
«Ես չգիտեմ՝ ուզում են լաբորատորիաների՞ն քարկոծել, թե՞ արտադրողներին». Թթվասերները կրկին կենթարկվեն փորձաքննության

«Թթվասերի մեջ կաթնայուղի փոխարեն ավելի էժան՝ բուսական յուղ, կոկոսի, արմավի յուղ են օգտագործում ու միայն այդ խաբելու արդյունքում բավականին մեծ շահույթ են ստանում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանը:
Նրա խոսքով՝ արտադրողներն այդ տուփերի վրա գրում են թթվասերիկ ու մակնշումը հենց «իկ» մասնիկի վրա է, չգիտես՝ ինչու, լինում և մարդիկ չեն հասկանում, թե դա ի՞նչ է:
«Պետք է սա լինի այլ տուփով ու հստակ գրված լինի՝ կաթնային արտադրանք. թթվասերի տեխնոլոգիայով, ոչ կաթնամթերք՝ բուսական յուղով»,- մանրամասնեց Ռուբեն Հայթյանը:
«Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիետա Հակոբյանն էլ ասաց, որ իրենք ու արտադրողները վրդովվել են B4B.am կայքի կողմից վերջերս կաթնամթերքի շուկայի կատարած վերլուծությունից, որը եղել է օտարերկրյա ներդրողի պատվեր:
«Թող բարի լինեն՝ մեզ ասեն, թե ով է իրենց պատվիրել, որ այս աշխատանքը կատարվի, քանի որ այստեղ կան և՛ հայրենական, և՛ արտերկրից ներկրված թթվասերներ: Այնպես որ, դա մենք պահանջում ենք: Հաջորդը՝ եթե կատարում են այդպիսի հատուկ առաջադրանք, ապա թող բարի լինեն համապատասխան երեք լաբորատորիաներում տան փորձաքննության, որովհետև եթե մեկ կամ երկու լաբորատորիայում է կատարվում փորձաքննություն, ապա այն իսկությանը չի համապատասխանում:
Նման հետազոտության դեպքում մեզ կամ ուրիշ սպառողական կազմակերպության պետք է դիմեն, որպեսզի համապատասխան մասնագետները նույնպես ներկա գտնվեն ու տեսնեն, թե ի՞նչ պայմաններում են կատարվում այդ բոլոր աշխատանքները»,- նշեց Մելիետա Հակոբյանը:
Նրա փոխանցմամբ՝ հաջորդ հանգամանքը, որ իրենց անհանգստացրել է, այն է, որ տարբեր ապրանքներ են վերցրվել, այնինչ պետք է վերցվեին նույնատիպները:
«Ինչո՞ւ «Աշտարակ կաթից» և «Մարիաննայից» վերցրել են երկու նմուշ, մնացածից` մեկ նմուշ: Ես չգիտեմ՝ ուզում են լաբորատորիաների՞ն քարկոծել, թե՞ արտադրողներին: Մնացել ենք շվարած»,- հարց բարձրացրեց նա ու տեղեկացրեց, որ խոսել է Սննդի անվտանգության տեսչության սննդամթերքի բաժնի պետի հետ ու խնդրել է, որպեսզի կատարվի փորձաքննություն:
Հիշեցնենք՝ B4B.am-ը վերջերս կաթնամթերքի շուկայի վերլուծության պատվեր է ստացել օտարերկրյա պոտենցիալ ներդրողի կողմից։ Այդ աշխատանքի շրջանակներում փորձաքննության են ենթարկել տեղական շուկայում վաճառվող կաթնամթերքը՝ նպատակ ունենալով պարզել, թե ընտրված ապրանքանիշերից որի մեջ է արտադրող ընկերությունն օգտագործում բուսական յուղ և այն վաճառում որպես թթվասեր:
Նշենք, որ ինքնին բուսական յուղը սննդի մեջ օգտագործելը մարդու առողջության վնաս չի հասցնում: Հարցն այլ է. բուսական յուղով արտադրանքը թթվասեր չի կարող կոչվել:
Ըստ այդմ, եթե վաճառվող ապրանքի վրա գրված է, որ այն թթվասեր է, այնտեղ բուսական յուղի առկայությունը կնշանակի, որ արտադրողը կեղծ արտադրանք ներկայացնելով՝ խաբում է սպառողին:
Փորձաքննության արդյունքները
Փորձաքննության են ներկայացրել, ընդհանուր առմամբ, 12 թթվասեր, որոնցից 9-ը տեղական արտադրության են:
Սուպերմարկետից գնված և սորտավորած արտադրանքը լաբորատորիաներին են ներկայացրել համարակալված, որպեսզի նվազագույնի հասցվի կողմնակալության հավանականությունը:
Փորձաքննությունը պատվիրել են 2 անկախ լաբորատորիաների՝ «FDA լաբորատորիային» և «Ստանդարտ դիալոգին»:
Առանձին-առանձին ստուգել են բոլոր օրինակները. որևէ արտադրողի թթվասերի բաղադրության մեջ նշված չէր բուսական յուղի պարունակության մասին: Բոլոր տեղական թթվասերներն արտադրված են եղել 2019թ. մայիսի 7-ին:
Ցուցակի առաջին տեղում «Արզնի կաթ» ընկերության 20% յուղայնությամբ թթվասերն է:
Երկրորդը՝ «Աշտարակ կաթ» ապրանքանիշի 18%-անոց թթվասերը:
Երրորդ տեղում նույնպես «Աշտարակ կաթ» ապրանքանիշի թթվասեր է՝ 13% յուղայնությամբ «Կովիկ» անունով մթերքը:
Ցուցակի չորրորդ տողում «Մարիաննա» ապրանքանիշի 18%-անոց թթվասերն է:
Հինգերորդ համարի նմուշը նույնպես «Մարիաննա» ապրանքանիշինն է` 10%-անոց թթվասեր:
Վեցերորդը՝ «Անի պրոդուկտ» ընկերության «Սմետանա Մասլովնա» ապրանքանիշի 18%-անոց թթվասերը:
Ցուցակում 7-րդը «Բանդիվան կաթ» ապրանքանիշի 18%-անոց թթվասերն է:
8-րդը՝ «Թամարա» ապրանքանիշի 18%-անոց թթվասեր:
9-րդը՝ «Բոնիլատ» ապրանքանիշի 17%-անոց թթվասերը:
10-րդ համարի ներքո ներկայացված է բելառուսական արտադրության «Բրեստ-Լիտովսկ» ապրանքանիշի 20%-անոց թթվասերը:
11-րդը «Ռուսական Պրոստոկվաշինո» ապրանքանիշի 25%-անոց թթվասերն է:
Թթվասերների ցուցակում վերջին՝ 12-րդը, ուկրաինական արտադրության «Պրեզիդենտ» ապրանքանիշի 20%-անոց թթվասերն է:
Անի Կարապետյան