Բաժիններ՝

Ֆրենսիս Ֆորդ Քոփոլան կստանա Լյումիեր եղբայրների անվան կինոփառատոնի մրցանակը

 Կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Քոփոլան կստանա Լյումիեր եղբայրների անվան կինոփառատոնի մրցանակը, որն անցկացվելու է հոկտեմբերի 12-ից մինչեւ 20-ը Լիոնում: Այդ մասին հաղորդվում է ստուգատեսի կայքում:

«Ֆրենսիս Ֆորդ Քոփոլան հաճախ է ասում, որ իրեն այլեւս հարկավոր չեն մրցանակներ, բայց այս անգամ նա թույլ տվեց իրեն համոզել»,-նշել է դասական կինոյի աշխարհում խոշորագույն համաժողովի տնօրեն Թիերի Ֆրեմոն: Միջոցառման հարթակներում կազմակերպվելու են 80-ամյա ռեժիսորի վերականգնված մի քանի կինոնկարներ: Հոկտեմբերի 19-ի երեկոն նվիրված կլինի բացառապես «Կնքահայրը» եռերգության կինոնկարներին:

Բացի այդ, կկայանան առանձին միջոցառումներ՝ նվիրված ֆրանսիացի դերասան Դանիել Օտեյի, ռուսական ծագում ունեցող դերասանուհու եւ Վլադիմիր Վիսոցկու (1938-1980 թթ.) վերջին կնոջ՝ Մարինա Վլադիի, Կաննի 72-րդ կինոփառատոնի հաղթող Պոն Չժուն Հոյի եւ բրիտանացի կինոռեժիսոր Քեն Լոուչի ստեղծագործությանը: Բացի այդ, պլանավորված է 1930-ական թվականների հոլիվուդյան համր ֆիլմերի ցուցադրությունը:

Լյումիեր եղբայրների անվան կինոստուգատեսն ամեն տարի աշնանն անցկացվում է Ֆրանսիայի Լիոն քաղաքում՝ կինեմատոգրաֆի գյուտարարներ Լուի եւ Օգյուստ Լյումիերների հայրենիքում: Փառատոնի ընթացքում քաղաքի խոշորագույն մշակութային հարթակներում, ինչպիսիք են Հոլլ Թոնի Գառնիեն եւ Կոնգրեսների լիոնյան պալատը, անցկացվում են դասական ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ: Համաժողովում նաեւ «Լյումիերների» մրցանակ է հանձնվում՝ կինեմատոգրաֆի զարգացման գործում ներդրած ավանդի համար:

Այդ մրցանակի դափնեկիրների թվում են՝ Քվենտին Տարանտինոն, Քեն Լոուչը, Քլինթ Իսթվուդը, Պեդրո Ալմադովարը, Ջեյն Ֆոնդան եւ ուրիշներ: Անցյալ տարի փառատոն էր այցելել 185 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս