-ը, վկայակոչելով Պենտագոնի աղբյուրները, հայտնեցին, որ ամերիկյան անօդաչու է խփվել, բայց այն եղել է միջազգային օդային տարածքում:

Reuters-ը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Թեհրանին Օմանի միջոցով, որ Իրանի վրա ԱՄՆ հարձակումն անխուսափելի է։ «Իր ուղերձում Թրամփն ասել է, որ դեմ է Իրանի հետ պատերազմին և կցանկանար Թեհրանի հետ քննարկել տարբեր հարցեր։ Նա կարճ ժամանակ է տվել, որպեսզի ստանա մեր պատասխանը։ Բայց Իրանի անհապաղ պատասխանն այն էր, որ դա կախված է Գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիից, որը պետք է որոշում ընդունի այս հարցի վերաբերյալ»,- Reuters-ին ասել է պաշտոնյաներից մեկը՝ չցանկանալով հրապարակել անունը։

Մեկ այլ պաշտոնյայի խոսքով՝ իրանական կողմը հասկացրել է, որ «առաջնորդը դեմ է ցանկացած բանակցության, բայց տեղեկությունը կփոխանցվի նրան որոշում կայացնելու համար։ Սակայն մենք ասացինք օմանցի պաշտոնյային, որ ցանկացած հարձակում Իրանի վրա կունենա տարածաշրջանային և միջազգային հետևանքներ»։

Հայաստանի հարևան Իրանի և գործընկեր ԱՄՆ-ի հարաբերություններում տեղի ունեցող նման աննախադեպ լարման հետևանքները դժվար է թերագնահատել՝ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ՝ Հայաստանի, ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի, այնպես էլ՝ միջազգային հարաբերությունների համար։ Այս օրերին ՀՀ ԱԳ նախարարը Վաշինգտոնում է, որտեղ ունենում է բարձրաստիճան հանդիպումներ, պաշտոնական հաղորդագրություններում թերևս չի նկատվում առանձին անդրադարձ ամերիկաիրանական առճակատման ներկա փուլին և ՀՀ դիրքորոշմանը։

«168 Ժամը» փորձագետների հետ քննարկեց առաջիկա հնարավոր զարգացումները և ՀՀ դիվանագիտության առաջիկա անելիքները այս հարցում։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ամերիկաիրանական ուղիղ բախումն ամենաանցանկալի սցենարն է Իրանի հարևան, բարեկամ պետության, հատկապես՝ Հայաստանի Հանրապետության համար, քանի որ Հայաստանն ամենաշատը կարող է տուժել այս կողմերի բախումից։

Ս.Սարգսյանը չի կարծում, թե մեծ է հավանականությունն Իրանի դեմ ուղիղ ռազմական գործողությունների, բայց, ըստ նրա՝ Հայաստանում պետք է հաշվի առնեն, որ գործընթացներն արագ են զարգանում և կոշտ դիրքորոշում ունի ԱՄՆ ողջ ղեկավարությունն Իրանի նկատմամբ, ինչը վտանգավոր կարող է լինել ամբողջ տարածաշրջանի համար։

Միջազգայնագետը հիշեցրեց նաև, որ ամերիկյան մամուլում վերջին ժամերին կային տեղեկություններ, որոնք չեն հերքվել, առ այն, որ Թրամփը հրաման է տվել ավիակիր և այլ տեխնիկա, այդ թվում՝ ինքնաթիռներ, ուղղել դեպի Իրան այս կամ այն թիրախները խոցելու համար, բայց կարծես թե փոշմանել է և չեղարկել հրամանը։

Նա հորդորեց սպասել առաջիկա ժամերի իրադարձություններին, դրանք չափազանց կարևոր են։ Ս. Սարգսյանը հիշեցրեց, որ իրավիճակին անդրադարձել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա որակմամբ՝ իրավիճակն աննախադեպ լարված է, ամենալարվածը երկու պետությունների միջև հակամարտության ընթացքում, ինչը, նրա գնահատմամբ, չափազանց վտանգավոր գործընթաց է։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցիացված փորձագետ Էմմա Բեգիջանյանն իր հերթին՝ մեզ հետ զրույցում ասաց, որ շարունակական լարվածություն հակամարտող կողմերի միջև կլինի, բայց անմիջական բախում չի լինելու, քանի որ ոչ ԱՄՆ-ը, ոչ Իրանը շահագրգիռ չեն, որպեսզի անմիջական բախում լինի։ Ըստ նրա՝ նույնիսկ, եթե լինի բախում, այն կլինի միջնորդավորված, ենթադրենք՝ Իսրայելի, Սաուդիան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների միջոցով։ Նրա համոզմամբ ուղիղ բախումներ չեն լինելու։

Հարցին, թե ինչպե՞ս պետք է Հայաստանն իրեն դիրքավորի այս լարվածության համատեքստում, Ս. Սարգսյանը պատասխանեց, որ ԱՄՆ-ը Հայաստանի համար բարեկամ երկիր է, ամերիկյան վերաբերմունքը Հայաստանին մշտապես բարեկամական է եղել, նույնը կարող ենք ԻԻՀ-ի մասին ասել։ Ուստի, ըստ նրա, Հայաստանի համար չափազանց անցանկալի է երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունների հետագա վատթարացումը, այդ հարաբերությունների կարգավորումից կարող է իրավիճակ փոխվել տարածաշրջանում, և այդ իրավիճակը կարող է դեպի դրականը փոխվել։

«Ցավոք սրտի, այսօր նման միտում չկա։ Ես կարծում եմ, որ այսօր ՀՀ-ն իրեն պետք է դիրքավորի՝ որպես երկու պետությունների բարեկամ, և փորձի այնպես անել, որպեսզի այս մեծ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում չհայտնվի, մենք պետք է հնարավորինս նեյտրալ լինենք։ Եթե ունենանք հնարավորություն, ջանքեր չխնայենք իրավիճակն ինչ-որ ձևով փրկելու կամ օժանդակելու խաղաղ բանակցային գործընթացին, եթե այդպիսին սկսվի»,- ասաց Սարգսյանը։

Էմմա Բեգիջանյանն այն կարծիքին է, որ Հայաստանի չեզոք, հավասարակշիռ դիրքորոշումն ամենաճիշտը կլինի, որովհետև ցանկացած այլ դիրքորոշում սխալ կընկալվի երկու կողմի կողմից էլ։

Նա նշեց, որ Հայաստանը թույլ է գործում, այնինչ կարող էր լարումը նվազեցնելուն ուղղված միջնորդական ջանքեր նախաձեռնել։ Նա հիշեցրեց, որ մինչև հիմա երկրները, որոնք երկու կողմի հետ էլ ունեն բնականոն, բարեկամական հարաբերություններ, օրինակ՝ Իրաքը, Օմանը, Ճապոնիան, Շվեյցարիան, միջնորդության փորձեր են իրականացրել, բայց Հայաստանն առավել ևս կարող էր նման քայլի դիմել, սակայն երբևիցե նման քայլ չի անում։ «Ինձ թվում է, որ Հայաստանը միայն լարման նվազեցմանն ուղղված միջնորդություն կարող է իրականացնել։ Նման քայլը երկու կողմից էլ կողջունվեր»,- ասաց նա։

Խոսելով առաջարկներից՝ ստեղծված աննախադեպ իրավիճակը քննարկել ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում, Սուրեն Սարգսյանն ասաց, որ, իհարկե, կարող է այդ նիստում քննարկվել իրավիճակը, եթե ՀՀ վարչապետը նպատակահարմար գտնի։

«Ինչո՞ւ եմ ասում՝ վարչապետը, որովհետև ՀՀ ԱԳ նախարարը Վաշինգտոն է մեկնել և իրավիճակի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ ունի։ ԱԽ նիստում հարցի քննարկումը կարող է օգտակար լինել։ Ցավոք սրտի, այսօր մենք չունենք ադեկվատ ԱԽ, ունենք խորհուրդ, չունենք նորմալ ղեկավար, ով կհասկանար ռազմական գործից և միջազգային քաղաքական գործընթացներից, կկարողանար ճիշտ գնահատել այն իրավիճակը, որում այսօր հայտնվել է մեր տարածաշրջանը։ Իհարկե, նիստը հրավիրելը կարևոր է, կարծում եմ, ՊՆ վերլուծական կենտրոնները ևս կարող են ակտիվ աշխատել՝ հասկանալու համար, թե ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ այս ամենը Հայաստանի համար թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական առումով»,- ասաց Սուրեն Սարգսյանը։

Էմմա Բեգիջանյանը, սակայն, չի գտնում, որ հարցը պետք է քննարկվի Անվտանգության խորհրդի նիստում։ «Կարծում եմ՝ այդ ձևաչափով արտահերթ քննարկման կարիք չկա, սակայն այն, ինչ ՀՀ անվտանգությանը վերաբերում է՝ կարելի է քննարկել, բայց այս դեպքում՝ չեմ կարծում։ Միակ բանը միջնորդության հարցն է, որը դիվանագիտության խնդիր է»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս