Երեկոյան ժամերգություն
Երեկոյան ժամերգությունը Գիշերայինի և Առավոտյանի հետ կազմում է ժամերգությունների երեք գլխավոր ժամապահերը: Երեկոյան ժամերգությունն ամենօրյա է, ամբողջ տարվա մեջ չի կատարվում միայն Ավագ Շաբաթ օրը: Սբ. Ներսես Շնորհալու հրահանգով սովորություն է եղել Երեկոյան ժամերգությունից առաջ Յայսմաւուրք կարդալ: Երեկոյան ժամերգությունը կատարվում է մայրամուտից առաջ «Ի դէմս Որդւոյն Աստուծոյ, որ էջ ի խաչէն եւ պատեալ պաստառակալաւ՝ եդաւ ի գերեզմանի»: Այս ժամն Աստվածորդու թաղման խորհուրդն ունի, որովհետև Հովսեփ Արիմաթիացին այդ ժամին իջեցրեց Հիսուսի մարմինը խաչի վրայից և դրեց գերեզմանի մեջ:
Ինչպես մյուս ժամերգությունները Երեկոյանը ևս սկսվում է «Հայր մեր»-ով: Այս ժամերգությունը երկու տեսակ հանդիսավորությամբ է կատարվում. առաջինը՝ մինչև «Համբարձի» շարականը, որ միշտ անփոփոխ է, և երկրորդը՝ «Համբարձի»-ից հետո, որ փոխվում է ըստ օրվա պատշաճի:
«Հայր մեր»-ին հաջորդում է Երեկոյան ժամերգության կորիզը՝ «Ես առ Աստուած կարդացի» (Սաղմոս 54:17) մաղթանքը, ապա՝ երկու փոխեր՝ «Խոնարհեցո» (Սաղմոս 85:1-16) և «Ապրեցո զիս, Տէր» (Սաղմոս 139:1-14, 140:1-10, 141:1-8): «Խոնարհեցո» սաղմոսով խնդրում ենք գթասիրտ, ողորմած, համբերատար և ճշմարիտ Աստծուց պահպանություն և զորություն, որպեսզի կարողանանք հաղթահարել սատանայական փորձությունները: Իսկ «Ապրեցո» սաղմոսով խնդրում ենք Աստծուն ազատելու մեզ չարից: Ըստ եկեղեցական ավանդության՝ «Խոնարհեցո» և «Ապրեցո» փոխերը նախաստեղծների աղոթքն է ուղղված ողորմած Աստծուն: «Խոնարհեցո» սաղմոսն ասված է Ադամի կողմից հետևյալ խորհրդով՝ ինչպես հիվանդը բժշկի ունկնդրությունն է խնդրում իր ցավը նրան հայտնելու, այսպես էլ նախահայրը, հոգևոր հիվանդությամբ շաղախված, աղերսում է Աստծուն, որ լսի իր ձայնը, առողջարար դեղ շնորհի, բժշկի իրեն հիվանդությունից ու չարի հարվածներից: Իսկ «Ապրեցո»-ն Եվայի կողմից է ասվում, որովհետև, երբ Տերը հարցնում էր նրան պտղի ճաշակման մասին, նա օձին պատճառ բերելով կամեցավ արդարանալ, բայց դատապարտվեց: Ուստի «Ապրեցո» սաղմոսով խնդրում է ազատել իրեն չարից և դատապարտությունից:
Այս սաղմոսները հնում երգվել են դաս առ դաս: Հետագայում սկսել են կարդացվել ատյանում երկու դպիրի կողմից:
«Խոնարհեցո» և «Ապրեցո» «Փոխերի» միջև «Փառք քեզ, Աստուած, փառք քեզ, յաղագս յամենայնի Տէր, փառք քեզ» փառաբանական մաղթանքն է, որ կապում է երկու «Փոխեր»-ը միմյանց: Այս մաղթանքը վերագրվում է Ոսկեբերանին: Վերոնշյալ «Փոխեր»-ը իրենց հաջորդող շարականները չունենալով, մնացին հաստատուն և ամբողջականորեն ընթերցվում են:
Շատ սաղմոսների պարագային մեկ երկու տուն սաղմոսի ընթերցելուց հետո երգվում է շարական: Սաղմոսներն որոշ պարագաների լռեցին և փոխարինվեցին շարականներով: Տարին մեկ անգամ Ծաղկազարդի երեկոյան «Դռնբացէք»-ի ժամերգության ժամանակ «Խոնարհեցո» և «Ապրեցո» փոխերն ընթերցվում են շարականների հետ միասին:
«Խոնարհեցո» և «Ապրեցո» սաղմոսներին հաջորդում է «Օրհնեալ Տէր» փառաբանական մաղթանքը, իսկ եթե կիրակնամուտ է, երգվում է «Լոյս զուարթ»-ը՝ ի հշատակ Քրիստոսի հարության: Մեծ պահքի կիրակնամուտ օրերին «Լոյս զուարթ»-ը թիվ է ասվում՝ իբրև մաղթանք: Այն կոչվում է նաև «Երգ կիրակնամտից կամ Օրհնություն ճրագաց», որովհետև երգը զուգադիպում էր եկեղեցում երեկոյան ճրագ վառելու պահին: Մեր նախնիները նաև սովորություն ունեին կիրակնամուտին Երեկոյան ժամերգությունից հետո իրենց տան ճրագը եկեղեցուց վառել և այն տուն տանել իբրև օրհնություն: Բացի սովորական շաբաթ օրերից, այս երգն երգվում է նաև Տյառնընդառաջի նախատոնակին, փետրվարի 13-ի երեկոյան, ինչպես նաև Աստվածհայտնության ճրագալույցին, եթե կիրակնամուտ է:
«Լոյս զուարթ» երգը հունական ծագում ունի և վերագրվում է Սեբաստիայի եպիսկոպոս Աթանագինեսին: Հունարենեից թարգմանել է Սբ. Հովհան Մանդակունին:
Երեկոյան ժամերգության առաջին քարոզն է «Հասեալքս ի ժամ երեկոյիս»-ը, որը ինչպես Առավոտյան «Երկրպագեմք» քարոզը, տարբերվելով սովորական քարոզներից իր ոճով, ավելի աղոթք է կամ մաղթանք: Քարոզով գոհություն է մատուցվում Աստծուն, որ խաղաղությամբ հասցրել է մեզ երեկոյան ժամին: Քարոզին հաջորդում է նույնանուն գոհաբանական համառոտ մի մաղթանք:
Քարոզաղոթքին հաջորդում են մեսեդիներ՝ ըստ տոնի: Մեսեդի հունարեն նշանակում է միջանկյալ սաղմոս, հոգևոր երգ, միջներգություն:
Մեսեդին հատուկ է Երեկոյան ժամերգությանը: Այն բաղկացած է երկու համար սաղմոսից՝ ըստ օրվա հիշատակության կամ խորհրդի: Բոլոր մեսեդիները ավարտվում են 140-րդ սաղմոսի երկրորդ տողով (Ուղիղ եղիցին աղօթք իմ), որ չորս մասի է բաժանվում և սղված կոչվում է «Ուղղեցի»: Մեսեդիները երեք տեսակ են՝ տերունի, սրբոց և պահոց:
Մեծ Պահքին մեսեդիներից անմիջապես հետ ընթերցվում են հատվածներ Հին Կտակարանից, ապա «Ուղիղ եղիցին»:
Մեսեդիներից հետո ասվում է քարոզ. կիրակնամուտին և տերունի տոներին՝ «Ասասցուք»-ը, իսկ սրբոց և պահոց օրերին՝ «Աղաչեսցուք»-ը:
Բացի այս քարոզներից, Երեկոյան ժամերգության ընթացքում որոշ օրերի (Սբ. Ծննդյան և Աստվածածնի տոներին) կարդացվում է «Մայր սուրբ» քարոզը:
Քահանան քարոզից հետո ատյանում ընթերցում է Երեկոյան ժամերգության ամենամեծ աղոթքը՝ «Լուր ձայնից մերոց»-ը: Խնդրում ենք Աստծուն ընդունի մեր աղաչանքները, որպես անուշահոտ խունկ, որպես պատարագ և նվեր երեկոյան ժամին: Ինչպես նաև խնդրում ենք Տիրոջն ավելացնի մեր հավատը, հույսը, սերը և առաքինի գործերը, որպեսզի արժանի լինենք փրկությանը: Աղոթքի երկրորդ մասով՝ «Քեզ երկիրպագանելով» գոհություն ենք հայտնում Աստծուն ցերեկը խաղաղությամբ անցկացնելու համար և խնդրում առաջիկա գիշերն առանց մեղքերի և գայթակղության անցկացնել՝ հաստատուն մնալով հավատքի մեջ: Ապա խնդրանք ենք առաքում առ Բարձրեալն Աստված աշխարհի խաղաղության, Սբ. եկեղեցու հաստատության և մեր հոգիների փրկության համար:
Աղոթքից անմիջապես հետո դպրաց դասն երգում է «Սուրբ Աստուած»-ը: Ավանդությունը «Սուրբ Աստուած» երգի հեղինակ է ճանաչում Հովսեփ Արիմաթիացուն:
Երեքսրբյան երգին հաջորդում են քահանայի «Փրկել զմեզ» մաղթանքը և սարկավագի «Վասն լսելի լինելոյ» քարոզը:
Սարկավագը «Համբարձի զաչս իմ ի լերինս» (Սաղմոս 120:1-8) սաղմոսի երկու տուն ընթերցելուց դպրաց դասին հրավիրում է երգելու «Համբարձի» շարականը: Առավոտից մինչև երեկո աշխատելով, մենք խնդրում ենք Աստծո օգնությունը, որ չտկարանանք և թուլանանք ու ննջելու ժամը հասած լինելով՝ խնդրում ենք պահպանել մեզ հոգու և մարմնի ամեն որոգայթից:
«Համբարձի» շարականները լինում են նաև հատուկ՝ այս կամ այն տոնի համար: Կան նաև Համբարձի շարականներ, որոնք երգվում են որոշակի հերթականությամբ: Դրանք են՝ Հարության, Մարտիրոսաց, Պահոց: Հարության «Համբարձի»-ները հարության «Տէր յերկնից»-ներ են, որոնք երգվում են տարվա ընթացքին 2 անգամ:
Մարտիրոսաց «Համբարձի»-ները նույնպես «Տէր յերկնից»-ներ են:
Պահոց «Համբարձի»-ները երգվում են ըստ օրվա ձայնի և յուրաքանչյուր ձայն ունի իր հատուկը:
Կիրակնամուտին Երեկոյան ժամերգությունը հատուկ Համբարձի ունի, որ կոչվում է «Սուրբ ես, Տէր»: Շարականը բաղկացած է 3 մասից. առաջին մասը նվիրված է մարտիրոսաց, 2-րդը՝ Սբ. Հովհաննես Մկրտչին և վերջում 2 տուն, մեկը՝ նվիրված է Սբ. Աստվածածնին և մեկն էլ Սբ. Խաչին:
Շաբաթ օրերին Համբարձի շարականին հաջորդում է «Վասն խաղաղութեան» քարոզը և «Հայր գթած» աղոթքը: Քարոզով հրահանգվում է աղոթել աշխարհի խաղաղության և եկեղեցու հաստատուն մնալու համար: Իսկ «Հայր գթած» աղոթքով քահանան պաղատանք է մատուցում առ Աստված, որպեսզի ողորմի ամբողջ աշխարհին և եկեղեցուն, հատկապես` հիվանդներին, վշտացածներին, ճանապարհորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին և հանգուցյալներին: Քարոզից և աղոթքից հետո ժամարարը Ավետարանը ձեռքին դուրս է գալիս խորանից: «Աստ օրհնեցէք» (Սաղմոս 133, 137, 53) փոխն է ասվում, որին հետևում է «Կեցո»-ն՝ ըստ տերունի օրերի: Ժամարարն ասում է «Թագաւոր խաղաղութեան» աղոթքը, ապա՝ «Հայր մեր»-ը, որից հետո արձակում է՝«Օրհնեալ եղերուք»:
Կիրակնամուտի այս կարգը կրում է որոշ փոփոխություններ Աստվածածնի, Խաչի, Եկեղեցու և լի օրերին: Տարբեր է արձակման կարգը նաև հասարակ օրերին: Այդ օրերին «Համբարձի»-ից հետո ասվում է «Որ բնակեալ» սաղմոսը, «Զբարձրեալն զՔրիստոս» մաղթանքը և «Յոյս կենաց» աղոթքը, որով քահանան «Կյանքի հույսին», այսինքն՝ մեղքերին քավություն տվող և խնդրվածքները կատարող Աստծուն խնդրում է ընդունել երեկոյան մատուցված աղոթքը Սբ. Աստվածածնի և բոլոր սրբերի բարեխոսությամբ: Ապա ասվում է «Յիշեա Տէր» քարոզը, «Բարերար» աղոթքը, որից հետո «Հայր մեր»-ով փակվում է Երեկոյան ժամերգությունը:
Յուրաքանչյուր մեծ տոն ունի իր նախատոնակը, որը որևէ տոնի սկզբնավորությունն է նշանակում և կատարվում է նախորդ երեկոյան: Եկեղեցու հայրերը հարմար են գտել տոնի սկզբնավորությունը սկսել հանդիսավորությամբ: Եվ քանի որ Երեկոյան ժամերգությունը տոնի նախընթաց օրվա վերջին արարողությունն է, ուստի կատարվում է Տոնական Երեկոյան ժամերգություն: Այն ճոխացված է Նախամուտով և Նախատոնակով: Նախամուտը անդաստանն է: Նախատոնակը շարականների երգեցողությամբ որևէ տոնի պատրաստությունն է: Տերունական տոներն ունեն նախատոնակ, բացառությամբ՝ Խաչի, Եկեղեցու և Վարդավառի: Նախատոնակը, ըստ կատարվող հանդիսության, երկու տեսակ է՝ Տերունի և Սրբոց:
Երեկոյան ժամերգության ավարտից հետո ժամագրքում զետեղված է «Խրատք վասն երկրպագութեան եկեղեցւոյ» խորագրով մի կարգ: Այս կարգը կատարվում է, երբ որևէ բարձրաստիճան եկեղեցական (Առաջնորդ, Պատրիարք, Կաթողիկոս և կամ հյուր եպիսկոպոս) այցելում է որևէ եկեղեցի և հանդիսավոր մուտք գործում: Եկեղեցու մուտքին հոգևորականները Խաչով և Ավետարանով դիմավորում են պատվավոր հյուրին և «Հրաշափառ» շարականով ուղեկցում են եկեղեցու ատյանը, ուր կատարում են այս կարգը:
Օգտագործված գրականության ցանկ՝
1. «Ժամագիրք Հայաստանեայց Սուրբ եկեղեցւոյ», Անթիլիաս, 1986թ.
2. Հայ եկեղեցու ժամերգությունները, Աշխատասիրությամբ Հրայր սրկ. Խաչատրյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1999թ.
3. Անդրանիկ ծ.վրդ. Կռանեան, «Հայ ծիսական պաշտամունքը», Պեյրութ, 2001թ.
4. Խ. Հ. Պալյան, «Ժամակարգությունք Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու», Երևան, 2005թ.
5. Մեկնություն ժամակարգության, Աշխատասիրությամբ Արամ Դիլանյանի, Սբ. Էջմիածին, 1997թ.
6. Կարգ աստուածպաշտութեան Հայաստանյայց Ս. Եկեղեցւոյ (դասագիրք թեմական և ծխական հոգևոր դպրոցների համար), Կազմեց Գիւտ աւագ քահանայ Աղանեանցը, Թիֆլիս, 1902թ.
7. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002թ.:
Կազմեց Կարինե Սուգիկյանը