Լուրջ խնդիր՝ բյուջեի համար. Խոշոր հարկատուների մեջ սկսել են եղանակ ստեղծել վերարտահանումներով ու առևտրով զբաղվողները
Պետական եկամուտների կոմիտեն օրերս հրապարակեց այս տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը։ Երբ նայում ես այս ցանկին, հասկանում ես, որ Հայաստանում տնտեսություն չեն թողել։
Տնտեսության դեմքը դարձել են ներկրողներն ու վերարտահանողները։
Ի՞նչ է լինելու բյուջեի հետ, երբ ժամանակավոր արտաքին գործոնները վերանան։
Իսկ որ վերանալու են, կասկած չկա։ Ու այդ ժամանակ բյուջեն, նաև պետությունը կանգնելու է լրջագույն մարտահրավերների առաջ, անգամ անվտանգային նվազագույն ու սոցիալական առաջնահերթ ծախսերը չեն կարողանալու անել։
Այսօր էլ, երբ հանում ենք վերարտահանումների արդյունքում բյուջեի ստացած գումարները, տակը քիչ բան է մնում։
Թեև արդեն վերարտահանումներն էլ չեն փրկում։
Այս տարվա բյուջեն կանգնած է եկամուտների ստացման ծանր խնդրի առաջ։
Առաջին եռամսյակի նախատեսված մուտքերը տասնյակ միլիարդներով թերակատարվել են։
Գրեթե դադարել է խոշորների վճարած հարկերի աճը։ Առաջին եռամսյակում ընդամենը 6,3 մլրդ դրամի ավել հարկ են վճարել։
Աճը կազմել է հազիվ 1,7 տոկոս։ Դա էլ գերազանցապես ներմուծում-վերարտահանումներով զբաղվողների վճարած հարկերի ավելացման հաշվին։
Մինչ իշխանությունները հպարտանում են տնտեսության բարձր ու համաշխարհային մակարդակի աճերով, լավ կլիներ մեկ անգամ գոնե աչքի տակով անցկացնեին խոշոր հարկատուների այս ցանկը, որը ցույց է տալիս մեր տնտեսության խղճուկ վիճակը։ Մինչդեռ՝ ժամանակին բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն էին խոստանում կառուցել։
Բարձր տեխնոլոգիաների վրա տնտեսություն կառուցելու փոխարեն՝ այնպես արեցին, որ եղածն էլ շնչահեղձ է լինում։ Տեղական արտադրությունները գնալով փակվում են ու փոխարինվում ներմուծմամբ։
Զարմանալի չէ, որ տեղական արտադրողների վճարած հարկերը նվազում են, իսկ խոշորների ցանկի առաջատարներ են դառնում վայլդբերրիզները, հեռախոսներ, լվացքի մեքենաներ, կենցաղային տեխնիկա ներկրող ու Ռուսաստան վերարտահանողները։ Դժվար չէ հասկանալ, որ սրանք ընկերություններ են, որոնք Հայաստանի տնտեսության մեջ հավելյալ արժեք ու արդյունք բացարձակ չեն ստեղծում։
Կար ժամանակ, երբ ցանկի բարձր հորիզոնականներում առնվազն մի քանի հանքարդյունաբերության ոլորտի խոշոր ընկերություններ կային։ Հիմա դրանք էլ չկան։ Մնացել է միայն Զանգեզուրի կոմբինատը։ Մյուսները հարկադրված դադարեցրել են գործունեությունը կամ նվազեցրել արտադրության ծավալները։
Սոթքը տվեցին թուրքերին, «Թեղուտը» կիսականգնած վիճակում է, տարիներ առաջ մշտապես խոշորների ցանկի առաջին հորիզոնականներում գտնվող Ագարակի կոմբինատը այս տարի վճարած հարկերով 47-երորդն է, Լիդիանը, որը վաղուց պիտի գործարկված լիներ ու օգուտներ ապահովեր երկրի համար, իշխանությունների քաղաքական դեմագոգիաների պատճառով շարունակում է մնալ անհասկանալի կարգավիճակում։
Նույնիսկ Հայաստանի տնտեսության համար համակարգաստեղծ ու անվտանգային նշանակություն ունեցող երբեմնի այս առանցքային ճյուղն են հասցրել կործանման։
Ու մինչ Ադրբեջանը նավթի վրա նստած հարստանում է ու ավելացնում իր ռազմական կարողությունները, մենք չորացնում ենք մեր հարստության այս խոշոր աղբյուրը։
Տնտեսության իրական հատվածում գործող բազմաթիվ ընկերությունների վճարները նվազել են, ավելացել են ներմուծողների վճարած հարկերը։
Ցանկի առաջատարը դարձել է Հայաստանի միջոցով Ռուսաստան տեխնիկա վերարտահանող «Մոբայլ Սենթ Արթ» ընկերությունը։ Ընկերությունն առաջին եռամսյակում վճարել է 19,9 մլրդ դրամի հարկ։ Հիմնական մասը՝ ավելի քան 17 միլիարդը, ներմուծման ԱԱՀ գծով։ Վերարտահանումների ոլորտում գործող «Մոբայլ Սենթ Արթը», նախորդ տարվա համեմատ՝ 14,5 մլրդ դրամով կամ 3,7 անգամով ավելի հարկ է վճարել։
Հիշեցնենք, որ բոլոր խոշորների վճարած հարկերը միասին ավելացել են ընդամենը 6,3 միլիարդով՝ 2,3 անգամով քիչ, քան միայն «Մոբայլ Սենթ Արթինը»։
Հիմա պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե այս ընկերությունը վերարտահանումների շնորհիվ բյուջե այդքան փող չվճարեր։ Միայն դա բավական կլիներ, որպեսզի խոշորների վճարած հարկերն ավելի քիչ լինեին, քան անցած տարի։
Կրճատվել են «Գազպրոմ Արմենիայի» հարկերը։ Լինելով երկրորդը, այս ընկերությունը պետական բյուջե է փոխանցել գրեթե 18,2 մլրդ դրամ՝ ավելի քան 2,7 միլիարդով պակաս, քան անցած տարի։ Ինչպես հայտնի է, «Գազպրոմ Արմենիայի» վճարած հարկերն ուղիղ կապ ունեն գազի սպառման ծավալների հետ։ Որքան շատ գազ է սպառվում, այնքան ավելանում են հարկերը, որոնք էլ ըստ էության վճարում են սպառողները, այդ թվում՝ բնակչությունը։
Խոշորների առաջին եռյակի միակ ընկերությունը, որը ներկայացնում է տնտեսության իրական հատվածը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որն առաջին եռամսյակում վճարել է 15,6 մլրդ դրամ, շուրջ 140 մլն դրամով ավելի, քան նախորդ տարի։
Արտաքուստ 1,5 մլրդ դրամով ավելի հարկ է վճարել ծխախոտի հայկական արտադրության առաջատար «Գրանդ Տոբակոն», բայց նույն խմբում ընդգրկված ծխախոտ արտադրող մեկ այլ ընկերության՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակի» վճարած հարկերը գրեթե 2,6 միլիարդով պակասել են. 1,1 միլիարդով ավելի շատ, քան ավելացել են «Գրանդ Տոբակոյի» վճարած հարկերը։
«Գրանդ Տոբակոն» վճարել է 13,2 միլիարդ՝ նախորդ տարվա 11,7 միլիարդի դիմաց, իսկ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը»՝ 4,7 միլիարդ՝ նախորդ տարվա 7,3 միլիարդի դիմաց։
Կրճատվել են նաև նույն խմբում ընդգրկված հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող տեղական արտադրողի՝ «Գրանդ Քենդիի» վճարած հարկերը։ Նվազել են նաև խմբի մեկ այլ ընկերության՝ «Գրանդ Մաստերի» վճարները։
Վերարտահանման ոլորտում գործող մեկ այլ ընկերություն՝ «Փրիթի ուեյը», որը տեղ է զբաղեցրել խոշորների ցանկի առաջին հնգյակում և զբաղված է տեխնիկայի առևտրով, առաջին եռամսյակում վճարել է 8,8 մլրդ դրամ։
Այս ընկերության պարագայում մեծ փոփոխություններ չեն եղել, բայց անցած տարի այդ փոփոխություններն արդեն տեղի էին ունեցել։ Վերարտահանումների հաշվին ընկերությունը գրեթե 4 անգամով ավելացրել էր հարկերը։
Դատելով առաջին եռամսյակի արդյունքներից՝ տպավորություն է, որ «Փրիթի ուեյի» կողմից վճարվող հարկերի աճի հնարավորությունները սպառվել են։
Խոշորների ցանկի առաջին տասնյակի անակնկալը թերևս օնլայն առևտրային գործունեություն իրականացնող «Վայլդբերրիզն» է, որը հայտնվելով Հայաստանում՝ կարճ ժամանակում հասցրել է առաջատար դիրքեր գրավել շուկայում։ Դրա շնորհիվ էլ 4,2 մլրդ դրամի հարկ է վճարել՝ գրեթե կրկնակի ավելի, քան նախորդ տարի։
Հրապարակված ցանկը վկայում է, որ վերարտահանումներով ու առևտրով զբաղվողներն են սկսել եղանակ ստեղծել խոշոր հարկատուների մեջ։ Մինչդեռ՝ տնտեսության իրական հատվածում գործողները գնալով կորցնում են դիրքերը։ Տնտեսության ու հարկերի կառուցվածքը փոխվում է՝ ի վնաս վերջինների, ինչը հետագայում լուրջ խնդիր է դառնալու պետական բյուջեի համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ