«Հակամարտության կարգավորման բանակցություններում ԱՄՆ-ի այսօրվա ադմինիստրացիային հետաքրքրում է Իրանի հետ սահմանը»
Հունիսի 20-ին Վաշինգտոնում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն իր թվիթերյան էջում անդրադառնալով վերջինիս՝ նշել էր, որ անհամբերությամբ է սպասում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներին, որպեսզի խրախուսի նրանց միջև երկխոսության շարունակմանը։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, խոսելով սպասվող հանդիպման ու այդ հանդիպմանը՝ Ջ. Բոլթոնի ներկայության մասին, նշեց.
«Հերթապահ աշխատանքային հանդիպում է։ Եղավ Փարիզում, Մոսկվայում, հիմա՝ Վաշինգտոնում է, իհարկե, մակարդակն այդ հանդիպումների բավականին բարձրացել է, որովհետև հիմա էլ Բոլթոնն է մասնակցելու, որն ուղղակիորեն զբաղվում է տարածաշրջանով։
Եթե Բոլթոնը մասնակցում է այս բանակցությանը, իր մոտ օրակարգը, միևնույն է՝ նույնն է լինելու, իրեն միշտ հետաքրքրում է Իրանը»,- ասաց նա՝ հավելելով, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում, առհասարակ, ԱՄՆ-ի այսօրվա ադմինիստրացիային հետաքրքրում է Իրանի հետ սահմանը՝թե ով է այն վերահսկելու»։
Վ. Հակոբյանը հավելեց, որ ԱՄՆ-ի այդ կոնցեպցիան բացարձակապես անընդունելի է հայկական կողմի համար՝ հաշվի առնելով, թե Իրանն ինչ նշանակություն ունի մեզ համար.
«Եթե հիպոթետիկ պատկերացնենք, որ Հայաստանը գնում է այդ քայլին, ապա ՌԴ-ին դա լիովին ձեռք չի տալու: Աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների՝ մեր տարածաշրջանի, հակամարտության գոտու հետ կապված հիմնական կռիվը կամ ամենավիճելի հարցը սա է՝ ո՞վ է վերահսկելու Իրանի հետ սահմանը. և՛ ԱՄՆ-ին, և՛ ՌԴ-ին, որ «հատուկ» հարաբերություններ ունի Իրանի հետ, դա շատ է հետաքրքրում»։
Քաղտեխնոլոգը նկատեց, որ ընդհանուր առմամբ արտգործնախարարների հերթական բանակցային սեղանից պետք չէ ակնկալիքներ ունենալ. դրա համար հիմք չկա, քանի որ մադրիդյան սկզբունքների վրա հիմնված բանակցային գործընթացն անհեռանկարային է.
«Դա չաշխատող փաստաթուղթ է, և կողմերն ուղղակի պրոցեսը շարունակելու համար այս ֆոնին այլ հարցեր են լուծում: Օրինակ՝ Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումից հետո հումանիտար հարցերի մասին հայտարարություններ եղան, կամ սահմանին չկրակելու մասին, բայց բուն մադրիդյան սկզբունքներին գործը չի հասնում:
Հայկական կողմը կրկին առաջին պլան է հանելու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները. Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունը կարծես թե արդեն արդիական չէ . փորձում ենք վերադառնալ հին սխեմային»։
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան