«Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում խոշտանգում և հաշվեհարդար». Փաստաբան

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանական թիմի անդամ Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ իր պաշտպանյալի գործով անօրինականությունները հասել են այն աստիճանի, որ դրանց մի մասը, մասնավորապես՝ հիվանդության և անօրինական կալանքի մասով, գտնվում է Եվրոպական դատարանում։

«Ամիսներ առաջ բարձրաձայնեցի, որ Մ. Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում խոշտանգումներ, քանի որ, երբ անձին կալանավորեցին, նա ուներ մի քանի հիվանդություններ և ինտենսիվորեն գտնվում էր բժիշկների վերահսկողության տակ։ Իսկ ձերբակալությունից երկու ամիս անց նրա առողջական վիճակում նկատվեց բացասական դինամիկա, և այդ պայմաններում կալանքն անթույլատրելի էր, չխոսենք էլ այն մասին, որ կալանքի հիմքերը բացակայում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լևոն Բաղդասարյանը։

Ըստ նրա, այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով, կարելի է եզրակացնել՝ կա՛մ բարձրագույն իշխանության կողմից կա ուղղակի տոտալ ցուցում, որպեսզի անձին խոշտանգեն և հաշվեհարդար տեսնեն, կա՛մ պետական լիազոր մարմինների անօրինականությունների հետ կապված՝ սխալ են զեկուցում բարձրագույն իշխանություններին։

Նա հիշեցրեց, որ ժամանակին բարձրաձայնեցին, և պետական մակարդակով ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է որոշեր, թե Գրիգորյանի հիվանդություններն ինչպիսի՞ն են, և արդյո՞ք դրանք համապատասխանում են կալանքին։

«Միջգերատեսչական հանձնաժողովի հայտնի որոշումից հետո, որի նախագահն ի պաշտոնե Առողջապահության փոխնախարարն էր, դեռևս դեկտեմբերի ամսին հեռացվել էր պաշտոնից՝ ՀՀ վարչապետի որոշմամբ, բայց չգիտես ինչու՝ 2019 թվականի հունվարին  այդ հանձնաժողովի նախագահն էր։

Հանձնաժողովի եզրակացության մեջ թվարկել էին իմ պաշտպանյալի հիվանդությունները և վերջում ավելացրել, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, և կարող է կալանքի տակ մնալ, բայց հետո ապահովագրելով իրենց՝ նաև ավելացրել, որ կյանքին կարող է նաև վտանգ սպառնալ»,- շեշտեց Լ. Բաղդասարյանը:

Ըստ նրա, նախկինում Մանվել Գրիգորյանը հրաժարվում էր Հայաստանին դատի տալ և դիմել Եվրոպական դատարան, սակայն բազմաթիվ հորդորներից հետո նա  համաձայնել է դիմել Եվրոպական դատարան, որից հետո միայն նրան տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց։ Այնտեղ մոտավորապես երեք ամիս բուժում ստանալուց հետո, անհասկանալի պատճառներով, պետական լիազոր մարմինը որոշեց Մ. Գրիգորյանին տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։

Անդրադառնալով Եվրոպական դատարանի վերջին որոշմանը՝ փաստաբանն ասաց, որ այդ որոշմամբ Եվրոպական դատարանը պարտավորեցրել է, որպեսզի Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց։

«Երկրում որոշակի գործերով տեղի են ունենում անօրինական գործառույթներ, և հարկատուներիս հաշվին կան տասնյակից ավելի պետական հիմնարկներ, որոնք ուղղակի պարտավորություն ունեն այդ անօրինականությունները ոչ միայն կանխելու, այլև իրավական գնահատական տալու»,- նշեց Լ. Բաղդասարյանը։

168.am-ի հարցին՝ նախորդ անգամ Մ. Գրիգորյանին քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխել էին իր կամքին հակառակ, սա իրավական որևէ հետևանք կարո՞ղ է ունենալ, և այս պահին ինչպե՞ս է գնահատվում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը, փաստաբանը պատասխանեց, որ իրավապահ մարմինները պետք է տան իրավական գնահատական, թե որն է եղել պատճառը, որ հիվանդ մարդուն հարկադրաբար տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց։

«Մանվել Գրիգորյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և օրը մոտավորապես 16-17 ժամ ստանում է ինսուլին և 24 ժամ արհեստական շնչառության տակ է։ Մենք ունենք դասական խոշտանգման և հաշվեհարդարի պատկեր Մանվել Գրիգորյանի նկատմամբ»,- ընդգծեց փաստաբանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս