Նոր արտաքին քաղաքական հա՞յտ, թե՞ ապագային միտված համագործակցություն

Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը եռակողմ գործընկերություն են հաստատում։ Հունիսի 4-ին Նիկոսիայում Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջորջ Կատրուգալոսը հանդիպում ունեցան և որոշեցին նոր գործընկերության հիմք դնել։

Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության՝ նախարարները համաձայնել են, որ երեք երկրների` ընդհանուր արժեքների, մշակույթի և ժառանգության վրա հիմնված եռակողմ համագործակցությունն առաջնորդվում է միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրությամբ ամրագրված նպատակների և սկզբունքների նկատմամբ հարգանքի սկզբունքներով: Նախարարների դիտարկմամբ՝ այս եռակողմ համագործակցության միակ նպատակը խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումն է մասնակից երկրների միջև լայն քաղաքական երկխոսության և համագործակցության միջոցով։

«Նրանք համաձայնեցին կիսվել տեղեկատվությամբ, փոխանակել լավագույն փորձը և գիտելիքները և առաջիկա ամիսների ընթացքում վերոնշյալ ոլորտներում համագործակցության համար հստակ առաջարկներ ներկայացնել, որոնք պետք է քննարկվեն երկրորդ եռակողմ հանդիպմանը: Ավելին, նախարարները համաձայնեցին առավել ընդլայնել իրենց համագործակցությունը միջազգային հարթակներում և ընդգծեցին աշխարհի՝ որոշումների կայացման կենտրոններում սփյուռքի հիմնախնդիրների շուրջ գործողությունների համակարգման կարևորությունը։

Նախարարները մտքեր փոխանակեցին Կիպրոսի հիմնախնդրի և Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու խախտումների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերի և Պրեսպայի համաձայնագրի կիրարկման շուրջ: Նրանք նաև քննարկեցին միջազգային օրակարգի հարցեր և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ։

Ավելին, նրանք քննարկեցին ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունները։ Կիպրոսը և Հունաստանն իրենց աջակցությունը հայտնեցին այս հարաբերությունների ամրապնդմանը՝ Արևելյան գործընկերության, ինչպես նաև մի կողմից՝ ԵՄ-ի և Եվրոպական ատոմային էներգիայի համայնքի և նրա անդամների, և մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, որը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, և որի ժամանակավոր կիրարկումը մեկնարկել է 2018թ. հունիսի 1-ից։

Այս առնչությամբ նախարարները կարևորեցին բոլոր կողմերի կողմից Համաձայնագրի արագ վավերացումը, ինչը հնարավոր կդարձնի վերջինիս՝ ամբողջական ուժի մեջ մտնելը»,- ասված է տարածված հաղորդագրությունում։ Նիկոսիայում նախարարները պայմանավորվել են նաև ղեկավարների մակարդակով առաջին գագաթաժողովն անցկացնել Հայաստանում 2020թ. հունվարին:

Տարածված հաղորդագրությունից պարզ է դառնում, որ այս համագործակցությունը դեռ ամենանախնական փուլում է, և համագործակցության ոլորտներն առանձնացվելու են միայն առաջիկայում։

Սակայն այս համագործակցությունն ինքնին ուշագրավ է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ՀՀ-ում տեղի ունեցած ներքաղաքական դրամատիկ իրադարձություններից հետո արտաքին քաղաքական ոլորտում բազմակողմ նախաձեռնություններից ըստ էության առաջինն է, և առաջին հայացքից ուշադրություն է գրավում ոչ թե այն հանգամանքը, թե որ ոլորտներում և ինչպիսի համագործակցություն են ծավալելու այս երկրները միմյանց հետ, որքանով է այն շահավետ լինելու, այլ այն, որ Հայաստանը, Հունաստանը, Կիպրոսը բազում խնդիրներ ունեն Թուրքիայի հետ, որոնց կա անդրադարձ նաև նախարարների տարածած հաղորդագրության տեքստում։

Սակայն հարցն այն է, թե ինչպես է քաղաքական այս բևեռը ծառայելու այդ բազում խնդիրների լուծման հրամայականին մի իրավիճակում, երբ բոլոր ուղղություններում կա անբարենպաստ իրավիճակ հակամարտող կողմերի միջև։

«168 Ժամի» հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ այս համագործակցությունը ներկայումս առավելապես սիմվոլիկ նշանակություն է ունենալու, և կարևոր է լինելու դիտարկել այն հայտը, որը ներկայացնելու է այս գործընկերությունն աշխարհին, իր այլ գործընկերներին, կազմակերպություններին և երկրներին, որոնց հետ ունի հակամարտություններ։

Ըստ վերլուծաբանի՝ դժվար է մտածել, որ այս երկրներն ակնկալում են խոշորամասշտաբ տնտեսական, էներգետիկ պրոյեկտների իրականացում միմյանց հետ, թեև այս համագործակցությունը հնարավորություն կտա ավելի լրջորեն ուսումնասիրել տնտեսությունները, գտնել նոր հնարավորություններ և իրացնել դրանք։

Սակայն, նրա կարծիքով, սա այս պահին առաջին հերթին քաղաքական համագործակցություն է, որի նպատակն է՝ ազդել Թուրքիայի իշխանությունների վրա այն խնդիրներում, որոնք ունի այս երկրներից յուրաքանչյուրը։ Թուրքագետը նշեց, որ այս համագործակցությունը փոփոխվող աշխարհում կարող է ունենալ ապագային միտված նշանակություն, քանի որ ներկայումս դժվար է կանխատեսել, թե ինչ արդյունքներ կարող է տալ այս համագործակցությունը, որքանով այն արդյունավետ կլինի և ապագայում ինչպիսի համագործակցության կվերաճի, որքանով կարժանանա ԵՄ և ՆԱՏՕ համակրանքին, ինչպես կզարգանան Թուրքիա-Արևմուտք հարաբերությունները, Թուրքիան ինչպես կարձագանքի սրան։

«Այնուամենայնիվ, հետաքրքիր է, երբ երկրներն ունենալով ընդհանուր քաղաքական շահեր՝ մեկտեղում են իրենց ուժերը՝ նոր հնարավորություններ փնտրելով, նոր բևեռ դառնալու հայտ ներկայացնելով, որքան էլ որ դա ներկայումս հստակ չի ուրվագծվում, քանի որ Թուրքիայի իշխանությունները ներկայումս անհաղորդ են այս խնդիրները լուծելու կոչերին, որոնց պատճառով նաև նորանոր արտաքին քաղաքական խնդիրներ են ձեռք բերում»,- ասաց վերլուծաբանը։ Նրա համոզմամբ՝ այս համագործակցությունն ավելի արդյունավետ կարող էր լինել տարբեր ուղղություններով, եթե իր կազմում ունենար գերտերություն կամ ԵՄ կենտրոնական պետություն։

Գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտի գնահատմամբ՝ միանշանակ այս համագործակցության ներուժն ուղղված է լինելու Թուրքիային։

«Մյուս բոլոր ուղղություններով համագործակցությունը պետք է ի հայտ գա ժամանակի ընթացքում, քանի որ դեռ որևէ հստակություն չի հնչել, թե այս երկրներն ինչպիսին են տեսնում իրենց համագործակցությունը և որ ոլորտներում։ Կապող միակ օղակը պատմաքաղաքական խնդիրներն են Թուրքիայի հետ։

Անշուշտ, մենք կարող ենք շատ ենթադրություններ անել, որ Հունաստանն ու Կիպրոսը կարող են ամրապնդել ԵՄ-ում Հայաստանի լոբբին, բայց Հայաստանն էլ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ է, դա հաշվի առնելով՝ ունի անհրաժեշտ համագործակցություն ԵՄ-ի հետ և ավելի մեծ հայտեր չի ներկայացնում Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման հարցում, ուստի այս հնարավորությունը, չեմ կարող ասել, թե որքանով է հարկավոր Հայաստանին, կամ այդ խնդիրը որքանով կարող է լուծել Հունաստանը՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնք ունի ԵՄ-ն։ Բայց առավել խորը համագործակցությունն այս երկրների միջև չի խանգարի։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց կարող է օգտակար լինել»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս