«ՀՀ նախկին իշխանություններն Արցախի ղեկավարության հետ ի՞նչ էին քննարկում՝ եղանակի տեսությո՞ւն»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ արտառոց հայտարարություն արեց՝ ասելով, թե ԼՂ իշխանությունները նախկինում տեղյակ չեն եղել բանակցություններից, և Ղարաբաղյան բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերն ինքն է փոխանցել նրանց:

«Երբ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում ասել: Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին: Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել՝ ինչ է բանակցվել դրանից առաջ, տեղակ չեն եղել»,- ասել է Ն.Փաշինյանը:

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «168 Ժամի» հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն «ինքնագոլ» անվանեց: «Ես կարծում եմ՝ Հայաստանում և Արցախում, և ոչ միայն Հայաստանում և Արցախում, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում Փաշինյանի այս հայտարարությունը զավեշտ է առաջացրել:

Եթե Արցախի ղեկավարությունը տեղյակ չի եղել բանակցային գործընթացից, ապա ՄԽ համանախագահները, պարոն Անջեյ Կասպրչիկը, որը ԵԱՀԿ ղեկավարի անձնական ներկայացուցիչն է, տարին մի քանի անգամ գնում էին Ստեփանակերտ, Արցախի նախագահ Բակո Սահակյանի և արտգործնախարարի հետ հանդիպում, ի՞նչ էին քննարկում՝ եղանակի տեսությո՞ւն, թե՞ տուրիստ էին գնում: ՀՀ իշխանությունները, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը գնում էին Արցախ, փակ հանդիպում ղեկավարության հետ, զորավարժություններ էին իրականացվում, պաշտոնական տեղեկություն էր հրապարակվում, որ քննարկվել է Արցախի հարցը, դա ի՞նչ էր:

Հենց Փաշինյանն ու ԱԺ այլ պատգամավորներ այցելել են Արցախ, քննարկել Ղարաբաղյան կարգավորման գործընթաց: Ի՞նչ է նշանակում՝ Արցախի ղեկավարությունը տեղյակ չէր»,- ասաց Է.Շարմազանովը:

Ըստ նրա՝ Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն էլ իր հնչեցրած գնահատականներում հստակ ասում է այդ մասին, պարզապես կոռեկտություն է պահում և չի խտացնում գույները:

Դիտարկմանը, որ Ն.Փաշինյանը խոսել է ԼՂ իշխանություններին փաստաթղթեր փոխանցելու մասին, Է.Շարմազանովը պատասխանեց, թե փաստաթղթեր փոխանցելը մի բան է, բայց տեղյակ չլինելը՝ այլ. «Կարող է փաստաթղթեր չփոխանցեմ, բայց ամեն ինչ ասեմ: Փաշինյանը բառացի անում է զավեշտալի խայտառակ հայտարարություն: Պաշտոնապես հարյուրավոր մամլո հաղորդագրություններ են եղել, որտեղ քննարկվել է Ղարաբաղյան բանակցությունների ընթացքը: Ապրիլյան պատերազմից հետո ի՞նչ են քննարկել: Այդ մարդը չի հասկանում՝ ի՞նչ է նշանակում պետության ղեկավար լինելը: Քո կարծիքները կարդում են Մոսկվայում, Վաշինգտոնում, Բաքվում, Անկարայում: Բաքվում ու Անկարայում կասեն՝ ինչ լավ նվեր ենք ստացել՝ Փաշինյանի դեմքով»:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արման Բաբաջանյանը որևէ պատճառ չի տեսնում չհավատալու վարչապետի հայտարարությանը, որ նախկինում ՀՀ իշխանություններն Արցախի իշխանություններին չէին տեղեկացնում բանակցային գործընթացի մասին:

«Մի բան հստակ է, որ 1998-ից ի վեր, երբ Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, իր վրա վերցրեց և որոշում ընդունեց Հայաստանի և Արցախի անունից բանակցություններին մասնակցելու, այլևս պաշտոնական Երևանը հարկ չէր համարում Արցախին տեղյակ պահել, որպես առանձին սուբյեկտ դիտարկել: Եվ չի բացառվում, որ անհրաժեշտ մանրամասներին տեղյակ չպահելու այս սովորությունն արդեն դարձել է նաև ինստիտուցիոնալ, և Երևանն ուղղակի հարկ չի համարել Ստեփանակերտին տեղյակ պահել բանակցությունների մանրամասներին, գուցե ոչ այդ մասշտաբի և ծավալների, որ վարչապետն է ասել:

Բայց վստահ եմ, որ մեծ հաշվով Ստեփանակերտից էլ է գալիս այս վերաբերմունքը՝ այն իմաստով, որ նրանք այնքան մեծ վստահություն են ունեցել Երևանի վրա, որ նույնիսկ անհրաժեշտ չեն համարել ժամացույցի սլաքները ստուգել Երևանի հետ: Եվ այդ փոխվստահությունը հանգեցրել է այս իրավիճակին, որ Երևանի և Ստեփանակերտի միջև չի եղել այդ կոմունիկացիան, անհրաժեշտ մակարդակի շփումը»,- ասաց Ա.Բաբաջանյանը:

Հարցին, թե դա միայն փոխվստահությա՞ն խնդիր է, թե՞ այլ գործոններ ևս կան, պատգամավորը պատասխանեց, որ այդ ժամանակահատվածում, այդ 20 տարիներին հայկական երկու կողմերի միջև վստահության պակաս չի եղել և հարկ չեն համարել հատուկ փաստաթղթեր, օրինակ՝ Ն.Փաշինյանի մատնանշած փաստաթղթերը, ներկայացնել և այդ տարբերակով տեղեկություններ փոխանցել: Նրա կարծիքով՝ վստահության մակարդակը թույլ չի տվել, որ իրենք իրար հետ այդ կարգի կոմունիկացիայի անհրաժեշտություն ունենան:

Մեր դիտարկմանը, որ նախկինում հայտարարվում էր, որ Ստեփանակերտ այցելությունների ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տեղեկացնում են գործընթացի մասին, Ա.Բաբաջանյանը պատասխանեց, որ նախ՝ համանախագահները միշտ չէին այցելում.

«Բացառիկ դեպքերում էին նաև հատուկ Ստեփանակերտ այցելում, և չի բացառվում, որ բանակցությունների ամբողջ օրակարգը նրանք տեղյակ չէին պահում Ստեփանակերտին, այլ բանակցությունների այն հատվածը, որ կարող էր առնչվել ինչ-որ փուլում Ստեփանակերտի ներգրավմանը: Եվ պարտադիր չէ, որ այդ իմաստով մենք հույս ունենայինք, որ Մինսկի խմբի համանախագահները պետք է տեղյակ պահեին Ստեփանակերտին բանակցությունների այն հատվածի մասին, որը չէր առնչվում բանակցության այդ փուլում Ստեփանակերտին, այլ առնչվում էր բացառապես Երևանին և Բաքվին»:

ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ընդհանրապես կոռեկտ չհամարեց մեկնաբանել հարցը:

«Կոռեկտ չեմ համարում մեկնաբանել՝ Արցախի Հանրապետության նախագահը տեղեկացված եղե՞լ է նախկինում կամ ներկայում, թե՞ տեղեկացված չի եղել»,- ասաց նա:

Ի դեպ, երեկ ավելի ուշ այս առնչությամբ պարզաբանումներ է տվել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ ասելով.

«Երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց ՀՀ վարչապետի պաշտոնը, բանակցային գործընթացն այն առաջնային հարցերից էր, որոնց շուրջ քննարկումներ են եղել մեր միջև: Դրանք ես կարող եմ որակել՝ որպես ազնիվ և սկզբունքային, ինչի մասին բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ:

Վերջերս ՀՀ վարչապետը տրամադրել է մեզ որոշ փաստաթղթեր բանակցային գործընթացի մասին: Մենք էլ մեր հերթին՝ ՀՀ վարչապետին ենք փոխանցել բանակցային գործընթացին առնչվող մեզ մոտ առկա փաստաթղթերի փաթեթը: Առհասարակ, և՛ հիմա, և՛ նախկինում Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ և դրանցից հետո ՀՀ իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի և վերջին զարգացումների մասին:

Ընդհանրապես, ուզում եմ ընդգծել, որ շահարկումներ թույլ չտալու լավագույն և գուցե միակ հնարավորությունը բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումն է՝ Արցախի անմիջական մասնակցությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս