Արտակ Բեգլարյանն Արցախի ԱԺ-ում ներկայացրել է ՄԻՊ 2018-ի գործունեության մասին տարեկան հաղորդումը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստում Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մայիսի 30-ին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի 2018թ. գործունեության, ինչպես նաև մարդուիրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
Ինչպես տեղեկացրին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանը նշել է, որ հաշվետու տարում ՄԻՊ հաստատությունը 159 անձանցից ստացել է 138 դիմում՝ սոցիալական ապահովության, սեփականության, արդար դատաքննության, ազատ տեղաշարժի, աշխատանքային, պատշաճ վարչարարության և մի շարք այլ իրավունքների վերաբերյալ:
Արտակ Բեգլարյանը ոլորտ առ ոլորտ անդրադարձել է վերհանված խնդիրներին՝ հակիրճ ներկայացնելով դրանց լուծման ուղղությամբ կատարված և կատարվելիք աշխատանքները: Իր ելույթում Պաշտպանն առաջարկել է Ազգային ժողովին քննարկել «Երեխայի իրավունքների մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» միջազգային կոնվենցիաներին միանալու հնարավորությունը՝ ընդգծելով դրա դրական ազդեցությունը թե՛ ներպետական օրենսդրության բարեփոխման և թե՛ Արցախի միջազգային հեղինակության բարձրացման վրա:
Հաղորդման ներկայացումն ավարտելուց հետո Արտակ Բեգլարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: