«Գազի գնի համաձայնեցման համար ըմբռնում է հարկավոր բոլոր կողմերից»
«Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում փոխընդունելի լուծումներ կգտնվեն»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում գազի գնի շուրջ բանակցություններին։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը քննարկել է գազի գնի հարցը: Նրա խոսքով՝ կարևոր է, որ գազի գինը չարգելակի հանրապետության աճի տեմպերը:
«Դա, իրոք, շատ կարևոր հարց է մեր հարաբերությունների համար, որովհետև այդ հարցը մենք քննարկում ենք նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Կարծում եմ, որ հարկավոր է հասկանալ այդ հարցի բոլոր նրբերանգները, որովհետև ես Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասացի, որ մենք շատ լավ տնտեսական դինամիկա ունենք»,- նշել էր Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հույս էր հայտնել, որ մենք ընդհանուր լեզու կգտնենք, որովհետև՝ չէ՞ որ Ռուսաստանի հետ մենք առանձնահատուկ՝ ռազմավարական հարաբերություններ ունենք։
Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ բնական է, որ թեման քննարկվել է ղեկավարների մակարդակով հանդիպմանը, քանի որ գազի սականգների հարցը, ինչպես երևում է, ակտիվ քննարկումների փուլում է, և դեռ չի գտնվել համապատասխան լուծում։
Նրա կարծիքով՝ տնտեսական լուծումը ճիշտ կառավարումն է, որը պետք է տեղի ունենա, որպեսզի ոչ մի կողմ էականորեն չտուժի։ «Այս ամենում, ինչպես ավելի վաղ նշել եմ, կա նաև քաղաքական բաղադրիչ, քաղաքական լուծումը ևս փոխադարձ ընդունելի պետք է լինի, ուստի այս խնդիրները փոխընդունելի լուծում կստանան զուգահեռաբար։
Քաղաքական խնդիրներին չեմ կարող անդրադառնալ, բայց կարող եմ ենթադրել, որ նոր իշխանությունների հետ նախկինն ու ներկան հարմարեցնելու հարցեր կարող են առաջանալ, ի վերջո, պահանջները տարբեր են, տնտեսական վերջին միտումները՝ ևս։ Հետևաբար՝ բնական է, որ կողմերը նոր գին են փորձում բանակցել, ինչը մի փոքր երկարաձգվում է այս խնդիրների պատճառով։
Կարծում եմ՝ վերջնարդյունքում ինչ-որ համաձայնության կգան, որը կգոհացնի կողմերին, բայց դա կլինի այն ժամանակ, երբ փոխըմբռնում լինի կարևոր հարցերում, տնտեսական հարցերում՝ ևս»,- նման կարծիք հայտնեց Սիմոնովը։
Ինչ վերաբերում է ճիշտ կառավարմանը, ապա, նրա խոսքով, դա պետք է արվի «Գազպրոմի» և դուստր կազմակերպության աշխատանքի ճիշտ կառավարման միջոցով։ Թեև, նրա դիտարկումների համաձայն, դուստր ձեռնարկությունը կառավարվում է նաև Հայաստանից, բայց «Գազպրոմը» կարող է աջակցել, որպեսզի այս հարցը լուծվի ծախսերի կրճատման և այլ գործիքների գործադրման շնորհիվ։
Տնտեսագետի կարծիքով՝ ըմբռնում է հարկավոր բոլոր կողմերի կողմից, քանի որ, եթե հետևենք այս հարցում Բելառուսի քաղաքականությանը, ապա կտեսնենք, որ գազի գների պատճառով, որոնք առանց այն էլ բավականին ցածր են եղել Բելառուսի համար, երկկողմ հարաբերություններն անընդհատ փակուղի են մղվել։ Ուստի, նրա խոսքով, պետք է փորձել խուսափել նման զարգացումներից և փնտրել ելքեր։
«Հայաստանի համար ևս այդ գները միշտ էականորեն ցածր են եղել, սահմանին են բարձրացել սպառողի համար գինը, դա պետք է քննարկել և հասկանալ, թե ինչու է այդպես եղել, ինչպես։ Ռուսաստանը՝ որպես գործընկեր, հնարավորինս արտոնյալ գին է առաջարկել Հայաստանին, և վստահաբար ներկայումս ևս նման գին է առաջարկվում, թեև, գուցե այն ավելի բարձր է, այդ պատճառով է հայկական կողմը շարունակաբար բարձրացնում այդ հարցը և հետաձգում վերջնական որոշման կայացումը։ Հարցը բազում նրբություններ ունի, և բոլորը պետք է քննարկման առարկա դառնան»,- ասաց նա։