«Ինչպե՞ս են մարդիկ իրենց թույլ տալիս փողոցից հաց գնել». Ռուբեն Հայթյանը՝ հացաբուլկեղենի շուկայում տիրող վիճակի մասին
«Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանը հորդորում է գնել տեղական հրուշակեղենը, որը կարճ ժամանակահատվածի համար է արտադրվում, թարմ է, հավելանյութեր չի պարունակում:
«Արտասահմանից մեծ քանակությամբ հրուշակեղեն են բերում Հայաստան, որոնք շատ հավելանյութեր են պարունակում, որովհետև միլիոնավոր տոննաներով են արտադրում, ու անհրաժեշտ է, որ 6-7 ամիս պահպանվի ապրանքը: Իսկ մեր տեղականի դեպքում այդպես չէ, շուկան փոքր է, ու մեկ շաբաթվա համար են արտադրում ու ծախս չեն անում, որ հավելանյութեր գցեն՝ ասենք՝ բորբոսասնկերից խուսափելու համար: Էլ չեմ խոսում մյուս սինթետիկ նյութերի մասին, որ ավելացնում են՝ գույնը, համը պահպանելու համար: Այսինքն, ժողովրդին խորհուրդ կտամ տեղականը գնել, որն ինչ-որ տեղ կառավարելի է, շուկան փոքր է, մաքուր հնարավոր է պատրաստել, եթե ազնիվ մղում ունենան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայթյանը:
Խոսելով հացի մասին՝ «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետը ցավով նշեց՝ դեռևս տեղ-տեղ շարունակում են դրսում հաց վաճառել, ինչն անթույլատրելի է:
«Հացը կողմնակի հոտ, բույր, գույն չպետք է ունենա: Հացից հացի հոտ պետք է գա, այն պետք է պարունակի ալյուր, դրոժ, աղ և ջուր:
Սև հացերի դեպքում մի երկու տարի առաջ բացահայտեցինք, որ գունանյութ են պարունակում: Գնացինք, տեսանք, որ ավտոտնակում գույնով լի դույլն աշխատողի կողքին է, այն ավելացնում է խմորին, ասում է՝ սննդային գունաներկով եմ անում: Բայց դա ոչ թե հացի, այլ, ասենք, կարամելների համար է նախատեսված: Գույն էր տալիս ու ժողովրդին խաբում, թե՝ սա սև հաց է: Հիմա էլ պետք է շատ ուշադիր լինել. եթե գրում են՝ սև ալյուրից է, ու նույնն գինն է, մի քիչ կասկածելի է: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչությունը պետք է շատ ուշադիր լինի, որովհետև հացն ամեն օր են օգտագործում, ջերմային մշակման չի ենթարկվում, որ, ասենք՝ եռացնենք, անցնի: Տեսեք, նրբերշիկը որ գցում եք ջրի մեջ ու եռացնում եք, ջուրը կարմրում է, նշանակում է, որ գույն շատ են տվել: Բայց հացը հո չե՞ս կարող գցել ջրի մեջ, եռացնել ու ուտել: Դրա համար զգույշ ու ուշադիր պետք է լինել:
Մոտ մեկ շաբաթ առաջ տեսել ենք, որ փողոցում հաց են վաճառում: 3-րդ մասում՝ Նժդեհի հրապարակի անկյունում, տատիկը մայթին դրել ու այս 40 ջերմաստիճանի տակ հաց էր վաճառում: Ինչպե՞ս են մարդիկ իրենց թույլ տալիս ու այդտեղից հաց գնում: Մեկ տարի առաջ փողոցային առևտրի հետ կապված ստուգայց էինք կատարում, բացի հացից, նաև ձուկ ու ինչ ասես վաճառում էին: Մեզ այդ տատիկը տեսավ՝ թողեց-մտավ կրպակ ու դուրս չեկավ, որ տեսնեինք՝ ինչու է բերել փողոցում հաց վաճառում: Այս շոգին պոլիէթիլենային տոպարկով փաթաթել ու հաց են վաճառում, ինչը չի կարելի, թույներ է պարունակում պոլիէթիլենը, գոնե շղարշով փաթաթեն: Մենք այնքան վաճառողին չենք մեղադրում, որքան գնորդին»,- հավելեց Ռուբեն Հայթյանը:
Անի Կարապետյան