Formula 1-ը կարող է վերադառնալ Թուրքիա
Թուրքիան 2026-ից սկսած նորից կարող է ընդունել Formula 1-ի գրան պրիներից մեկը։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Նուրի Էրսոյը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վերջին անգամ Թուրքիան 2021-ին էր Ստամբուլում ընդունել արքայական մարզաձևի Գրան պրիներից մեկը։ Այդ Գրան պրիում հաղթել էր ֆինլանդացի ավտոարշավարորդ Վալտերի Բոտտասը, ով հանդես էր եկել «Mersedes» թիմից։
«Ստամբուլում Formula 1-ի վազքուղու կառավարման մրցույթն անցկացվել է ապրիլի սկզբին և հաջողությամբ ավարտվել։ Այժմ մենք անցել ենք 2-րդ փուլ։ Նախորդ վարձակալը պետք է ազատի տարածքը և հանձնի այն հաղթող մասնակցին: Սրանից հետո 2026 թվականից Ստամբուլում Գրան Պրիի անցկացման համաձայնագրի կնքման գործընթացը արագ կշարունակվի», նշել է նախարարը։
Նշվում է, որ վազքուղին ընդգրկող «Ստամբուլի զբոսայգու» օբյեկտի վարձակալության և հսկողության համար մրցույթն անցկացվել է ապրիլի 2-ին։ Այն շահել է «Can Bilim Egitim Kurumlar» կազմակերպությունը , որի գործընկերն է ավտոմեքենաների անվադողեր արտադրող «Pirelli»-ի ընկերության թուրքական մասնաճյուղի խորհրդի ղեկավար Լալե Ջանդերը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում առաջին անգամ Formula 1-ի Գրան պրի անցկացվել է 2005-ին: Այդ ժամանակ հաղթանակ էր տարել ֆինլանդացի հայտնի ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենը, ով հանդես էր գալիս «McLaren-Mercedes» թիմից։