«2017թ. դեսպան Սվիտալսկին ասել է, որ Հայաստանում դատական համակարգի նկատմամբ վստահությունը շատ բարձր չէ, բայց այն ավելի բարձր է, քան մի շարք եվրոպական երկրներում». Դավիթ Հարությունյան

Երեկ «Լույս» հիմնադրամի կողմից կազմակերպված անցումային արդարադատության և վեթինգի հարցերին նվիրված փորձագիտական քննարկման ժամանակ «Լույս» հիմնադրամի տնօրեն Դավիթ Հարությունյանն անդրադարձավ այն հարցերին, թե ովքե՞ր պետք է ռեաբիլիտացվեն անցումային արդարադատության ընթացքում, ի՞նչ ակնկալիք ունի ՀՀ ժողովուրդն անցումային արդարադատությունից, որո՞նք են լինելու անցումային արդարադատության արդյունքները, ի՞նչ չափելի չափորոշիչներ են լինելու, և ի՞նչ ժամկետներում են դրանք ստացվելու, արդյո՞ք հայկական անցումային արդարադատությունն ընդգրկելու է տնտեսական և սոցիալական իրավունքները. Եթե՝ այո, ինչպե՞ս, եթե՝ ոչ, ապա ինչո՞ւ ոչ։

«Հաջորդ հարցը վերաբերում է վեթինգին։ Ո՞րն է վեթինգի անհրաժեշտությունը։ Ես ուզում եմ նշել, որ Եվրամիությունը 2016թ.-ից սկսած՝ մշակեց մեթոդաբանություն, որպեսզի գնահատվի հանրային վստահությունն արդարադատության համակարգի հանդեպ։ Աշխատանքները չէին իրականացվում ՀՀ իշխանությունների կողմից։

Այն իրականցվում էր Եվրամիության կողմից, նրա պատվերով, նրա կողմից ընտրված կազմակերպությունների միջոցով։ Եվ 2017թ. նոյեմբերի վերջին՝ այդ աշխատանքների ամփոփման ժամանակ, դեսպան Սվիտալսկին, ով ևս ներկա էր, հետաքրքիր մի ձևակերպում տվեց, որ վստահ եմ՝ այսօր մոռացել է, բայց այդ կադրերը միշտ կարելի է գտնել։ Նա ասաց, որ՝ այո, դատական համակարգի նկատմամբ վստահությունը շատ բարձր չէ, այնուամենայնիվ, այն ավելի բարձր է, քան մի շարք եվրոպական երկրներում, և նշեց, որ դա կատարված աշխատանքի արդյունք է»,- ասաց արդարադատության նախկին նախարարը։

Վերջինս տարակուսեց, թե ո՞րն է այն հիմքը, անվստահության ո՞ր աստիճանն է հիմք ընտրվել՝ որպես վեթինգի հիմնավորում, և այդ անվստահության մակարդակով Հայաստանը ո՞ր երկրների հետ կարելի է համեմատել։

Հաջորդ հարցը, որը մտահոգում էր Դ. Հարությունյանին, այն էր, թե կա՞ արդյոք դատավորների թույլ տված սխալների վիճակագրություն, որքա՞ն խոսուն է այն։

Պակաս կարևոր չեն նաև այն հարցերը, թե որոնք են գործող կարգավորումների թերությունները, որոնք առաջացնում են վեթինգի անխուսափելի անհրաժեշտություն, արդյո՞ք դատական համակարգում առկա խնդիրները հնարավոր չէ լուծել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները կատարելագործելու միջոցով կամ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ողջ ներուժն օգտագործելով, ի՞նչն է պատճառը, որ մենք այդ գործող մեխանիզմներից հրաժարվում ենք, կա՞ արդյոք վեթինգին այլընտրանք, և արդյո՞ք այս առումով միջազգային փորձը դիտարկվել է, որո՞նք են այն մարմինները և պաշտոնատար անձինք, ովքեր ենթարկվելու են վեթինգի, ո՞ր ժամանակահատվածի վրա է տարածվելու վեթինգը, արդյո՞ք ՍԴ դատավորներն էլ են ենթարկվելու վեթինգի, և եթե՝ այո, ապա ի՞նչ տեղի կունենա, եթե այդ վեթինգի մասին օրենքը վիճարկվի Սահմանադրական դատարանում, նախատեսվելո՞ւ են արդյոք վեթինգի մոնիտորինգի և վերահսկողության մեխանիզմներ, ովքե՞ր են լինելու վեթինգ իրականացնող պաշտոնյաները, ի՞նչ երաշխիքներ կան, որ նրանք չեն լինի քաղաքականացված, արդյո՞ք վեթինգի ենթարկվող պաշտոնյաներն էլ են ենթարկվելու վեթինգի, եթե՝ այո, ապա ո՞ւմ կողմից, հնարավո՞ր է արդյոք, հիմնվելով վեթինգի 3 չափանիշերի վրա, դատավորին պաշտոնանկ անել առանց Սահմանադրության 7-րդ գլխի փոփոխության, ինչպե՞ս են գնահատվելու գույքն ու քաղաքական կապերը, և վերջինիս դեպքում անձնական կյանքի գաղտնիության իրավունքն ինչպե՞ս է պահպանվելու, ի՞նչ երաշխիքներ են լինելու, որ առերևույթ քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի քննության ժամանակ դատավորների անկախությունն ու անկաշկանդությունը պահպանվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս