Օպերային թատրոնը Նազենի Ղարիբյանի դիմումը բողոքարկել է և առոչինչ ճանաչելու խնդրանքով դիմել Արայիկ Հարությունյանին
Հունիսի 1-ին ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխության արդյունքում Մշակույթի նախարարությունն օպտիմալացվեց, որի արդյունքում ձևավորվեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ նախարար նշանակվեց Արայիկ Հարությունյանը։ Այս ամենի արդյունքում դադարեցվեց Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի պաշտոնավարումը, որից հետո, օրեր անց նա հայտարարեց, որ հրաժարվում է Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Ն. Ղարիբյանը նշանակվել էր Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել թատրոնում, քանի որ արտիստների գերակշիռ մասը չէր ցանկանում այդ պաշտոնում տեսնել նրան։
168.am-ը Օպերային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանին հարցում ուղարկեց` հասկանալու համար, թե Նազենի Ղարիբյանի հրաժարականից հետո Օպերային թատրոնի Կառավարման խորհուրդը, որպես այդպիսին, գործելո՞ւ է, կլինի՞ նոր նշանակում, կամ այդ խորհրդի անհրաժեշտությունը տեսնո՞ւմ են։
«ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի կազմում ընդգրկվել և ապա խորհրդի նախագահ էր ընտրվել ի պաշտոնե, ուստի պաշտոնից ազատվելուց հետո նա դադարել է զբաղեցնել խորհրդի նախագահի պաշտոնը:
Կառավարմանը խորհուրդը նախատեսված է թատրոնի կանոնադրությամբ, խորհրդի հետագա գործունեության շուրջ քննարկումներ կլինեն նախարարությունում»,- նշել է Կարինե Կիրակոսյանը։
Հետաքրքրվել էինք նաև, թե արդյո՞ք Օպերային թատրոնում պատրաստվում են վերականգնել իրավաբանական վարչության նախկին պետ Քրիստինե Նաղդալյանի և բալետի պարող Բորիս Էմինյանի աշխատանքները, որի համար Նազենի Ղարիբյանը դիմել էր թատրոնի տնօրինությանը և պահանջել դիմումը բավարարել 5-օրյա ժամկետում։
Հարցին ի պատասխան՝ Կ. Կիրակոսյանը նշել էր, որ ի պատասխան այդ դիմումի՝ նամակով դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա.Հարությունյանին՝ հայտնելով, որ Նազենի Ղարիբյանի վերը նշված հրամանները հակասում են ՀՀ Սահմանադրության 6-րդ, 50-րդ,74-րդ հոդվածներին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», ՀՀ աշխատանքային օրենսգրքի 33-րդ, 264-րդ, 265-րդ հոդվածների պահանջներին և ենթակա չէ կատարման:
«Սա բխում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջից, որով սահմանված է, որ պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը՝ տնօրենը, պարտավոր է չկատարել լիազորված պետական մարմնի օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության: Մեր կողմից նշված հրամանները բողոքարկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա.Հարությունյանին՝ նախարարին նշված հրամանները առոչինչ ճանաչելու խնդրանքով»,- ասել էր նա:
Նաև հարցրել էինք, որ, երբ ապրիլի 1-ին Օպերային թատրոնի աշխատակիցները հանդիպել էին վարչապետին՝ Ն. Ղարիբյանի որոշմամբ, Կոնստանտին Օրբելյանին Թատրոնի տնօրենի պաշտոնից հեռացնելու խնդրով, վարչապետը նշել էր, որ եթե այդ որոշման մեջ հայտնաբերվի որևէ սխալ, ապա պատասխանատու անձինք կպատժվեն, հանարավո՞ր է, որ Ն. Ղարիբյանը իր պաշտոնում չնշանակվեց զուտ նրա համար, որ սխալ որոշում էր կայացրել։
Կարինե Կիրակոսյանը պատասխանել է, որ այդ հարցին չի կարող պատասխանել և հարցի պատասխանը կարող է տալ միայն Նազենի Ղարիբյանը։
Զվարթ Խաչատրյան