Ինչպես կհանգուցալուծվի Սահմանադրական ճգնաժամը

ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությունը, թե ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները, տակնուվրա է արել քաղաքական ու իրավական դաշտը: Վ. Գրիգորյանի հայտարարությունից անակնկալի են եկել ոչ միայն քաղաքական մի շարք ուժեր, փորձագետներ ու սահմանադրագետներ, այլև իշխանական ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները:

Պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է

ՀՀԿ գործադիր մարմինը երեկ հայտարարություն տարածեց՝ ընդգծելով, որ ՀՀ-ում խորացող սահմանադրական ճգնաժամի համար ողջ պատասխանատվության բեռն իշխող քաղաքական մեծամասնության և անձամբ Նիկոլ Փաշինյանի ուսերին է: ՀՀԿ-ն իր հայտարարությունում, մասնավորապես, ասում է.

Կարդացեք նաև

«Արձանագրելով, որ

  • ՍԴ մասին սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի համաձայն, ՍԴ նախագահի բացակայության ժամանակ ՍԴ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է ՍԴ փոխնախագահը:
  • ՍԴ նախագահի և փոխնախագահի բացակայության ժամանակ ՍԴ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է ՍԴ-ի` տարիքով ավագ դատավորը:
  • ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածով հստակ սահմանվում է, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը (ՀՀ նախագահի կողմից իր պարտավորությունների ստանձնման օրը՝ 2018թ. ապրիլի 9-ը) նշանակված ՍԴ նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:
  • ՍԴ նախագահի մասով անգամ ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի նեղ և գերտառացի մեկնաբանության ժամանակ ակնհայտ է դառնում, որ Հրայր Թովմասյանը, ով ՍԴ նախագահ է ընտրվել 2018թ. մարտի 21-ին, պետք է «շարունակի պաշտոնավարել մինչև իր լիազորությունների՝ 2005 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»:
  • Սակայն նույնը վերաբերում է նաև ՍԴ մյուս անդամներին: Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ անդամները շարունակում են պաշտոնավարել 2005թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը և տվյալ դեպքում սահմանադիրը ՍԴ անդամի և ՍԴ դատավորի միջև չի դիտարկում որևիցե տարբերություն։
  • Ըստ ՀՀ Սահմանադրության` թե՛ ՍԴ անդամի, թե՛ ՍԴ դատավորի պարտականությունները նույնն են` ՍԴ կազմում իրականացնել սահմանադրական արդարադատություն:
  • Ըստ ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի` Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար ՀՀ նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը:
  • Եթե Վ. Գրիգորյանի մեկնաբանությունը ճիշտ լիներ, ապա դա կնշանակեր, որ 2018 թ. ապրիլի 9-ից ՍԴ բոլոր դատավորների տեղերը թափուր են, և թե՛ ՀՀ նախագահը, թե՛ դատավորների ընդհանուր ժողովը, և թե՛ Կառավարությունը պետք է անմիջապես ձեռնամուխ լինեին երեքական դատավորի թեկնածու առաջադրելուն: Սակայն ակնհայտ է, որ այդպես չէր, քանի որ որևէ մեկի մտքով անգամ չէր անցնում նման անհեթեթ ձևով մեկնաբանել Սահմանադրությունը: Սակայն քաղաքական իրողությունները թերևս թելադրեցին ոմանց, որ պահը եկել է Սահմանադրության նոր ձևախեղման:
  • Ավելին, Վ. Գրիգորյանի կողմից նշված փաստարկների տրամաբանությունից ելնելով՝ պետք է հանգենք այն աբսուրդ եզրակացության, որ Հայաստանում գործում են երկու ՍԴ. մեկում պաշտոնավարում են ՍԴ անդամները, իսկ մյուսում՝ ՍԴ դատավորները։ Իրավունքում կա տրամաբանական եզրահանգման ձև, որը կոչվում է reductio ad absurdum: Եթե նորմի որևէ մեկնաբանություն արդյունքում հանգեցնում է աբսուրդի (օրինակ` երկու ՍԴ ունենալ), ապա նորմի այդ մեկնաբանությունը չի կարող ընդունելի լինել:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է.

  • Նշված զարգացումները երկրում սահմանադրականությունը խարխլելու գործող իշխանությունների ջանքերի և դատական համակարգի հանդեպ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեռևս մայիսին սկսված հարձակումների շարունակությունն են:
  • Հայաստանում խորացող սահմանադրական ճգնաժամի համար ողջ պատասխանատվությունը կրում է իշխող քաղաքական մեծամասնությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը:
  • Մենք շարունակելու ենք հետևողական պայքարը երկրում Սահմանադրության և օրինականության պահպանման ուղղությամբ՝ ինչպես Հայաստանի ներսում, այդպես էլ՝ միջազգային հարթակներում»:

«Վահե Գրիգորյանն ինքնահռչակ նախագահ է»

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պետրոսյանը լուրջ չի համարում ՍԴ-ի առջև քաղաքացիների բողոքի ակցիան: «168 Ժամի» հետ զրույցում նա նշեց, որ եթե խնդիր կա, դատարանի որևէ անդամ խախտել է օրենքը, նրան պատասխանատվության ենթարկելու հիմքերը և կարգը սպառիչ թվարկված են օրենքով:

«Ամեն անգամ քաղաքացիներին տանել դատարաների առաջ և ուղղորդել՝ թեկուզ ուղղակի կամ անուղղակի կոչերով, ես այդ ոճը չեմ ընդունում, և դա ճիշտ չէ, որովհետև այդ նույն քաղաքացին, եթե այսօր գնում է, ջանասիրաբար փակում է դատարանների դռները՝ կոնկրետ դատավորների հետ կապված, վաղն էլ փակելու է այսօրվա պաշտոնյաների և աշխատանքային շենքերի դռները,- ասաց Գ.Պետրոսյանը և շարունակեց,- Վահե Գրիգորյանն ինքնահռչակ նախագահ է, նրա հայտարարությունը չի բխում Սահմանադրությունից, ավելին՝ հակասում է ՀՀ Սահմանադրության 213 հոդվածին, համաձայն որի՝ դատական իշխանության մասին Սահմանադրության 7-րդ գլուխը ուժի մեջ մտնելուց հետո ասում է՝ Սահմանադրության նախագահն ու անդամները պաշտոնավարում են մինչև իրենց լիազորությունների ավարտը:

Այսինքն՝ պետք է նրանց լիազորություններն ավարտվեն, կամ նրանք ՍԴ մասին օրենքով նախատեսված այլ հիմքով ազատվեն պաշտոնից, նոր արդեն նոր ընտրություն լինի, հետո իրենք իրենց կազմից ընտրեն նախագահ: Բայց այսօր լավ է, վատ է, ցանկալի է, անցանկալի է, ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն է»:

Գ.Պետրոսյանը նշեց, որ միջազգային արձագանքը չի կարող դրական լինել այս ամենին:

Պատգամավորի համոզմամբ՝ Սահմանադրության նորմերը միտումնավոր խեղաթյուրվում են. «Սահմանադրության նախկին խմբագրությամբ կոչվում էին ՍԴ նախագահ և անդամներ, իսկ վերջին փոփոխություններից հետո արդեն օգտագործվում է ՍԴ դատավոր եզրույթը, բայց դա չի նշանակում, որ պետք է պաշտոնազրկել անդամներին: Ով ասում է դա, իրավաբանության հետ անելիք չունի: 213 հոդվածը հստակ նշում է՝ ՍԴ անդամները և նախագահը շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ավարտը: Որտե՞ղ է գրված, որ նրանք մեխանիկորեն դադարեցնում են իրենց լիազորությունները»:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այս թնջուկի հանգուցալուծման հարցում ակնկալում է մասնագետների աջակցությունը: Ո՞վ է ճիշտ, ո՞վ սխալ, հարցի պատասխանը նա ցանկանում է լսել որևէ կողմին չհարող, ոսկե միջինում գտնվող սահմանադրագետներից, օրինակ՝ Գագիկ Ղազինյանից, Գևորգ Դանիելյանից, որպեզի քաղաքական գործիչներն էլ հասկանան այս ամբողջ պատմության ճշմարտության գինը:

«Սահմանադրագետները և իրավաբանները բաժանվել են ուղիղ 2 հավասար ճամբարների, մի մասը պաշտպանում է այն թեզը, որը ներկայացրել են Վահե Գրիգորյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը, որ Վ. Գրիգորյանն իրավունք ունի ստանձնելու ՍԴ նախագահի պաշտոնը, որովհետև այնտեղ կա ՍԴ անդամ, դատավոր և այլն, սահմանադրագետների մի հատված գտնում է, որ սա ուզուրպացիա է, քաղաքական գործիչների մի մասը գտնում է, որ սա իշխանության բռնազավթում է և քրեական հանցագործություն, և այլն»,- ասաց Ն.Զոհրաբյանը՝ ստեղծված իրավիճակը խիստ զարմանալի ու մեծապես մտահոգիչ որակելով: Նա նշեց, որ մի բան կարող է ասել որպես պատգամավոր՝ «ես բացարձակ չեմ ցանկանա, որ ուժով երկրում հարցեր լուծվեն: Երկրում հարցերը պետք է լուծվեն բացառապես օրենքով»:

Թե ինչպիսի՞ն կլինի միջազգային արձագանքը, Ն.Զոհրաբյանը նշեց, որ դա կախված է նրանից, թե որքանով են իրավական Վահե Գրիգորյանի և նրա համակիր իրավաբանների ու քաղաքական ուժերի քայլերը. «Եթե դրանք լինեն իրավական և այն, ինչ ասում է Վահե Գրիգորյանը, տեղավորվում է ՀՀ Սահմանադրության մեջ, ապա ես մեծ արձագանք միջազգային կառույցներից չեմ ակնկալում: Իսկ եթե այն մյուս թևն է ճիշտ, ապա կարծում եմ, Վենետիկի հանձնաժողովն ու մյուս կառույցները սա կհամարեն իշխանության թևի ուզուրպացիա»:

ՍԴ դատավորներն ու ՍԴ անդամները պետք է քննարկեն

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մերժում է նախկին իշխանությունների քննադատությունները: «Ես ուզում եմ հասկանալ՝ այլ տեսակետ հայտնողներն ովքեր են, և այդ տեսակետն ինչպես է հնչում: Այն նույն մարդիկ են, որ ժամանակին բացատրել են ամեն ինչ, ինչն անհնա՞ր է, նույն մարդիկ են, որոնք օրենքը ոնց ուզեցել, իրենց տակ ծալե՞լ են: Եվ մենք այսօր այդ մարդկանց կարծիքը վերցնում ենք՝ որպես երկրորդ կարծիք, և փորձում ենք այլ մեկնաբանությո՞ւն տալ: Կարծում եմ դա ճիշտ չէ: Այն մարդիկ, որոնք այսօր քննադատում են, հայտնի են նրանով, որ օրենքները ծամածռել են այնպես, ինչպես հարմար է եղել իրենց: Դրա շնորհիվ մարդկանց են ձերբակալել, մարդկանց են պաշտոնի նշանակել, օրինակ՝ ԱԱԾ նախկին ղեկավարին»,- հայտարարեց նա:

Նա հրաժարվեց տեսակետ հայտնել՝ արդյո՞ք ՍԴ-ն մինչ օրս ոչ լեգիտիմ է գործել. «Իրականում ՀՀ-ում եղել է մի քվազի իրավիճակ, երբ ինչ-որ մարդիկ զբաղեցրել են պաշտոններ, ինչ-որ մարդիկ իրենց վերագրել են ինչ-որ պաշտոններ, և իրականության հետ չհամակերպվել չի եղել»: Ըստ Սիմոնյանի՝ ներկայիս իշխանություններն այդ քվազի իրավիճակից դուրս են հանում երկիրը, և լեգիտիմության վերականգնում է տեղի ունենում Հայաստանում. «Եվ այդ պրոցեսը բավականին երկար կշարունակվի»:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը կարծում է, որ ՍԴ դատավորներն ու ՍԴ անդամները պետք է քննարկեն և ստեղծված խնդրին լուծում գտնեն: Ըստ նրա՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ տրված կարգավորումները վիճահարույց են:

«Մենք ունենք իրավիճակ, որ ՍԴ գործունեության հիմքերը լուրջ կասկածի տակ են: Չի կարող սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինը գործել վիճելի իրավակարգավորումների պարագայում»,- ասաց Վ.Հովակիմյանը՝ դրական գնահատելով ծավալվող իրավական բանավեճը:

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի դիտարկմանը, որ «ՍԴ անդամ» ու «ՍԴ դատավոր» արտահայտությունների նույն տրամաբանությամբ չի կարելի ասել՝ ԱԺ անդամ կամ խմբակցության անդամ, այլ պետք է միայն պատգամավոր ասել, Վ.Հովակիմյանը հակադարձեց, թե պարոն Իշխանյանն ուղղակի շփոթում է, ՍԴ անդամը ժամանակին նշանակվել է՝ որպես անդամ, և գնահատականի ու լեզվամտածողությամբ չի կարգավորվում դա, իսկ փոփոխված Սահմանադրությամբ այդ եզրույթը վերացվել է:

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անկեղծացավ՝ իր համար հաճելի անակնկալ է եղել Վ. Գրիգորյանի հայատարարությունն այն մասով, որ նա ստանձնում է ՍԴ նախագահի պարտականությունները: Սակայն, նրա համոզմամբ, այս իրավիճակը պատահական տեղի չի ունեցել: Ըստ Լ.Մակունցի՝ խմբակցության ներսում Հրայր Թովմասյանի վերաբերյալ որևէ քննարկում չի եղել, բայց այն իրավիճակը ՍԴ-ում, որի մասին հայտարարել է Վ.Գրիգորյանը, դրա մասին իրենք տեղյակ եղել են: Լեգիտիմության վերաբերյալ մեկնաբանություն անելը, նրա կարծիքով, ՍԴ տիրույթում է:

Անդրադառնալով ՀՀԿ-ականների հայտարարություններին, որ չի կարող լինել ՍԴ երկրորդ նախագահ, և այստեղ հանցակազմ կա, Լ.Մակունցը նշեց, որ Վ.Գրիգորյանը հայտարարել է, որ ստանձնում է ՍԴ նախագահի պարտականություններ կատարելը:

Դիտարկմանն ի պատասխան, որ պաշտոնապես ՍԴ նախագահը շարունակում է լինել Հրայր Թովմասյանը, «Իմ քայլի» ղեկավարը կրկնեց Վ.Գրիգորյանի մեկնաբանությունը, որ ՍԴ-ում կա երկու դատավոր, և այն պարագայում, երբ մի դատավորն արձակուրդում է, ինքը ստանձնում է ՍԴ նախագահի պարտականությունները:

Նա ևս կարծում է, որ հարցի քննարկումը լինելու է ՍԴ-ում, և պետք է սպասել նրանց հայտարարություններին:

Խմբակցության անդա՞մ, թե՞ պատգամավոր ձևակերպումներին Լ.Մակունցը հակադարձեց. «Վստահ եմ, պարոն Իշխանյանը գիտի, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել սահմանադրական բարեփոխումների արդյունքում, և որն է տարբերությունը ՍԴ անդամ և ՍԴ դատավոր լինելու միջև: Եվ համեմատությունն ինձ համար ընդունելի ու տրամաբանական չէ»:

Թե ինչպիսի՞ն կլինի միջազգային արձագանքը, Լ.Մակունցը չգիտի:

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանի համար Վ.Գրիգորյանի հայտարարությունը նույնպես «ոչ տհաճ» անակնկալ է եղել: Նա դրանում հանցակազմ չի տեսնում: Ավելին՝ նա «ոչ լեգիտիմ» է համարում մինչ այս Սահմանադրական դատարանի գործունեությունը: Հարցին՝ ՍԴ-ն ապօրինի՞ է գործել, նա հայտարարեց՝ «ոչ լեգիտիմ»:

«Սահմանադրությունից բացակայում են դրույթները, որ այսուհետ ՍԴ անդամները շարունակում են պաշտոնավարել՝ որպես ՍԴ դատավորներ»,- ասաց Ա.Կարապետյանը:

«168 Ժամ» թերթ
22.06.2019

 

Տեսանյութեր

Լրահոս