Բաժիններ՝

«Բնակիչներն ասում են՝ ջուրը տուր, տեսնենք, նոր պայմանագիր կնքենք». ի՞նչ է կատարվում Ալափարս գյուղում

Կոտայքի մարզի Չարենցավան-Աղվերան ավտոճանապարհի՝ Ալափարս գյուղի վարչական տարածքում մեծ թվով գյուղացիներ ի նշան բողոքի՝ փակել էին ճանապարհը։ Նրանց դժգոհությունը կապված էր «Կոտայք ՋՕԸ» ընկերության հետ:

Գյուղացիների խոսքով՝  10 տարուց ավելի է, երբ ոռոգման սեզոնը սկսվում է, իրենք զգում են, որ մատնվել են անտարբերության։ Ջրի կարոտ ենք մնում, ցանքատարածություններն ու այգիները չենք կարողանում ջրել։

Բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ էին վարում ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Արմեն Իսրայելյանը և Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանը։ Ներկա էր նաև Կոտայքի մարզի ջրային տնտեսության պետ Առաքել Խաչատրյանը:

Չարենցավան համայնքի Ալափարս գյուղի վարչական ղեկավար Արտակ Սարիբեկյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ  խնդիրը միշտ է եղել, բայց այս տարի ավելի վատ իրավիճակ է ստեղծվել, մինչև հունիսի 10-ը ոռոգման ջուր չի եղել:

«Արդեն շատ շոգ էր, բույսերը պետք էր անպայման ջրել, հետևաբար՝ մարդիկ ստիպված բողոքի ակցիա կազմակերպեցին, եկան պատկան մարմինների ներկայացուցիչները, հարցը որոշակի լուծում ստացավ: Այսինքն՝ դա կախված էր «Սևան-Հրազդանյան կասկադի» ջրի քանակից, որը մինչև հունիսի 9-ը ցածր էր: Հիմա ծավալն ավելացրել են: Դե, «Կոտայք ՋՕԸ»-ն էլ ջուրը մեր պահանջած ծավալի չափ չէր բացում՝ դա բացատրելով նրանով, որ ժողովուրդն իրենց հետ պայմանագիր չի կնքել, իրենք չգիտեն, թե ինչքան ջուր տան, բայց սա պատճառաբանություն չէ, ժողովուրդը պատրաստ է ջրի համար վճարումներ կատարել, սակայն նախորդ  տարիներին քանի որ ջրերը կիսատ-պռատ են հասել գյուղ, այսինքն, սեզոնին մի որոշ ժամանակահատված կտրել են, դա խոչընդոտել է բույսի նորմալ աճին, բերքատվությանը, հետևաբար՝ մարդիկ էլ չեն վստահել իրենց: Բնակիչները հիմա ասում են՝ ջուրը տուր, տեսնենք, հետո պայմանագիր կնքենք, վճարենք»,- մանրամասնեց վարչական ղեկավարը:

Նրա փոխանցմամբ՝ դեռ պտուղ-բանջարեղենը մեծ վնաս չեն կրել, բայց արդեն այդ ճանապարհին էին:

«Մեզ մոտ հիմնականում աճեցնում են  բանջարանոցային մշակաբույսեր և ազնվամորի: Վերջինը, ի դեպ, առաջընթաց է ապրում:  Ժողովրդի ուզածն ընդամենը ոռոգման ջուր էր, որը շատ էր ուշանում: Ծառերը թառամել էին: Ջուրը մեր քթի տակով գնում է, բայց մենք ջուր չունենք, դա շատ վատ բան է, մարդիկ նյարդայնանում են»,- հավելեց նա:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս