«Վերջին մոտ տասն օրվա ընթացքում աստիճանաբար լարվում է իրավիճակն առաջնագծում». Կարեն Վրթանեսյան
Նախիջևանում հունիսի 11-ին ամփոփվեցին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում էր 5 հազար զինվոր, շուրջ 200 տանկ և հետևակի զրահապատ մեքենա, 180 հրթիռ և թնդանոթ, 21 ինքնաթիռ և ուղղաթիռ և այլ զինատեսակներ: Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ վարժանքները մեկնարկել էին հունիսի 7-ին և կրում էին «Անսասան եղբայրություն 2019» խորագիրը։
Նկատենք, որ սա վերջին ամիսների ընթացքում երկու երկրների համատեղ երկրորդ զորավարժությունն էր՝ մայիսի 1-ին անցկացվել էին «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» կոչվող զորավարժությունները։
«Զորավարժության նշված նպատակներից էր Նախիջևանի առանձին համազորային բանակի և Թուրքիայի զինված ուժերի շտաբների համագործակցության կատարելագործումը»,- թեմային անդրադառնալով՝ նշեց Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։
Նա արձանագրեց նաև Արցախյան առաջնագծում առկա լարվածությունը.
«Վերջին մոտ տասն օրվա ընթացքում աստիճանաբար լարվում է իրավիճակն Արցախի առաջնագծում՝ հայտնի է Ադրբեջանի առնվազն 2 կորստի մասին, հայկական կողմից էլ է եղել մարտական կորուստ։
Ադրբեջանական կողմն ագրեսիվ հայտարարություններով է հանդես գալիս. պաշտոնական հայտարարություններում Հայաստանին են մեղադրում, իրենց ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրները բացահայտ սպառնալիքներ են հրապարակում, ասում են, որ որսի սեզոն են բացում, բավականին մտահոգիչ է իրավիճակը։ Այս ֆոնին շատ զարմանալի է, որ հայկական լրատվամիջոցները բավականին զուսպ են այս ամենը լուսաբանում, նաև պաշտոնական աղբյուրներն են իրավիճակը զուսպ լուսաբանում։
Զուգահեռ էլ՝ մի հետաքրքիր իրողություն է, որ Հայաստանում շարունակվում է թշնամիներ որոնելը։ Մեր իրական արտաքին թշնամիներին թողած՝ ընկել ենք ինչ-որ ներքին թշնամիներ ենք փնտրում, աճեցնում և այլն…»։
Արձագանքելով 168.am-ի հարցին, թե ինչպես են գնահատում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ Անդրեյ Գրիշուկի տեսակետը նախիջևանյան զորավարժությունների մասին, որում նա մասնավորապես նշել էր, թե՝ «դրանք վտանգ չեն ներկայացնում», Վրթանեսյանն ասաց.
«Տեսականորեն կարող է հենց այս զորավարժությունները դժվար դառնան ռազմական գործողություններ, բայց փաստ է, որ այդ զորավարժություններով խաղարկում են կոնկրետ գործողություններ, և անհրաժեշտության դեպքում այդ գործողություններին դիմելու են, այսինքն՝ հակառակորդի ցանկացած ուժեղացում մեզ համար սպառնալիք է»։
Թե ինչ սցենարներ են խաղարկվել և ինչ ստորաբաժանումների մասնակցությամբ՝ տարբեր աղբյուրների տեղեկությունների վերլուծությունը ներկայացրեց Razm.info-ի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը. «Ինչպես և նախորդ անգամներում, Նախիջևանում ևս զորավարժություններն անցկացվեցին պաշտպանողական-հակահարձակողական սցենարներով։
Զորավարժություններին ներգրավվել էին, ամենայն հավանականությամբ, նաև Թուրքիայի մեխանիզացված բրիգադի ստորաբաժանումները, Նախիջևանի կողմից՝ Քիվրագի բրիգադի ստորաբաժանումները։
Իսկ ինչի համար՝ Քիվրագի բրիգադն իրականացնում է պահպանություն Նախիջևանի հյուսիսային հատվածում, և զորվարժություններն ընթանում էին այդ հատվածում, և ըստ սցենարի՝ հայկական կողմը ճեղքել էր ադրբեջանական առաջնագիծը հենց այդ հատվածում»։
Վրթանեսյանը խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության վտանգների մասին՝ ընդգծեց, որ խաղաղասիրական ուղերձները հակառակ մեզ են գործում.
«Մինչ մենք ինչ-որ ադրբեջանցի զինվորի աչքեր… նման բաներ ենք քննարկում, ադրբեջանցի զինվորները շատ կոնկրետ, շատ հետևողական, նպատակաուղղված ձևով պատրաստվում են ռազմական գործողությունների, դա փաստ է»։
Նա տեղեկացրեց, որ Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք հետևողական ձևով այդ խաղաղասիրական քարոզն անում են՝ նկարվել են ֆիլմեր, կազմակերպվել են սեմինարներ.
«Սակայն Ապրիլյան պատերազմի ժամանակ այդ միջոցառումներին մասնակցած հազարավոր ադրբեջանցիներից և ոչ մեկը որևէ բառ չասաց պատերազմի դեմ»։
Ըստ փորձագետի՝ այս ամենը նպատակուղղված է, քանի որ 20 տարի և ավելի նման միջոցառումները ֆինանսավորվել են, և հիմա էլ, ըստ նրա, այդ շրջանակներում առկա է ակնհայտ ոգևորություն։
«Եթե ոչ՝ ծայրահեղ պացիֆիստներ, բայց այդ շրջանակներից մարդիկ այսօր նաև իշխանության մեջ են. ես չգիտեմ՝ հիմա ինչքանով է փոխվել իրենց տեսակետը, երբ իրենք արդեն իրական քաղաքականության մեջ են մտել, ստացել են ինֆորմացիա, ենթադրենք՝ առաջ չունեին, գուցե այսուհետ կախված չեն այդ դրսի ֆինանսավորումից, որը հաճախ գալիս է այնպիսի շրջանակներից, որոնք Ադրբեջանում կոնկրետ շահեր ունեն, գուցե ինչ-որ բաներ կփոխվեն»,- հավելեց Վրթանեսյանը՝ նկատելով, որ Ադրբեջանում խաղաղասիրական ակնկալիքներ չկան, և հայն իրենց համար ատելության թիրախում է։
Փորձագետները կարևորեցին նաև առհասարակ հասարակության պատրաստության հարցը՝ նկատելով, որ հաճախ ճիշտ չեն պատկերացումները հայ-ադրբեջանական հակամարտության մասին։
Զարուհի Դիլանյան